понедельник, 29 апреля 2019 г.

Ռիպոնչե. Գիտելիքն ընդամենը գործիք է

Գիտելիքն ընդամենը գործիք է
Մեր օրերում խելագրվելը հեշտ է, դժվարը երջանիկ լինելն է: Դրա համար կարևոր է սիրտը զարգացնել: Զարգացնել ոչ թե, որ լինես խելացի, այլ որ փորձես դառնալ լավը: Մարդկությունը ավանդաբար ձգտում է գիտելիք ստանալ: Այդ ձգտումը ոչ թե ավելի շատ գիտելիք կուտակելն է, այլ իմանալ այն, ինչ դեռևս չգիտենք:
Այսպիսով, տգիտությունը վախի հիմնական աղբյուրն է: Տգիտությունը կապված է անհայտի հանդեպ ունեցած վախի հետ, և հենց այդ վախն է ամենից շատ անհանգստացնում:
Դեպի իմացություն գործընթացը մեզ տանում է անկանխատեսելիին: Եթե գիտելիքը դիտարկենք որպես տեղեկություն, ապա այսօր մենք լցված ենք ամեն ինչի մասին տեղեկություններով, մեզ տրված է ցանկացած տեղեկատվության հասանելիություն: Դա է պատճառը, որ այս աշխարհում շատերը կարող են համարվել խելացիներ: Մենք հրապուրվում ենք մտքերով, մենք խելացի մարդիկ ենք, մենք հմայվում ենք մտավոր գործունեությամբ:
Իսկ ինչպե՞ս գիտելիքից անցում կատարել իմաստություն:

Գիտելիքը միայն գործիք է: Իսկ ինչի՞ն է ծառայում այդ գործիքը: Որպեսզի հասնեն իմաստնության: Եվ այդ ինտելեկտուալ ճամփորդությունը, որը մենք անվանում ենք գիտելիք, սկսում և ավարտվում է մեր մտքում: Իմաստությունը սկսվում և ավարտվում է մեր սրտում: Այսօր մեզ շրջապատում են մեծ գլուխներով և դատարկ սրտերով շատ մարդիկ: Երբ ուզում ենք աշխատանքի ընդունվել, գործատուն պահանջում է ներկայացել դիպլոմ, աշխատանքային փորձի մասին վկայող փաստաթուղթ: Ոչ մեկ ձեզ չի խնդրի ներկայացնել տեղեկություն սրտի մասին:
Ի վերջո, դեպի ու՞ր է մեզ տանելու արտաքին ուղղվածություն ունեցող այս զարգացումը:
Ո՞ր պահից սկսած  կանգ առնել:
Որտե՞ղ է սահմանը:
Որոշում է սիրտը…
Գիտությունը, արտադրությունը, տեխնոլոգիաները մեծ տեղ են զբաղեցնում մեր արտաքին կյանքում և անմիջականորեն կապ ունեն մտքի զարգացման հետ: Մեր ներքին կյանքը զգայական սիրտն է: 21-րդ դարում խելացի մարդիկ շատ կան, բայց քիչ են իմաստուն մարդիկ: Մենք հիմա ապրում ենք քաղաքներում, ուր թեև բնակվում են միլիոնավոր մարդիկ, մեկ է, մենք մենակ ենք զգում: Հաղորդակցվելու նպատակով մենք մեծ քանակությամբ տեխնիկական սարքավորումներ ենք օգտագործում: Այսօր բոլորն էլ ունեն համակարգիչ, նոթբուք, հեռախոս, բջջային հեռախոս, երբեմն՝ երկուսը: Բոլոր այս սարքերը ստեղծվել են, որպեսզի մարդկանց մոտեցնեն իրար, հեշտացնեն միմյանց հետ շփումը: Բայց… արդյունքում բացահայտում ենք, որ հեռանում ենք իրարից, օտարվում միմյանցից:
Ինչպե՞ս անել, որ դրանք (այդ գործիքները) օգնեն մեզ զարգացնել ներքին կյանքը: Այսօրվա մեր գերխնդիրը սրտի և մտքի՝ աֆֆեկտի և ինտելեկտի միջև ճանապարհ հարթելն է: Մեր բոլոր խնդիրները՝  լինեն դրանք սոցիալական, թե մշակութային, քաղաքական, թե տնտեսական, առավել կամ պակաս կերպով անմիջականորեն կապ ունեն մեծ խելքի  ու այն դեպի սիրտ ուղղորդելու անընդունակության հետ, ասել է թե՝ իմաստության պակասի հետ:
Այսինքն՝  մտքի ու սրտի միջև կա, անցնում է որոշակի ճանապարհ: Միայն այն ժամանակ է մտքի գործիքը՝ գիտելիքը, հասնում սիրտ, երբ ինչ-որ լավ բան է արվում: Հակառակ դեպքում ունենում ենք հետևյալ պատկերը՝  չափից շատ գիտելիք, չափից շատ գաղափարներ: Սա կարող է կործանարար լինել: Գործիքները պետք է օգտագործվեն սրտի՝  լավի, բարու զարգացման համար: Դա սրի է նման, այն կարելի է օգտագործել տարբեր նպատակներով:  Դրանով կարելի է բանջարեղեն կտրատել ու ուտելիք պատրաստել, այսինքն՝ օգտագործել կյանքը պահպանելու համար: Կարելի է սուրը օգտագործել ոչ թե կյանքը պահպանելու, այլ կյանքից զրկելու համար: Սա սրի ոչ ճիշտ օգտագործում է:
Իսկ, թե ինչպե՞ս օգտագործել սուրը՝  որոշում է սիրտը:
Այսպիսով՝ գիտելիքը պետք է իմաստությունը զարգացնելու համար, իսկ իմաստությունը կապված է հուզական սրտի զարգացման հետ:
Իսկ ի՞նչ է նշանակում հուզական սիրտ և ինչպե՞ս է այն զարգանում:
Սովորաբար մեզ վրա մեծ ճնշում կա. ինձ սա է հարկավոր, ես սա եմ ուզում, ես պարտավոր եմ սա: Էլ ավելին ստանալը մտավորի ցանկություն է: Եթե քո բանականությանը հարցնես, թե քեզ ինչ է հարկավոր, այն քեզ կներկայացնի անվերջանալի մի ցուցակ: Եթե նույն հարցը տաս սրտին, ցուցակը կլինի շատ ավելի կարճ: Մեր սիրտը  մեր կյանքի զգայական մասն է: Զգացմունքի լեզուն մատչելի է բոլորին, զգացմունքի մասին խոսելիս կարիք չկա շատ բաներ սովորել և, եթե խոսում ենք զգացմունքներից, մենք հասկանում ենք մեկմեկու, որովհետև ընդհանուր բան ունենք:
Շատ կարևոր է հասկանալ՝ ինչու եմ ես անում այն, ինչ անում եմ:
Սիրո մասին
Սերն ամենից առաջ հարաբերություն է ինքդ քո նկատմամբ: Սիրո ամբողջ իմաստը բաց լինելու կարողությունն է: Ամենից առաջ գիտակցելն է, որ դուք բավականաչափ լավն եք, դուք արժանի եք սիրո: Դուք պետք է կարողանաք ձեզ ընդունել այնպիսին, ինչպիսին էլ որ լինեք: Սա սիրո ճանապարհ է բացում՝ սեր առ մարդիկ: Եթե դուք լիովին դժբախտ եք, ապա ոչ մի կերպ չեք կարողանա սիրել մարդկանց, ձեզ ոչ ոք չի սիրի, դուք ոչ մի տեղ էլ պետք չեք գա: Որովհետև այդ կերպ դուք չեք կարողանա բացվել: Այդ վիճակում դուք ընդամենը տեղ եք փնտրելու թաքնվելու համար: Երբեք չի կարող լինել այնպիսի իրադրություն, որ դուք այնքան վատը լինեք, որ ձեր կողմից արժանի չլինեք լավ վերաբերմունքի ու սիրո:
Թարգմանության ծաղկաքաղը՝  Նունե Մովսիսյանի

Комментариев нет:

Отправить комментарий