суббота, 28 марта 2020 г.

Հակավիրուսային օրագրապատում

Կորոնավիրուսյան այս օրերին սովորողները պատմում են իրենց առօրյայի մասին: Հետաքրիր է, որ հենց այստեղ են երևում սովորողների հետաքրքրությունները, մտքերը, պարզ է դառնում յուրաքանչյուրի գրելաոճը՝ մեկն իրեն բնորոշ նուրբ հումորով, մյուսը՝ հստակ կազմակերպված առօրյայով ու խոսքով, երրորդը՝ իր քնկոտությամբ ու առօրյան ոչնչով լցնել չկարողացող ձանձրույթով, մի քիչ աղքատիկ պատումով: Ինչևէ, բոլոր պատումներն էլ գրված են անկեղծ, հումորով, հավեսով.


Իմ կարանտինյան շաբաթն անցկացնում եմ շատ հետաքրքիր, բայց նաև ձանձրալի, քանի որ տնից դուրս չեմ գալիս: Որպես ինքնակրթություն, օնլայն սովորում եմ կորեերեն: Երբ դասերս անում եմ,  հետաքրքիր կերպով զարդարում եմ օրագիրս և գրում տարբեր թեմաների մասին: Շատ եմ սիրում երգել և պարել, երբ ազատ եմ լինում պարում եմ և երգում: Նաև շատ եմ սիրում դիտել դոռամաներ. դոռամաներն ասիական սերիալներն են: Ինչպես բոլորը , ես էլ լինում եմ համացանցում և մի փոքր ժամանակ անցկացնում այնտեղ: 

Հայաստանում մարտի 13-ից կարանտին է հայտարարված, և բոլոր ուսումնական հաստատությունները չեն գործում: Այդ  պատճառով մենք բոլորս տանն ենք: Ես սա գրում եմ մարտի 18-ին, հինգ օր է ինչ տանն եմ, ճիշտ է ձանձրանում եմ, բայց կորոնավիրուսի դեմ դեռ անզոր ենք, ասում եմ դեռ, քանի որ հետագայում կարող են պատվաստայութ սարքել և ավելի հեշտ բուժել մարդկանց: Ես սկզբի երկու օրը իջնում էի բակ, բայց հեռու չէի գնում, որպեսզի չվարակվեի, բայց հետո, երբ իմացա, որ վարակվածների թիվն անընդհատ աճում է և արդեն 50-ն անցել է, որոշեցի տանից դուրս չգալ, չնայած ծնողներս էլ թույլ չէին տալիս: Քանի որ ես այքնան էլ չեմ սիրում սովորել, տանն ինքնակրթությամբ չեմ զբաղվում, այսինքն գրքեր չեմ կարդում, հավելյալ դասեր չեմ անում և այլն… Ես միայն կատարում եմ իմ տնային առաջադրանքներն ըստ օրերի, և օրվա մեծ մասը անցկացնում եմ հեռախոսի կամ հեռուստացույցի առջև:

Ինձ մոտ ամեն օր նույն գրաֆիկն է՝ արթնանալ, լոգանք ընդունել, նախաճաշել, կատարել առցանց ուսուցումը և ընթերցել իմ նոր գնած գիրքը, որը կոչվում է «Վանականը որը վաճառեց իր «ՖԵՐՐԱՐԻՆ»։ Շատ քիչ եմ ունենում ազատ ժամանակ։ Ազատ ժամանակ կատարում եմ հաջորդ օրվա առաջադրանքները, ընտանիքիս հետ դիտում եմ ֆիլմեր, եղբորս և քրոջս հետ ընկնում եմ մանկության գիրկը` խաղեր եմ խաղում։ Ինձ համար միևնույն է դասերը կկատարենք առցանց, թե դասարանում, քանի որ անհրաժեշտության ժամանակ տեսակապով կապվում ենք ուսուցչի հետ։ Ինձ համար որոշ չափով լավ է, որ դասերը կատարենք օնլայն, քանի որ այսպես ավելի շատ ժամանակ ենք ունենում անելու, և, ինչպես նշեցի, տեսակապով զրուցում ենք տվյալ ուսուցչի հետ , նա մեզ բացատրում է այդ օրվա առաջադրանքը։ Ի դեպ, տեսակապը իրականացնում ենք Microsoft teams-ծրագրով։

Ինչպես գիտեք, երկրով մեկ տարածված է կորոնավիրուսը, և մեր դպրոցը պետք է աշխատի առցանց ուսուցմամբ։ Պատմեմ, թե ինչպես եմ անցկացնում իմ օրերը։ Առավոտյան արթնանում եմ, հագնվում եմ և վերցնում համակարգիչս, մի քիչ խաղեր եմ խաղում, որից հետո անցնում եմ իմ հեռավար դասերին։ Ազատ ժամանակ զբաղվում եմ գիրք կարդալով և փորձում եմ բանաստեղծություններ գրել։ Հանգստանալու ժամանակ նայում եմ տարբեր տեսաֆիլմեր, օրինակ ՝  <<Էլեկտրոնիկի արկածները>> ։ Այսօր ես պետք է դիտեմ մեր կրթահամալիրի շախմատի մարզիչ Առնորդ Միքաելյանի ուղարկած տեսաֆիլմը։ Համացանցի օգնությամբ կարողանում եմ պարապել նաև իմ կիթառի դասերը։ Նախօրոք որոշում եմ, թե ինչով պետք է զբաղվեմ այդ օրը և աշխատում եմ այնպես անել, որ ամեն օր մի նոր բան սովորեմ։

Սկսել եմ առավոտներն ուշ արթնանալ, որի համար մայրիկս բարկանում է։ Մի կերպ արթնանում եմ, նախաճաշում, ստուգում էլեկտրոնային հասցես, մտնում ուսուցիչների բլոգները և  կատարում առցանց առաջադրանքները։ Հետո փոքր եղբորս հետ գնում եմ բակ՝ ֆուտբոլ խաղալու կամ հովերբորդ քշելու։ Տուն մտնելիս անպայման փոխում եմ հագուստներս և լվացվում։ Օրվա մեջ բազմիցս լվացվում եմ, ուտում կտրտած կիտրոն կամ թեյ խմում,ժամանակ առ ժամանակ մտնում եմ սոցցանցեր և կարդում վերջին նորությունները կորոնավիրուսի մասին։ Երբեմն առցանց խոսում եմ ընկերներիս հետ։ Օգնում եմ Էդգարին սովորել տառերը, նկարում ենք ու հեռուստացույց դիտում։ Վատն այն է, որ  օրվա տեմպը կորել է։ Մենք միշտ շտապում էինք, որ հասցնեինք պարապմունքների գնալ, դաս անել, բայց հիմա ժամանակը կախվել է օդում, և մենք ծուլորեն լողում ենք մեր առօրյայում։ Երևի պետք է ծանրաբեռնվածությունը շատացնել, ժամանակ դնել ինքներս մեր առաջ և դուրս գալ այս անսահմանության մթնոլորտի զգացողությունից։

Ես շատ լավ եմ անցկացնում իմ ժամանակը։ Կարդում եմ գրքեր, նկարում եմ, նվագում… Այս շաբաթվա համար ես ընտրել եմ Ռիչարդ Բախի գրած «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» գիրքը։ Այն շատ հետաքրքիր է, պատմում է մի արտասովոր ճայի մասին, որը չի ուզում թռչել սովորական ձևով։ Նա տարբեր տեխնիկաներ է հորինում իր թռիչքը բարելավելու համար։ Այս շաբաթ նաև պլանավորում եմ դիտել շատ ֆիլմեր։ Իմ սիրելի ժանրերն են ՝«ֆենթեզի»,«դետեկտիվ» և «արկածային»։ Նաև շատ կուզենայի մի սերիալ դիտել, բայց դեռ չեմ կողմնորոշվել որն ընտրեմ։ Քանի որ մենք աշխատում ենք հեռավար ուսուցումով, ես չեմ մոռանում նաև դասերն անել։ Ճիշտն ասած, կարանտինը ինձ վրա այդքան էլ շատ չի ազդել, ինձ անգամ դուր է գալիս այսպես աշխատել։

Ես կարանտինյան օրերին մեռնում եմ հիմարություն անելով:Միշտ արթնանում եմ ժամը 14-ին ու սկսում եմ քայլել ու մտածել, թե ինչի մասին մտածել: Իսկ հետո՝ երկար տանջանքից  հետո, ես իմացա՝ ինչի մասին մտածեմ: Բայց, իհարկե, մի բան պետք է ինձ խանգարի  ընկեր Լիլիթի հետ առցանց դաշնամուր պարապել))): Դաշնամուրից հետո ես մտնում  եմ ժամերով հեռախոսիս մեջ:Իսկ դրանից հետ սկսում եմ հաց ուտել և մեկտեղ անիծել կորոնավիրուսին: Եվ իմ օրվա ամենաշատ զբաղեցնող գործը  գործելն է: Մարտի երուսից միչև վեցը, երբ տանն էինք, տատիկս ինձ սովորեցրեց գործել շյուղերով և հելունով:Ու ես այս օրերին արդեն սկսեցի գործել:Դրանից հետո էլի մտնում եմ  հեռախոսի մեջ և սկսում խոսել իմ ընկերուհիների հետ: Օրվա վերերջն էլ ամոփում եմ կինոյով:

Կորոնավիրուսը խմբագրել է բոլորիս առօրյան: Սկզբում մենք ուրախացանք, որ դպրոց չենք գնալու, հետո շատ շուտ հասկացանք, որ տանը մնալն էլ մի բան չէ ՝ հատկապես երբ տնից դուրս գալ էլ գրեթե չի թույլատրվում: Բայց մենք ելքը գտել ենք. դաս ենք սովորում, շփվում ծնողների հետ, միասին ֆիլմեր դիտում, հաց ենք թխում, խաղեր խաղում: Մի խոսքով, դեռ հետաքրքիր է…

Արթնանում եմ, լվացվում, նախաճաշում ու ստուգում էլեկտրոնային հասցես: Կատարում եմ  առցանց առաջադրանքները: Խանութ եմ գնում հաց գնելու, իսկ տուն մտնելիս  լվացվում եմ ու ախտահանում ձեռքերս: Կարդում եմ սոցցանցերի  նորությունները   կորոնավիրուսի մասին: Դիտում եմ հետաքրքիր ֆիլմեր և մուլտֆիլմեր:

«Առողջ մարմնում առողջ հոգի» .սա մեր ընտանեկան կարգախոսն է անկախ իրավիճակից, հետևաբար կարանտինը ոչ մի կերպ չպետք է ազդի առողջ ապրելակերպի վրա: Ես ամեն օր մարզվում եմ և ֆուտբոլ խաղում: Մինչ թանգարանների փակվելը, ես հասցրեցի այցելել Էդուարդ Տեր-Ավետիսյանի միկրոարվեստի թանկարան, որտեղ ծանոթացա նրա յուրահատուկ միկրոարվեստին: Մշակույթին կարելի ծանոթանալ ոչ միայն թանգարաններով շրջելով, այլև բնության գրկում, ուր նրանք միշտ բաց են։ Այսօր, օրինակ, մենք այցելեցինք Վասակ Պահլավունու կառուցած Բջնիի բերդը, բայց այ Բջնիի եկեղեցին փակ էր, սակայն դա էլ մեզ չխանգարեց վայելելու Կոտայքի մարզի մաքուր օդը և Հրազդան գետի ափին հաճելի օր անցկացնելը։ Պարապ ես գրեթե չեմ մնում, ամեն օր նկարում եմ, քանի որ այս տարի ավարտում եմ արվեստի դպրոցը և պետք է պատրաստվեմ իմ ցուցահանդեսին։ Դիտում եմ հետաքրքիր ֆիլմեր, ընկերներիս հետ օնլայն խաղեր եմ խաղում։ 

Իմ օրերը շատ անհետաքրքիր են ացնում։ Ես ամբողջ օրը տանն եմ և արդեն մեկ շաբաթ է տնից դուրս չեմ եկել ։ Ես տանը ֆիլմեր եմ դիտում և դասեր եմ անում։ Ես շատ տխուր եմ , որովհետև շատ եմ կարոտել դպրոցս և ընկերներս, նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, որ դեռ մեկ ամիս տանն եմ լինելու։

Օր առաջին
Այսօր արթնացա մոտ  10:25-ի սահմաններում: Մոտ հինգ րոպե նստեցի մահճակալիս: Մտածելը ոչ մեկին չի վնասում: Հետո առօրյա գործերս անելուց հետո, ինձ նախաճաշ պատրաստեցի: Դե քրոջս և մայրիկիս համար նույնպես: Նախաճաշելուց հետո, սոց. ցանցերս ստուգեցի: Ստուգեցի այսօրվա լուրերը՝ իրավիճակի մասին: Անցնենք դասերին: Առցանց, կարանտինի մեջ գտնվելով՝ ինձ զգում եմ հեռավար սովորող, որը միակն է, որ դպրոց չի հաճախում: Մի օրվա աշխատանքս համարյա ավարտեցի, իհարկե, քիչ է, բայց կարծում եմ այսօրվա համար բավական է: Քանի որ դուրս չենք գալիս տանից, այդ պատճառով մեզ պետք է մաշկի խնամք, թեկուզ և տանը: Իմ մաշկին փափկեցնող քսուկներ քսելուց հետո, ես  ընտրում մի ֆիլմ, և օրվա լարվածությունը հանգստացնում ֆիլմի դիտումով: Երբեմն էլ ֆիլմի փոխարեն գիրք եմ կարդում, կամ մուլտֆիլմ եմ դիտում: Այնուհետև, վերջում նորից ստուգում եմ սոց. ցանցերս, ստուգում ամփոփիչ օրվա լուրերը և պառկում եմ քնելու: Պարզվեց, որ մարտի տասնվեցից մինչև ապրիլի տասնվեցը հայտարարել են ԱՐՏԱԿԱՐԳ դրություն. ևս մեկ ամիս տանը:
Օր երկրորդ
Այսօր արթնացա մոտ 10:00-ի սահմաններում: Առօրյա գործերս արեցի: Քույրս և մայրիկս ինչ-որ տեղ էին գնում, նրանց ճանապարհեցի: Նախաճաշեցի: Ստուգեցի սոց. ցանցերս: Պարզեցի այսօրվա լուրերը: Իմացա տվյալ պահին տիրող իրավիճակը: Որոշեցի անցնեմ դասերիս: Այսօր նույնպես շատ մեծ չափով դաս չուղարկեցի, բայց իմ աշխատանքից գոհ եմ: Տպավորվեց ռուսերենի երկրորդ առաջադրանքը: Այն վերաբերվում էր Սալվադոր Դալիին և Պաբլո Պիկասոին: Նրանց երկուսի մասին լսել էի և նրանց հայտնի նկարներն էլ՝ Սալվադոր Դալիի «Հիշողության հարատևությունը»,  Պաբլո Պիկասոյի «Լացող կինը», գիտեի: Նրանց մյուս նկարներն էլ տեսա, կարդացի նրանց ստեղծման մասին, գրեցի, և ուղարկեցի: Այդ ընթացքում մայրս ու քույրս եկան: Լվացվեցին, սպիրտով ախտահանեցին ձեռքերը, փոխվեցին: Միասին ճաշեցինք: Մի փոքր զրուցեցինք: Քիչ անց մուտք գործելով սոց. ցանցերից մեկը, շատ նամակներ ստացա, որտեղ ընկերներս իրենց փոքր ժամանակվա նկարներն էին տեղադրում սոց. կայքում՝ նշելով, որ ընդունում են ինչ- որ մարտահրավեր և նետում մի քանիսին: Երևում է նոր ինտերնետի փորձություն է, որը ակտուալ է: Ես ընդունեցի ընկերներիս մարտահրավերները: Բայց դե չեմ ասի, որ այդքան  շատ էի ուզում: Այսօր կուզեմ գիրք կարդալ և ամփոփել օրս, թուլացնեմ այսօրվա ընթացքում լարված աչքերս:
Օր երրորդ
Այսօր ես արթնացա բավականին ուշ՝ մոտ 15:30: Երբ արթնանում ես ցերեկվա ժամերին, կարծես օրդ խլած լինեն քեզնից: Օրը մռայլ էր: Կասկածներ կար, որ այսօր անձրև կգա: Արթնացա և, ինչպես միշտ, առօրյա գործերս արեցի: Նախաճաշ պատրաստեցինք: Նախաճաշեցինք: Ինչպես ամեն օր, այդպես էլ այսօր դասերիս անցա: Տպավորված դաս չունեի: Այս ընթացքում մայրիկս ճաշը պատրաստեց: Ճաշեցինք: Այս ամենից հետո լրիվ մոռացել էի սոց. կայքերս ստուգել, լուրերն իմանալ: Լավ, երեկոյան կստուգեմ: Շարունակեցի դասերս անելը: Անգլերենի ֆլեշմոբն է այսօր: Անգլերենի ֆլեշմոբին մասնակցեցի: Ֆլեշմոբի վերջում շարադրություն պիտք է գրեինք, թե ինչ կանեինք, եթե համացանց չունենայինք: Նաև այսօր շատ  նյութեր՝ ստուգված ուսուցիչներիս կողմից, հետ ստացա, դրեցի բլոգումս: Այսօրվա աշխատանքիցս գոհ եմ: Բայց ոչ լիովին: Արդեն երեկո է: Հիմա սոց. ցանցերս կստուգեմ և եթե ժամանանակ ունենամ նաև կկարդամ գիրքս:
Օր չորրորդ
Այսօր, ինչպես երեկ, արթնացա ցերեկը: Ինձ համար դա այնքան էլ ուրախ նորություն չէ: Բայց այս օրերին կամ պիտի երկար քնես կամ քեզ համար այնպիսի զբաղմունք գտնես, որպեսզի տանից դուրս չգաս, կամ գոնե քչացնես տանից դուրս գալդ: Դե ինչպես ամեն օր, առօրյա գործերս անելուց հետո, նախաճաշում եմ, սկսում եմ դասերս անելը: Այսօր քիչ թե շատ դաս արեցի: Ընթացքում քրոջս հետ էի զրուցում: Նաև մի քանի դաս ավարտելուց հետո, միասին ճաշեցինք: Ճաշի ընթացքում զրուցեցինք այն մասին, թե ապագայում ինտերնետը ինչ դեր կխաղա, ինչպես կլինեն մարդիկ, մարդկանց և բնության հարաբերությունները, դպրոցները, աշխատանքը և այլն: Հետո շարունակեցի դասերս պատրաստելը: Լուրերը ռադիոյով մայրիկս լսեց, և պարզվեց, որ կորոնավիրուսով վարակվածներն արդեն հարյուր քսաներկու հոգի են: Արդեն երեկո է, ես դասերս ավարտեցի: Քիչ հետո մտածում եմ գիրքս կարդալ:
օր հինգերորդ
Այսօր արթնացա մի յուրահատուկ երազից հետո: Այնքան հաճելի էր ինձ թվացել երազս: Երբ պատմեցի քրոջս, նա ասաց իբրև իմ երևակայությունը նոր է արթնացել: Բայց ես կարծում եմ, որ ես միշտ էլ ունեցել եմ երևակայություն, միայն թե նա երբեմն քնած է: Ծիծաղալի է հնչում, չէ՞:  Բոլորս միասին նախաճաշեցինք: Այնուհետև, երբ ուզում էի նստել համակարգչի առջև, որպեսզի դաս անեի, քույրս շտապեց ինձ տեղեկացնել, որ նա մի բլոգային աշխատանք ունի, և համակարգիչը նրան պետք է: Դե ինչ, այդ ընթացքում ես սոց. ցանցերս կսուգեմ, մի փոքր կլիցքաթափվեմ ծիծաղելի հոլովակներ դիտելով: Երեկ գիշերվանից մի փոքր անհանգստացած էի: Ասել պատճառը չեմ պատրաստվում:  Ինչևէ: Սոց. ցանցերիցս հետո դասերիս ժամանակն եկավ: Բայց մինչ այդ ճաշեցինք: Դասերս արեցի: Ընթացքում մի փոքր շեղվում էի յութուբյան տարբեր հոլովակներ նայելով, սակայն ինձ կառավարում էի: Արդեն երեկո է: Շուտով դասերիս վրա վերջին լրացումներն արեցի: Այսօր մի այլ կերպ ոգևորված եմ երազովս: Քիչ անց գիրքս կկարդամ և կպատրաստվեմ քնելուն:
Օր վեցերորդ
Արդեն երեք օր իրար հետևից երզազումս դասընկերներիս եմ տեսնում: Չգիտեմ ինչու: Դե լավ: Այսօր արթնացա ինչպես վերջին օրերը: Բայց ես վստահ եմ՝ սա կանցնի ,երբ արտակարգ իրավիճակը ավարտվի: Կարծում եմ՝ օրերս գրում եմ ինչպես փոքր աղջնակը: Դե լավ: Այսօր մեր կատվին` Գուչիին, որի մասին իմ ամառային պատման մեջ էի գրել, բաց ենք թողելու: Այդ որոշմանը ամենաշատը համաձայն էր մայրս: Բայց մենք էլ այնքան էլ դեմ չէինք, ի տարբերություն Պիսոկի: Ի դեպ, նրա մասին բլոգումս նույնպես պատմել եմ, բայց չեմ հիշում երբ: Մի խոսքով: Անցնում եմ այս շաբաթվա վերջին դասերին: Հուսով եմ այսօր կավարտեմ: Արդեն երեկո է, Գուչին ամբողջ օրը քրոջս գրկում էր, կարծես զգում էր… Բայց, ավա՜ղ, մենք նրան բաց չթողեցինք: Դրսում դեռ ցուրտ է, և մենք նրան խղճացինք:
Օր յոթերորդ 
Այսօր արթնացա մի խառնաշփոթ երազից: Արթնացա և առօրյա գործերիս անցա: Քիչ հետո նախաճաշեցի: Սոց. կայքերիս մեջ էի: Դե այնքան էլ լավ միտք չէր, բայց դե: Այնքան արագ անցավ ժամանակը, չնկատեցի: Մի քանի գիրք էի փնտրում մոտ օրերս կարդալու համար: Շուտով անցանք ճաշին: Այսօր ուշ երեկոյան պլանավորում եմ ֆիզկուլտուրայիս ուսուցչի կողմից հանձնարարված գիրքն ընթերցել: Հույս ունեմ, ժամանակ կգտնեմ, այդ հանձնարարությունն անելու:





Комментариев нет:

Отправить комментарий