пятница, 17 мая 2024 г.

Հինգ հասուն տանձեր․ թատերական նախագծի ամփոփում

Նախագիծը՝ այստեղ ,Հարավիրատոսմը և գովազդային անոնսը՝ այստեղ։
Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի:  Մհեր Մկրտչյան
Միշտ ցանկացել եմ թատրոն բեմադրել իմ սովորողների հետ, քանի որ դա համարում չափազանց ստեղծագործական աշխատանք։ Աշխատանք, որտեղ միայն մեկ ուղղությամբ գործունեություն չենք իրականացնում, այլ բազմաձև։ Որքան էլ հաճելի թվա այս աշխատանքը, շատ բարդ և ժամանակատար գործ է։ Փորձեմ մի փոքր ներկայացնել աշխատանքի դժվարությունները՝

  1. Առաջին խնդիրն այն է, որ բարդ է միջին դպրոցի դեռահասին համոզել, ոգևորել՝ բեմ բարձրանալ և ներկայանալ հանրության առջև։ Շատերի մոտ կա թերարժեքության բարդույթ, հանրության առջև ծիծաղելի լինելու, արտահայտվել չկարողանալու խնդիր, արտաքինից, սեփական ձայնից խուսափելու, անհանգստանալու հարց։ Այս խնդիրը լուծելու համար առաձին-առանձին խոսում եմ մասնակցել ցանկացողների հետ, ոգևորում և կարևորում իրենց աշխատանքը։ Իհարկե, հաճախ ուսուցչից ավելի լավ սովորողին ոգևորում է մեկ այլ սովորողը՝ընկերը։
  2. Երբ արդեն խումբը հավաքված է, մասնակիցներն ընդգրկված են, դերերը՝ բաշխված, իսկ փորձերն էլ՝ սկսված, պատահում է, որ մասնակիցները հիասթափվում են, նորից արթնանում են վախերը, անհանգստությունները կամ անհրաժեշտ համառությունը չեն դրսևորում և ցանկություն է առաջանում կիսատ թողնել, հրաժարվել։ Այստեղ աշխատանքը սկսում ենք նորից՝ միահամուռ ուժերով, ցույց տալով և կարևորելով արդեն իսկ արվածը։
  3. Այս աշխատանքում գերխնդիրը ժամանակն է, որը միշտ չի հերիքում։ Դժվար է սովորողներին հավաքել դասերից հետո (շատերը լրացուցիչ պարապմունքներ ունեն, մյուսները՝ տուն գնալու խնդիր)դասերի ընթացքում էլ հնարավոր չէ և այլն։ Մի խոսքով՝ փորձերն արել ենք երբ հասցրել ենք՝ ընդմիջումներին, դասերից հետո, ոմանց հետ աշխատել ենք անհատական։


Նախագծային աշխատանքը սկսել էինք երկու ամիս առաջ։ 
Թատերական նախագիծը չափազանց ընդգրկուն է և բազմաթիվ մանրուքներ է ներառում։ Առաջին ամսվա ընթացքում հասցրինք միայն սցենարի վրա աշխատել։ 
Ընտրել էինք Վ․ Սարոյանի հայտնի ստեղծագործությունը՝ ,, Հինգ հասուն տանձեր,, , որը պատմում է մի տղայի և ծառից պոկած հինգ տանձերի մասին։ 
Սցենարի մշակում
Ինչպե՞ս ենք ընտրում նյութ։ Սկզբում հետաքրքրված սովորողների հետ առաջարկներ ենք անում, այնուհետև առաջարկված ստեղծագործություններից ընտրում ենք այն ստեղծագործությունը, որը համապատասխանում է բեմադրության սկզբունքներին․ ա/ սյուժեն այնպես լինի, որ հնարավոր լինի բեմի վրա բեմադրել, բ/ հնարավոր լինի սյուժետային թեթև փոփոխություններ անել, նոր դերեր կամ կերպարներ ավելացնել, խաղալ, գ/ հնարավոր լինի դեկորացիաներ ստեղծել։ Սցենարի մշակման աշխատանքները սկսում ենք դերերի առանձնացումով և ընտրությամբ, յուրաքանչյուր սովորողի առաջարկում եմ ընտրել այն դերը, որը ցանկանում է խաղալ և տեքստից առաձնացնել իր դերին վերաբերող բառերը, հատվածները, մշակել, անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ անել։ Այնուհետև, եթե դերերը քիչ են, ինչպես հաճախ պատահում է, մյուս մասնակիցներին առաջարկում եմ կարդալ ստեղծագործությունը և սյուժեին համապատասխան հորինել նոր կերպարներ, նոր կերպարների համար խոսքեր։ Սա շատ հետաքրքիր ստեղծագործական աշխատանք է, երբեմն սովորողներն ինձ ապշեցնում են իրենց առաջարկներով։ Այս դեպքում էլ, քանի որ պատմվածքը դպրոցական երեխաների մասին էր, մասնակիցները ստեղծեցին նոր դպրոցականներ՝  անուններով, դերերով և խոսքերով։  Այնուհետև մի օր բոլորվ հավաքվում ենք և առանձնացված դերերը միացնում մի սցենարում։ 
Այսպիսով, դերերը բաժանեցինք, որոշեցինք որոշ դերեր ստեղծել, որպեսզի մասնակիցները շատ լինեն, և ամենակարևորը՝  մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր սովորողները կարողանան խաղալ, դեր ունենան։
 

Ես ահավոր շատ սիրում եմ փորձը, քան թատրոնում խաղալը: Չտեսնված գեղեցիկ բան է փորձը, մանավանդ լավ փորձը, որն, ափսոս, հանդիսատեսը չի տեսնում: Մհեր Մկրտչյան

Փորձերը տևեցին շատ երկար, քանի որ կարիք կար ամբողջ ստեղծագործությունը մաս-մաս բեմադրել, փորձարկել, ընթացքում լրացումներ անել․ նաև ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի մասնակիցները սովորեն իրենց բառերը;  Թե ինչքան հետաքրքիր ու հավես պահեր եղան փորձերի ժամանակ, ինյչպես ոգևորվեցինք, վիճեցինք և աշխատեցինք, կմնա մեզ հետ։ Երբեմն ընթացքն ավելի հաճելի և յուրահատուկ է լինում, քան արդյունքը։ 

Փորձերից և սցենարական աշխատանքներից բացի այլ կազմակերպչական աշխատանքներ էլ կային՝ անոնսի սցենարի պատրաստում, նկարահանում, հրավիրատոմսի բառերի, դիզայնի պատրաստում, տպում, հայտրարության տեքստի մշակում և այլն։ Այս բոլոր աշխատանքներն արեցինք միահամուռ։ 

Հայտարարությունը ՝ այստեղ։ 

Վերջապես եկավ ներկայացման բեմադրության օրը։ Իհարկե, բոլորն էլ լարված էին և անհանգիստ, սակայն ամեն ինչ անցավ պլանավորածի պես։ 
Ներկայացման տեսագրությունը կարող եք դիտել․ 

Իհարկե, ավարտից հետո անպայման քննարկում ենք արվածը, նշում դրական և թերի կողմերը։ Եվ եթե ոգևորությունը մեծ է, իսկ աշխատանքը՝ ստացված, սովորողներն են առաջարկում շարունակությունը։ Իսկ շարունակությունը միշտ, միշտ էլ մի բան կգտնվի բեմադրելու, ստեղծագործելու․․․
Նախագիծը հնարավորություն տվեց՝
  • սովորողներին մտերմանալ, ընկերանալ, համատեղ ինչ-որ աշխատանք անել, ջանք գործադրել, որ ստացվի, 
  • սցենարական հմտություններ ձևավորել, 
  • թատերական հմտություններ ձեռք բերել, ինչպես ճիշտ խոսել, կերպարի վրա աշխատել և այլն։ 
Ավելացնեմ, որ դժվար, բայց հաճելի օրեր էին։ 
Մասնակիցներ՝ 
  1. Էլինա Հոփվսեփյան, 
  2. Լիլի Սիմոնյան, 
  3. Լիլիթ Ջահանգիրյան,
  4. Ժասմին Պետրոսյան, 
  5. Մանանա Ղազարյան, 
  6. Վիկտորիա Մելիքյան, 
  7. Մարի Մելիքյան, 
  8. Անգելինա Գևորգյան, 
  9. Հասմիկ Գալստյան, 
  10. Մարի Բեգլարյան 
Նախորդ թատերական նախագծերի մասին՝
Մինչ այս էլի բեմադրություններ ենք ունեցել՝
Ընթացիկ աշխատում ենք շարունակական թատերական նախագծերի ուղղությամբ։ Արդեն սովորողներն են առաջարկում, կազմում սցենար, նախագիծ և հավաքում խումբ։ Այսպիսով, ունենք երեք նախագիծ՝
Լուսանկարներ ընթացքից՝ 












Տեսանյութը՝ Գայանե Փաշիկյանի,
Լուսանկարները՝ Մերի Իսկանդարյանի



Комментариев нет:

Отправить комментарий