Ես այնքան էլ չգիտեմ ստել: Բայց առանձնահատուկ նողկանք չեմ զգում ստի դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ շատ տարօրինակ է հնչում)՝ կարգին ստել չգիտեմ, իսկ անմեղ սուտը պաշտում եմ:
Մի ամսագիր պատվիրել էր ինձ գրախոսություն: Բայց իմ մասնագիտությունը գիրք գրելն է, ոչ գրախոսելը, և ես փորձում եմ հնարավորինս չդավաճանել իմ մասնագիտությանը: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես որոշեցի չհրաժարվել այդ կասկածելի առաջարկից: Քանի որ գրքեր գրախոսելը
բավականաչափ տաղտկալի է, ես որոշեցի գրախոսություն գրել (շատ մանրամասն) մտացածին մի գրքի մասին, մի մարդու կյանքի նկարագրության, որ երբեք գոյություն չի ունեցել:
Խոստովանում եմ՝ սարսափելի հմայված էի իմ գաղափարով: Նախ՝ թեպետ ուժերս պիտի
ծախսեմ ճշմարտանման պատմություն գրելու վրա, կխնայեմ ժամանակը, որ պիտի կորցնեմ
գիրքը կարդալու վրա: Բացի այդ՝ կխնայեմ նյարդերս, որովհետև ստիպված չեմ լինի զայրանալ «այդ հիմար հեղինակի վրա, որ գրողը գիտի՝ ինչ է մոգոնել»:
Երբ գրախոսությունը տպագրվեց, ես բարոյապես պատրաստ էի սպառնալիքներով
(«Դադարեք անամոթաբար ստել») և բողոքներով («Ամեն տեղ փնտրեցի, բայց ոչ մի տեղ չգտա այդ գիրքը») լեցուն նամակների փոթորկին: Բայց ինձ ոչ ոք չգրեց: Ոչ ոք: Ես, իհարկե,
պատրաստ էի ամեն ինչի, բայց թեթևացած շունչ քաշեցի: Չեի ասի, թե ամսագրերում
հրապարակվող գրախոսությունները ոչ ոք լուրջ չի ընդունում, բայց որոշ կասկածներ ունեմ:
Կան նաև հարցազրույցներ: Հիմա ես ջանում եմ բարեխիղճ պատասխանել հարցերին, բայց երբ երիտասարդ էի ու հանդուգն, երբեմն ինձ որոշ ազատություն էի թույլ տալիս: Օրինակ, երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ գրքեր եմ կարդում, ես խորիմաստ ասում էի. «Վերջերս ես տարվել եմ Մեյձիի դարաշրջանի (1886-1912 թթ.) գրականությամբ: Հիմնականում կարդում եմ գրականության խոսակցական
ուղղության քիչ հայտնի հեղինակների գործեր: Համոզված եմ, որ Սյոգո Մուտագուտիի և
Գոխեյա Օսակիի գրքերը կարող են ներշնչել նաև ժամանակակից հեղինակներին»:
Հասկանալի է, որ Ճապոնիայում երբեք այդ անուններով գրողներ չեն եղել: Ինքս եմ հընթացս հորինել նրանց: Բայց դա ոչ ոք չգիտի: Այնպես որ, ցնորաբանության (ասել մտքիդ եկածը, հնարավորինս համոզիչ ու առանց տևական դադարների) գծով ես վարպետ եմ:
Ճապոներենում կա «կարմիր սուտ» արտահայտությունը: Գիտե՞ք՝ ինչո՞ւ կարմիր: Որովհետև
Նարի դարաշրջանում (710-784 թթ.) նրանց, ովքեր չարամտորեն ստում և փչացնում էին իրենց շրջապատի մարդկանց կյանքը, դատապարտում էին մահապատժի: Շատ դաժան՝
դատապարտյալի բերանը միանգամից դնում էին 12 կարմիր բրնձաբլիթ՝ քաղցր բակլայի
խորիզով, և խեղճը, չկարողանալով ծամել, խեղդամահ էր լինում: (Փաստորեն, վերոշարադրյալը «կարմիր ստի» դասական օրինակ է):
Հարցը, թե ինչու ճապոներենում սուտը կարմիր է, ինձ շատ վաղուց է զբաղեցնում: Ես արդեն
տասը տարի պատրաստվում եմ պարզել այդ արտահայտության ծագումը, բայց անընդհատ
ինչ-որ գործեր (նորից ստում եմ)։
Իսկ անգլերենում կա «սպիտակ սուտ» արտահայտությունը, որ անվանում է անվնաս փչոցը
կամ «սուտը հանուն փրկության» (և դա զուտ ճշմարտություն է): Կարծում եմ՝ իմ ցնդաբանությունն ամենից շատ հարևանում է
ստի այդ տեսակին: Եվ ոչ մեկին չի վնասում: Լսո՞ւմ եք: Չի վնասում: Եթե բերանս փակեն մի
դյուժին բրնձաբլիթով, ես հաստատ այդ կտտանքին չեմ դիմանա:
Комментариев нет:
Отправить комментарий