Հայ-բելգիական ճամբարը գործել է հուլիսի 1-ից 14-ը: Մասնակիցներից 11 հոգին բելգիացիներ էին, 5 հոգին՝ հայ ուսանողներ, ընդգրկված էին և սեբաստացի սովորողներ:
Իրականացրել են հետևյալ գործունեությունները՝
- Աշխատանք բակում, Ագարակում: Յուրաքանչյուր օր՝ 09:00-13:00-ն ամբողջ խումբը, բացի հերթապահ խմբից, ովքեր ճաշ էին պատրաստում (4 հոգի) աշխատել են: Հատկապես ջանասիրաբար աշխատում էին խմբի ղեկավարները, հիմնական աշխատուժը եղել է Ագարակում, Արևմտյան դպրոցում ջրել են լանջերը, մաքրել տարածքը : Ովքեր դժվարանում էին արևի տակ երկար մնալ, մեկ-երկու հոգի զբաղվել են նաև ներսի ծաղիկների խնամքով: Ագարակում արված աշխատանքը տեսանելի էր, Խորեն Հազարումյանը գոհ էր: Ընթացքում միացել են նաև սեբաստացի սովորողները, օգնել (Վանուհի Բաղմանյանը և սովորողները բելգիացիների հետ մի հատված մաքրեցին խոտերից):
- Աշխատանք ճամբարականների հետ: Օրվա երկրորդ մասում աշխատել են Արևմտյան դպրոցի ճամբարականների հետ, սովորեցրել են ֆրանսերեն երգեր, պարեր: Ճամբարականները շատ ոգևորված էին, ունեինք սովորողներ, ովքեր գալիս էին հատկապես այդ գործունեության համար: Քանի որ ճամբարականները շատ էին, բաժանվել էին երեք խմբի, յուրաքանչյուր խումբ տարբերվում էր, մեկը՝ երգ էր սովորում, մյուսը՝ ծափերով ռիթմիկա, երրորդը՝ պար և այլն: Երկու մշակույթների փոխանակում էր, ճամբարականները ծանոթանում էին հատկապես բելգիական(ֆրանսիական) երաժշտությանը,պարին, շփվում բելգիացիների հետ: Վերջում արդեն բոլորն իրար ճանաչում էին, անուններով գիտեին, իրար հուշանվերներ տվեցին և այլն: Այստեղ միայն մեկ խնդիր կար. ճամբարականներն անընդհատ փոփոխվում էին, ավելանում էին նորերը և ամեն անգամ խումբը նորից ծանոթանում էր ու սկսում արածը կրկնել: Բայց վերջին օրվա ելույթները ցույց տվեցին, որ աշխատանքը ստացվել է:
- Երաժշտական գործունեություն, պարեր: Մարինե Մկրտչյանը և Սյուզի Մարգարյանը ամեն օր սովորեցնում էին պարերգեր և ազգային պարեր: Ե՛վ հայ, և՛ բելգիացի ճամբարականների համար շատ հետաքրքիր էր, մեծ ոգևորություն առաջացրեց: Այս աշատանքին նույնպես մասնակցել են սեբաստացի սովորողները՝ Վաչե Խաչատրյանը, Սոնա Փափազյանը, Արեգ Տոնոյանը: Այստեղ միայն մի խնդիր կար. իրենց ներկայացրած ծրագրում շաբաթվա մեջ մեկ ժամ տրամարված էր հրավիրված պարուսույցին, ով սովորեցնում էր իբրև թե հայկական պար: Ոչ մի կերպ հնարավոր չեղավ ծրագրից հանել, ճամբարի ղեկավար Անի Ասատրյանը պնդեց, որ պետք է լինի, քանի որ նախնական պայմանավորվածությունը այդպես է եղել: Տարբերությունը զգալի էր, բելգիացիներն ասում էին, որ նախընտրում են սեբաստացի սովորողների և ուսուցիչների հետ սովորել պարեր: Իրականում , եթե մենք իրենց սովորեցնում էինք, հրավիրված պարուսույցի կարիքը բացարձակ չկար:
- Մարզական գործունեություն: Յուրաքանչյուր օրվա վերջում` 17:00-ին, պայմանավորված էինք մարզական կենտրոնի հետ , միասնական մարզական մրցումներ էին՝ ֆուտբոլի, բասկետբոլի: Ճամբարականները զբաղվել են նաև նետաձգությամբ, թենիսով: Սա նույնպես իրար լավ ճանաչելու, մտերմանալու տարբերակ էր:
- Քանի որ իրենց խմբում ընդգրկված էին հայ ուսանողներ, ովքեր ամբողջ օրը իրենց հետ էին, սեբաստացի սովորողները միանում էին միայն օրվա տարբեր ժամերին տարբեր գործունեություններում: Ու քանի որ միշտ տարբեր սեբաստացիներ էին լինում, բելգիացիները դժվարությամբ էին հիշում և ընկերությունը չէր ստացվում, բացառությամբ Արևմտյան դպրոցի լողափնյա ճամբարի խմբի, որոնց հետ աշխատում էին ամեն օր: Առաջարկում եմ, որ նման դեպքերում ընդգրկվեն ճամբարականների տարիքի սովորողներ և ամբողջ օրվա գործունեությանը մասնակցեն:
- Օտարեկրացի մասնակիցների հետ շփվելը, բնականաբար, օգտակար է լեզվին տիրապետելու համար: Բելգիացիները բոլորը խոսում էին ֆրանսերեն, խմբի երկու ղեկավարները գիտեին նաև անգլերեն: Կրթահամալիրի ֆրանսերենի խումբը միայն երկու օր միացավ, ամբողջական լուսաբնումը կարող էին իրենք անել:
- Ճամփորդությունները նախապես որոշել էին ճամբարի մասնակից հայ ուսանողները: Որոշ ճամփորդական ուղղություններ կարելի էր փոխել, ավելի հետաքրքիր վայրեր գնալ: Սեբաստացի սովորողներից ոչ ոք չընդգրկվեց ճամփորդություններին:
- Ծրագրում մի քանի անհամապատասխանություն կար. օրինակ՝ շաբաթ օրը դրված էր աշխատանք լողափնյա ճամբարի ճամբարականների հետ, իսկ ուրբաթ օրը ճամփորդություն: Նախապես անհրաժեշտ է ավելի մանրամասն նայել ծրագիրը, ճշտումներ անել(ընթացքում որևէ բան հնարավոր չէր լինում փոփոխել, ճամբարի հայ մասնակիցների հետ դժվարությամբ էինք համաձայնության գալիս): Շաբաթ- կիրակի օրերը ավելի հարմար են ճամփորդությունների համար:
- Կերակուրը ճամբարականները պատրաստում էին ինքնուրույն, որը մեզ հոգս չէր պատճառում:
- Մասնակիցները տպավորված էին, իրենց պատումներում ներկայացրել են այդ մասին: Որպես արդյունք. տեսանելի է արված ֆիզիկական աշխատանքը, նաև մեր ճամբարականներին սովորեցրած երգերը, պարերը:
- Լավ նախաձեռնություն էր: Ճամբարի ծրագրի վրա անհրաժեշտ է ավելի մանրամասն աշխատել: Սա փորձառություն էր նաև, մյուս անգամ կազմակերպելիս արդեն ավելի հեշտ կլինի, ավելի արդյունավետ:
Комментариев нет:
Отправить комментарий