Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստումը հնգօրյա էր ՝ 30-03.11.2017: Նախապես կազմել և մանկավարժության կենտրոնին եմ ներկայացրել հնգօրյա վերապատրաստման մոդուլը, որը հրապարակվել է նաև ,,Բարեկամության,, ճամբարի բլոգում: Ճամբարի բլոգում հրապարակվել է նաև յուրաքանչյուր օրվա ավելի մանրամասն ծրագիրը:
Առաջին օր
Վերապատրաստվել է 49 նախադպրոցական հաստատության աշխատող՝ դաստիարակներ, երաժշտության դաստիարակներ, վարիչներ: Մասնակիցները տարբեր մարզերից էին ՝ Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի: Գիշերակացով մնալու համար դիմել էր միայն մեկ մասնակից, ով այդ հինգ օրերին հյուընկալվեց Արևմտյան դպրոց-պարտեզի դաստիարակ Շողիկ Սահակյանի տանը: Իջևանի Գանձաքար գյուղի մանկապարտեզի երաժշտության դաստիարակ տիկին Մելանյան օրվա երկրորդ մասը նույնպես անցկացնում էր նախակրթարանի խմբում, դրանով իսկ ավելի լավ ճանաչելով կրթահամալիրը, իրականացվող կրթական ծրագիրը:
Վերապատրաստման մասնակիցները նախապես մասնակցության հայտ էին ներկայացրել:
Վերապատրաստվողներն արդեն ծանոթ էին ծրագրին, կրթահամալիրին, քանի որ իրենց գործընկերներն արդեն մասնակցել էին օգոստոս ամսին կազմակերպված վերապատրաստմանը: Վերապատրաստումը սկսվեց մասնակիցների ոգևորությամբ, ոգևորությամբ էլ շարունակվեց:
Վերապատրաստման մոդուլում ընդգրկված էին հետևյալ ուղղությունները՝
- աշխատանք նախակրթարանի խմբերում
- բլոգավարություն, մեդիակրթություն
- տեխնոլոգիական գործունեություն, տիկնիկագործություն
- մարզական գործունեություն
- երաժշտական գործունեություն
- թատրոն
Մասնակիցները առավել կարևորեցին նախակրթարանի խմբում աշխատելը, գործունեությունը տեղում տեսնելը, մասնակից դառնալը, սաների հետ շփվելը: Քանի որ անցած վերապատրաստման ժամանակ նախակրթարանների համար բացվել էին բլոգներ, մի մասը շարունակեց աշխատել արդեն իսկ ունեցած բլոգների վրա՝ զուգահեռ սովորելով բլոգի նոր գործառույթները, ծանոթանալով ,,Դպիր,, մանկավարժական ամսագրին, մյուսները, ովքեր չունեին, նոր բլոգ բացեցին:
Ոգևորված էին հատկապես թատրոնի պարապմունքներով. որպես տեսանելի արդյունք կարող եմ ներկայացնել մասնակիցների մի խմբի պատրաստած ռադիոթատրոնը: Իսկ ծափերը, ոտքի հարվածները, կտորներով երաժշտությունը փոքրիկ թատրոն-խաղի վերածելը անասելի հրճվանք պատճառեց, ոգևորեց բոլորին: Մարզական գործունեության արդյնունքում պարզեցի, որ մեծ մասը հեծանիվ վարել գիտի, ինչն ինձ համար անսպասելի էր: Երաժշտական գործունեությունը նույնպես հաջողված էր, ամբողջական ուսուցում էր խաղ-պարերգերով, այնպես, ինչպես փոխանցվում է սաներին:
Վերապատրաստման մասնակիցները երկու կետ կարևորեցին.
- Իրենց նախակրթարաններում տեխնոլոգիական գործունեությունը, հատկապես տիկնիկագործությունը շատ թույլ է: Տիկնիկագործության ուղղությամբ ցանկանում էին ավելի երկար աշխատել:
- Վերապատրաստման շարունակականության մասին խոսեցին, քանի որ իրենց գործընկերներից շատերը նույնպես ցանկանում են մասնակցել. բոլորը միաժամանակ չէին կարող:
Վերապատրաստումը ամփոփվեց համերգային նախագծով, որի ժամանակ մասնակիցները ստացան նվեր գիրք-ձեռնարկները (Ծուղրուղու, Երգարան) և վկայականներ:
Վերապատրաստման լուսաբանումը հրապարակվել է յուրաքանչյուր օր վերապատրաստող դասավանդողների բլոգներում, կայքում: Ամբողջականը՝ այստեղ:
Комментариев нет:
Отправить комментарий