понедельник, 27 ноября 2017 г.

Արտաշես և Սաթենիկ


Ալանները կովկասյան բոլոր լեռնականների հետ միաբանվելով և Վրաց աշխարհի կեսը գրավելով, մեծ բազմությամբ գալիս տարածվում են Հայոց աշխարհով մեկ։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանաբաժանը։

Հայոց և ալանների զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի Հայոց աշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.
Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազները
Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն1:
Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և տեսնելով Սաթենիկին, սրտանց ցանկանում է նրան կին առնել։ Իսկույն կանչում է իր դայակ Սմբատին, նրան հայտնում իր սրտի փափագը։ Միաժամանակ նա Սմբատին հայտնում է, որ կին առնելով ալանների արքայադստերը, ինքը դաշինք և ուխտ կկնքի երկու քաջ ազգերի միջև և պատանուն խաղաղությամբ կվերադարձնի։
Սմբատը հավանություն է տալիս Արտաշեսի առաջարկին, անմիջապես մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ Արտաշեսին։
Ալանների թագավորն ասում է.
Եվ որտեղի՞ց պիտի տա քաջ Արտաշեսը
Հազար հազարներ ու բյուր բյուրեր
Ալանների քաջազգի  օրիորդի փոխարեն։
Երբ Արտաշեսին հայտնում են Սաթենիկին կնության առնելու այս թանկ պայմանները, այնժամ
Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկը (ձին),
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Եվ որպես սրաթև, արծիվ անցկացավ գետը,
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի,
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի,
Արագ հասցնելով բանակը իր
Արտաշեսը բռնությամբ առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, բերում է Արտաշատ, մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում ամուսնական առագաստը՝ մարգարիտներ են գլխին թափում։ Եվ այնքան վսեմ ու շքեղ էր այս տեսարանը, որ գուսանները երգել են այն հետևյալ ձևով.
Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության պահին1։
Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը։ Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ շատ զավակներ։
Գրաբարյան հատվածներ
Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն,
Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել,
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։

Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`
Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Եթէ դու յորս հեծցիս
ՅԱզատն ի վեր ի Մասիս,
Զքեզ կալցին քաջք, տարցին
ՅԱզատն ի վեր ի Մասիս.
Անդ կայցես եւ զլոյս մի տեսցես:


Комментариев нет:

Отправить комментарий