суббота, 7 декабря 2019 г.

Թումանյանական ընթերցումներ

Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։
*******

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

******
Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի


ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ...


ՊԱՏՐԱՆՔ
Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։
Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան...

Զո՜ւր... վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել...

Քառյակներ

Հոգիս` տանը հաստատվել
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել։

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

Էս է, որ կաՃիշտ ես ասում. թասըդ բե՛ր։
Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր։


Комментариев нет:

Отправить комментарий