Երբ պատերազմ
սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ:
Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում:
Դրանցից մեկը վերցնելով, ասաց.
-Հիմա գնամ ու
սպանեմ Ալբերտոյին:
— Ալբերտոն ո՞վ
է, -հարցրին նրան:
-Թշնամի է, -պատասխանեց նա, -իմ թշնամին:
Նրան հասկացրին,
թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում:
-Ի՞նչ է, -ասաց
Լուիջին, -ինձ անգետի տեղ եք դրե՞լ: Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից:
Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գնամ, այդպիսով կկարողանամ
սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն
է: Հին հաշիվներ են: Եթե չեք հավատում, մանրամասն կպատմեմ ամեն ինչ … Ուրեմն, բացատրեք
ինձ որտեղ է Ալբերտոն, որ գնամ ու նրան սպանեմ:
Նրանք ասացին,
թե չգիտեն:
-Ոչինչ, -ասաց
Լուիջին, -կգտնեմ, վաղ թե ուշ, հո՛ կգտնեմ:
Նրանք ասացին,
թե այդպես չի կարելի, թե նա պետք է պատերազմի այնտեղ, որտեղ իրենք նրան կուղարկեն,
և պետք է սպանի, ում պատահի. դա Ալբերտոն կլինի, թե մեկ ուրիշը, կարևոր չէ:
-Տեսե՛ք, -իրենն
էր պնդում Լուիջին, -ես ձեզ պետք է պատմեմ: Որովհետև այդ Ալբերտոն ուղղակի սրիկա է,
ու լավ եք անում, որ պատերազմում եք նրա դեմ:
Բայց նրանք չուզեցին
լսել:
Լուիջիին չէր
հաջողվում նրանց համոզել իր իրավացիությունը:
-Ներեցեք, ձեր
ասելով, եթե սպանեմ մի թշնամու կամ մեկ ուրիշի, նույն բա՞նն է: Իսկ ինձ դուր չի գալիս
սպանել մի մարդու, ով գուցե Ալբերտոյի հետ ոչ մի կապ չունի:
Նրանք համբերությունը
կորցրին: Ինչ-որ մեկը նրան բերեց շատ պատճառներ, թե ինչպես են պատերազմները լինում,
և թե որևէ մեկը չի կարող գնալ պատերազմ միայն փնտրելու համար իր ուզած թշնամուն:
Լուիջին թոթվեց
ուսերը:
-Եթե այդպես է,
-ասաց, -դա ինձ ձեռք չի տալիս:
-Լա՛վ էլ ձեռք
տալիս է, -գոռացին նրանք, -առա՜ջ, մար՜շ, մե՛կ-երկու, մե՛կ-երկու: Ու նրան ուղարկեցին
պատերազմի դաշտ:
Լուիջին գոհ չէր:
Սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյոք կհանդիպի՞ նաև Ալբերտոյին,
ում կարող էր սպանել, կամ նրա ազգականերից մեկին: Ամեն մի թշնամու համար, որ սպանում
էր, մի մեդալ էին տալիս նրան, բայց ինքը գոհ չէր:
«Եթե Ալբերտոյին
չսպանեմ, -մտածում էր, -դուրս է գալիս, այսքան մարդու անտեղի սպանեցի»: Ու խղճի խայթ
էր զգում:
Մինչ այդ, նրան
տալիս էին մեդալ մեդալի հետևից, որոնք ձուլված էին զանազան մետաղներից:
Լուիջին մտածում
էր. «Էսպես սպանելով, այսօր չէ, վաղը, թշնամիները կպակասեն ու էդ սրիկայի հերթն էլ
կհասնի»:
Սակայն, նախքան
Լուիջին Ալբերտոյին կգտներ, թշնամիները հանձնվեցին: Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն
այդքան մարդ էր սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց
մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց զոհվածների զավակներին
ու կանանց:
Այդպես շրջելով,
մեկ էլ, հանկարծ, գտավ Ալբերտոյին;
-Լավ, -ասաց,
-լավ է ուշ, քան երբեք: Ու սպանեց նրան:
Նրան ձերբակալեցին,
դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում
էր, որ այդ մարդուն սպանել էր իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:
Հեղինակ՝ Իտալո Կալվինո
Աղբյուրը՝
lit-bridge.com
Առաջադրանքներ
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
2. Գրի՛ր հիմնավորված կարծիքդ ստեղծագործության վերաբերյալ։
Комментариев нет:
Отправить комментарий