воскресенье, 21 декабря 2025 г.

Բանավեճը՝ աշխարհայացքի ձևավորման ճանապարհ

21-րդ դարի տեխնոլոգիական զարգացումներին զուգահեռ փոփոխվում են աշխարհը, կրթությունը, մարդկանց մտածողությունը, դասավանդման նպատակները և մանկավարժական մեթոդները։ Եվ ստացվում է, որ ժամանակակից մարդու, սովորողի առջև դրված են այլ մարտահրավերներ ու խնդիրներ։ Բայց ինչպիսին էլ աշխարհը դառնա, ինչքան էլ փոփոխվի կրթական համակարգը և առաջադրված խնդիրները, հաղորդակցման հմտությունների առկայությունը շարունակում է մնալ կարևոր և դառնում է ուսումնասիրության յուրահատուկ ասպեկտ։ Ժամանակակից աշխարհում սահուն, գրագետ, մտածված խոսքը ոչ միայն գիտելիքի ցուցիչ է, այլև հաջողության հիմք ցանկացած ոլորտում։ Այսօր՝ տեղեկատվության արագ շրջանառության պայմաններում, բանավոր ճիշտ խոսքը ինքնարտահայտման , աշխարհում սեփական տեղը գտնելու, ճիշտ հաղորդակցվելու կարևոր հմտություններից մեկն է։ Բանավոր խոսքի զարգացումն էլ իր հերթին նպաստում է քննադատական-վերլուծական մտածողության զարգացմանը, ինքնավստահության աճին։ Այս պատճառով էլ կրթական գործընթացում առանձնահատուկ կարևոր են այն մեթոդները, որոնք զարգացնում են խոսքի մշակույթը և գիտակից հաղորդակցումը, ինչն էլ իր հերթին նպաաստում է լայն աշխարհայացքի ձևավորման, հարցին տարբեր տեսանկյուններից նայելու, համադրելու կարողությունների ստեղծմանը։ 
Հավելենք, որ դպրոցականի միջին տարիքը կարևոր փուլ է անձնային աճի, մտածողության և աշխարհայացքի ձևավորման համար, տարիք, երբ սովորողի հոգեբանական վիճակը շատ փխրուն է, հույզերը՝ երբեմն անկառավարելի։ Եվ կարևոր է այս շրջանում սովորողին փոխանցել ոչ միայն գիտելիք, այլ կարողություններ և արժեքային համակարգ։ Սովորողի մտածողության, աշխարհայացքի, տեսակետի ձևավորման և զարգացման կարևորագույն և արդյունավետ մեթոդներից է բանավեճը։ 
Կրթահամալիրի ուսումնական ճամբարների ժամանակ բազմիցս կազմակերպել ենք բանավեճեր, որոնց մասնակցել են հետաքրքրված սովորողները։ Բայց այս ուսումնական տգարվա ընթացքում որոշեցի բանավեճի մեթոդը դարաձնել հիմնական գործունեություն, շուրջտարյա նախագիծ։ Դրան նպաստեց այն, որ ճամբարային գործունեության ընթացքում արդեն իսկ ստեղծվել էր հետաքրքրվողների և աշխատանքը շարունակել ցանկացողների խումբ։ Իմ նպատակն էր գործընթացը դարձնել այնպիսին, որ առաջ կա սովորողը՝ որպես կազմակերպիչ, ինչը հրաշալի հաջողվեց։  Սակայն ամեն ինչ ներկայացնեմ սկզբից և մանրամասն։ 
Նախ՝ ի՞նչ է բանավեճը։ Բանավեճը կարծիքների նպատակաուղղված ներկայացում և հակադրում, գործունեություն, որի ընթացքում մասնակիցները արտահայտում և հիմնավորում են իրենց տեսակետը՝ լսելով և հարգելով հակադիր դիրքորոշումը։ 
Ի՞նչ կարող է տալ այս աշխատանքը՝
  • բանավոր խոսքի զարգացում, /պարբերաբար տարբեր թեմաների շուրջ խոսելու ընթացքում սովորողները սկսում են ավելի պարզ, սահուն և դիպուկ արտգահայտվել/,
  • քննդատական մտածողություն,
  • տարատեսակ հարցերի շուրջ սեփական տեսակետի, դիրքորոշման ձևավորում և արտահայտում, 
  • աշխարհայացքի ընդլայնում, 
  • մտածողության զարգացում, 
  •  հանդուրժողականություն / ի դեպ, այս կետն առավել կարևոր է, քանի որ թեժ քննարկման ժամանակ դժվար է ընդունել այլ կարծիք, երբեմն էլ՝ թույլ տալ ուրիշին արտահայտվել, երբ ինքդ դեռ շատ ասելիք ունես/։ 
Ինչպես նկատում եք, բանավեճի մեթոդի արդյունքում դրական ազդեցությունները շատ են։ Այժմ անդրադառնամ կազմակերպման ընթացքին և առաջացած դժվարություններին և մեր հաջողություններին։ 
Նախագիծը սկսեցինք իրականացնել 8-3 դասարանում, քանի որ այստեղ միշտ կային մի խումբ սովորողներ, ովքեր գրականության դասերի քննարկումներին ոչ մի կերպ չէին խոսում, արտահայտվում կամ դժվարանում էին։ Առաջարկեցի, որ յուրաքանչյուր ուրբաթ կամ ամսվա ընթացքում երկու անգամ իրականացնենք բանավեճ։ Իհարկե, արձագանքները դրական էին, սովորական ուսումնական գործընթացից դուրս իրականացվող ցանկացած գործունեություն հետաքրքրություն է առաջաջացնում /գոնե սկզբնական շրջանում/ և օգնում է հաղթահարել երբեմն առաջացող առօրյա տաղտուկը։ Երկու սովորողների հետ պայմանավորվեցինք, որ իրենք պետք  է համակարգեն աշխատանքը՝ ընտրելով թեմա և կատարելով բոլոր կազմակերպչական աշխատանքները։ 



Комментариев нет:

Отправить комментарий