понедельник, 29 декабря 2025 г.

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն


Նոր ուսումնական տարին սկսեցինք հետաքրքիր նախագծերի մեկնարկով։ Ի վերջո, դասերի վերսկսման առաջին շաբաթը նախագծային ուսուցմամբ է, որն էլ հնարավորություն է տալիս իրականացնել տարատեսակ նախագծեր և գործունեություններ։ Այսպիսով, հյուրընկալեցինք Արմեն Սարգսյանին, ով լեզվաբան է, զբաղվում է բլոգինգով և սոցիալական ցանցերում ներկայացնում է լեզվական հետաքրքիր երևույթներ։ Հանդիպման կազմակերպումն ամբողջովին ուսումնական էր, որովհետև նախապես ուսումնասիրել էինք տեսանյութերը, ինչն էլ օգնեց մի շարք լեզվական երևույթների ուսումնասիրության գործում։ Ահա հանդիպման ամփոփումը։ 
Նույն շրջանում նաև մասնակցեցինք ժամանակակից գրող Էդգար Հարությունյանի հետ հանդիպմանը։ Այս հանդիպումը ևս անցավ ջերմ մթնոլորտում։ 
Սեպտեմբեր ամսվա մյուս կարևոր իրադարձությունը սեպտեմբերի 21-ին Հատիսի բարձունքի հաղթահարումն էր։ Այս նախագիծը սեբաստացիների և Նորգյուղի դպրոցի համագործակցության արդյունքն էր, որը հնարավորություն տվեց ճանաչել հայրենիքի մի հատվածը, մեծ կամային աշխատանք կատարել՝ հաղթահարելով 19 կմ ճանապարհ։ Բարձունքի հաղթահարման մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ ամփոփման մեջ։ 

Հոկտեմբեր ամսվա ընթացքում կարևոր իրադարձություն եղավ Ռազմամարզական ճամբարի կազմակերպումը, որը, թեև կրթահամալիրում տարիներ է իրականացվում է, սակայն Միջին դպրոցի համար նորությունն էր, ինչն էլ նշանակում էր, որ անհրաժեշտ էր մեծ պատասխանատվությամբ մշակել ծրագիրը և իրականացնել։ Արատեսն այս անգամ ուրիշ էր, մեր օրը հագեցած էր ռազմամարզական պարապմունքներով, որոնք էլ յուրահատուկ հմայք հաղորդեցին աշնանային Արատեսին։ Հատկանշական է, որ այս ճամբարը հնարավորություն տվեց բացահայտել սովորողներին բոլորովին այլ տեսանկյուններից։ Ահա՛ Ռազմամարզական ճամբարի հաշվետվությունը։  Արդեն հետո՝ կրթահամալիրում, մասնակցեցինք  կլոր սեղանի, որտեղ ներկայացրինք մեր արած գործունեությունները, իսկ սովորողները՝ իրենց տպավորությունները։ 
Նոյեմբեր ամսվա ընթացքում մեկնեցինք մեր հերթական ուսումնական ճամփորդությանը, այս անգամ դեպի Տավուշ։ Նախագիծը բազմաբնույթ էր՝ կրթական փոխանակումներ, հայրենագիտություն, քայլարշավներ․․․զուգահեռ հասցրինք վայելել աշունը։ Տավուշյան ճամփորդության հաշվետվություն։ 
,,Սիրադեղյանական ընթերցումներ,, նախագծով համագործակացային հանդիպում ենք ունեցել Ավագ դպրոցի հետ, քննարկել ենք Սիրադեղյանի ,,Ափսոս էր երեխան,, ստեղծագործությունը։ Այս համատեղ նախագծի նպատակն էր ծանոթանալ Ավագ դպրոցի գործունեությանը, նախագծերին, աշխատանքներին, սովորողներին, ստեղծել կամուրջ միջին-ավագ դպորցերի մեջ։ Սիրադեղյանի մյուս ստեղծագործությունները կարդացել և քննարկել ենք նաև դասարանում՝ 8-9-րդ դասարանի սովորողների հետ։ Քննարկման մասին ավելի մանրամասն կարդա՛ այստեղ։ 
Այստեղ նաև ավելացնեմ, որ նմանատիպ համատեղ նախագիծ իրականացրել ենք նաև կրտսեր դպրոցի հետ․ Արևմտյան դպրոցի վեցերորդ դասարանի սովորողների հետ քննարկել ենք Վ․ Սարոյանի ,,Հինգ հասուն տանձերը,, պատմվածքը։ Քննարկումը հաջողված էր և նախատեսում ենք շարունակել։ 
Բացի իրականացրած նախագծերից կատարել եմ նաև մի շարք գործունեություններ, որոնք կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի մասն ու շարունակություն են։ 
  • Առավոտյան ընդհանուր պարապմունքների ծրագրի պատրաստում և համակարգում։ Իմ սովորողների հետ եղել ենք ծրագրի կազմակերպման պատասխանատուներ։ Սա պատասխանատու և կարևոր աշխատանք է, որը թույլ է տալիս իրականացնել ոչ ֆորմալ ուսումնական գործունեություն։ 
  • Ընթերցումները մեր առօրյա գործունեության կարևոր և գլխավոր մասն են։ Ընթերցում ենք անընդհատ, միայն ընթերցմամբ չենք բավարարվում, այլ քննարկում ենք, փոխանակում մտքեր, համաձայն ենք լինում կամ առարկում ենք։ Իսկ պեոզիայի դեպքում՝ նաև ձայնագրություններ ենք անում։ Կոմիտասյան ընթերցումներ։ 
  • Մասնակցել ենք ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծին։ 

Միջին դպրոցում, որպես պետական չափորոշչով նախատեսված նախագիծ, առաջարկեց սկսել ,,Բանավեճի ակումբ,,։ Յուրաքանչյուր ուրբաթ նախապես հետաքրքրված խմբի, դասարանի հետ կազմակերպել ենք բանավեճեր տարբեր թեմաներով։ Այս աշխատանքը եղել է շատ հաջողված և տարվա ձեռքբերումն եմ համարում։ Այս մասին ավելի մանրամասն խոսել եմ իմ հոդվածում։ 
Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր սովորող նույնպես իր հետաքրքրությունների շրջանակում իրականացրել է անհատական նախագիծ, որը ձևավորել է նախագծի կազման և իրականացման հմտություններ։ Նախագծերը կապված են եղել Հայոց լեզվի և Գրականության հետ, սովորողները ընթերցել են, ստեղծագործել, վերլուծել, երևակայել, տեսագրություններ արել։ Սովորողների նախագծերը՝ այստեղ։ 
Այս ուսումնական տարի ևս ղեկավարում եմ հետազոտական աշխատանքներ, որը պատասխանատու աշխատանքը, նաև նպաստում է դասավանդողի ինքնակրթությանը և զարգացմանը։ Աշխատանքների ընթացքը /շուրջտարյա է/ կարող եք տեսնել այստեղ։ 

Շարունակել է գործել մեր ,,Պատուհան,, ամսագիրը, որը ոչ միայն սովորողների ստեղծագործությունները և ուսումնական նյութերը ներկայացնելու հարթակ է, այլ նաև ընթերցանության նյութերի ժողովածու և ակտիվ ընթերցվել է կրթահամալիրի մյուս սովորողների կողմից։ Հրապարակված մեկնաբանությունները պարտավորեցնող են, անսպասելի հետաքրքիր է դարձել այս աշխատանքը, քանի որ նյութերի հեղինակները անչափ ոգևորվում են, երբ տեսնում են, որ իրենց աշխատանքն ընթերցվում է։ 

Գիտելիքների ստուգման պետական ձևաչափում եղան փոփոխություններ։ Այսուհետ 9-րդ դասարաններում Գրականություն առարկայի քննությունը Պատմության հետ համատեղ անցկացվելու է էսսեի ձևաչափով։ Այս նորամուծությունը բազմաթիվ քննարկումների և դժգոհությունների տեղիք տվեց։ Ուսումնական շրջանի ընթացքում բազմաթիվ թեմաններով գրել ենք էսսեներ և քննարկել, արել դիտարկումներ, հաջողված աշխատանքները հրապարակվել են ,,Պատուհան,, ամսագրի համապատասխան բաժնում։ 

Յուրաքանչյուր ամսվա վերջում ներկայացրել եմ հաշվետվություն՝
Առաջին ուսումնական շրջանի ավարտին սովորողները ներկայացրել են իրենց հաշվետվությունները՝ պատմելով ձեռքբերումների, հաջողությունների, դժվարությունների և արված աշխատանքի մասին։ Սովորողների հաշվետվությունները՝ այստեղ։ 

Մեր աշխատանքը շարունակվում է, առջևում Երկրորդ ուսումնական շրջանն է իր ճամբարային գործունեությամբ, և առջևում բազմաթիվ նոր նախագծեր են, աշխատանքներ, որ պետք է շարունակություն ստանան, նախագծեր, որ պետք է ամփոփվեն, գաղափարներ, որ դեռ նոր պետք է ծնվեն։ Ինչ է մանկավարժությունը, եթե ոչ անընդհատ շարունակվող ստեղծագործական աշխատանք, իսկ ստեղծագործական աշխատանքն ավարտ չունի, բայց ունի զարգացում․․․

Комментариев нет:

Отправить комментарий