Մայիս ամիսը սպասված է, քանի որ ավանդաբար այս ամսվա ընթացքում ենք ճամփորդում՝ բացահայտելով մեզ համար նոր ուղղություններ, նոր վայրեր և նոր զգացումներ։ Նախորդ տարի Լոռու մարզը բացահայտեցինք Ստեփանավան քաղաքի և նրա շրջակայքի ուսումնասիրությամբ, քայլքով։ Այս անգամ որոշեցինք ընտրել այլ ուղղություն՝ Դսեղ- Ալավերդի- Ախթալա։
Մեկնեցինք առավոտյան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ,,Ուսումնական ժամերգությանը,, մասնակցելուց հետո։
Մեր առաջին կանգառը Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, որտեղ երկար խոսեցինք եկեղեցու ներքին հարդարանքից, ուսումնասիրեցինք զարդանախշերը, գունագեղությունը, սրբապատկերները, Կիրովական-Ղարաքիլիսայի պատմությունը։
Լոռու մարզն ամբողջական չէ առանց Թումանյանի, թումանյանական պատումների, ընթերցումների։ Մեր սիրելի գրողին լավ ճանաչելու նպատակով գնացինք Դսեղ, որտեղ առաջին հերթին այցելեցինք Թումանյանի տուն-թանգարան։ Ցուցանմուշներն ուսումնասիրելուց, թումանյանական պատմությունները լսելուց հետո, բակում ընթերցեցինք, քայլեցինք դեպի եկեղեցին, որտեղ ծառայել է Թումանյանի հայրը։
Պատրաստվեցինք քայլարշավի, քանի որ ցանկանում էինք տեսնել լոռեցիների հանրահայտ ,,Ծովերը,, ։ Ուղղակի ճանապարհը խառնեցինք՝ նվաճելով նաև մոտակա սարալանջը։ Իսկ սպասված հանգիստը լճի ափին խաղաղեցրեց և հաճելի զգացումներ պարգևեց։ Գարնանային թարմություն էր ամենուր, թեթև սառնություն, իսկ լճի վճիտ համայնապատկերը՝ կանաչ անտառի հետ միաձուլված, հեքիաթային ազդեցություն էր թողնում։ Դանդաղ իջնելով՝ մեկնեցինք Ալավերդի, որտեղ հասցրինք հանգստանալ, տեղավորել իրերը և խաղալ բակում։
Առավոտյան օրը սկսեցինք նախավարժանքով։ Հետո մեկնեցինք Ախթալա, որը վերջին տարիներին բավականին բարեկարգվել էր, բակը կանաչապատվել էր, ճեմուղին՝ թարմացվել։ Ախթալայի մասին երկար խոսեցինք, երկար մնացինք եկեղեցու ներսում և հասցրինք դիտել պահպանված բոլոր որմնանկարները։ Օրը անձրևոտ էր, բայց դա չխանգարեց խաղաղ զբոսնել և վայելել պահը։
Այնուհտեև այցելեցինք զույգ եկեղեցական համալիրներ, որոնց պատմությունը ևս սերտ կապված է ՝ Սանահին /Սա նրանից հին է/ և Հաղպատ /Հախ պատ/ ։ Իհարկե, մեկ օրվա ընթացքում այսքան եկեղեցիներ այցելելը հեշտ չէ և կթվա, թե միօրինակ է, բայց յուրաքանչյուր կառույց զարմացնում է իր յուրահատկությամբ։ Այսպիսով՝ ինչ գրավեց մեր ուշադրությունը՝ Հաղպատում Սուրբ Ամենափրկիչ խաչքարը, որը իր ձևով յուրահատուկ է, Հաղպատի և Սայաթ-Նովայի կապը, Սանահինում Մագիստրոսի ճեմարանը․․․
- Ծանոթացանք քաղկեդոնականությանը, հայ-վրացական կոնֆլիկտ,
- Ուսումնասիրեցինք վանական համալիրի կառուցվածքը՝ տեղում տարբերելով կառույցները,
- հասկացանք յուրաքանչյուր վանական համալիրի յուրահատկությունը, գործառույթները,
- Վանական համալիրներ և կրթություն,
- Ավանդույթներ ՝ կապված դրանց հետ։
Նաև Հաղպատում մեր սովորողները կատարեցին ,,Ուսումնական ժամերգություն,, նախագով սովորած շարականները՝ ,,Առավոտ լուսո,, ,,Հայր մեր,, ,,Քրիստոս ի մեջ,, ,,Սուրբ Աստված,, և այլն։ Զբոսաշրջիկները ուշիուշով լսեցին և իրենց հիացմունքն ու շնորհակալությունը հայտնեցին։
Առավոտյան հավաքվելուց հետո մեկնեցինք քաղաքից՝ մեզ հետ տանելով ջերմ հյուրընակալությունը և սիրուն հիշողություններ։
Վերադարձի ճանապարհին բարձրացանք Քոբայր։ Քոբայր բնակավայրում է գտնվում բարձունքի վրա կառուցված վանական շքեղ համալիրը։ Տարածքը գեղեցիկ և յուրահատուկ է առաջին հերթին բնությամբ, եկեղեցիները և ժայռը չափազանց համահունչ են, մոտակայքում քարանձավներ են և թարմ կանաչ բնություն։ Քոբայր բարձրանալը երկար ժամանակ չի պահանջում, սակայն բարձունքը չափազանց թեք է, ճանապարհը մշակված և կառուցված չէ, խոնավ հողի վրա հեշտ է սահել և ընկնել։ Քոբայրում մեր ուշադրությունը գրավեցին ֆրեսկո ոճի որմնաքանդակները։ Այս ոճով քանդակելիս նկարիչը սրբապատկերները արագ նկարում էր նոր արված շաղախի վրա, մինչև շաղախի չորանալը, որպեսզի ներկը և շաղախը միաձուլվեն, ինչն էլ յուրահատուկ ամրություն էր տալիս, բայց անհրաժեշտ էր հմուտ և արագ նկարիչ։ Քոբայրում կան վրացական արձանագրություններ, եկեղեցիները կրում են քաղկդոանականության հետքեր։
Այսպիսին էր մեր եռօրյա ճամփորդությունը, որի շնորհիվ Լոռին ճանաչեցինք իր յուրահատուկ բնությամբ, զարմանահրաշ և վեհ կառույցներով, այլ աչքով նայեցինք այս ամենին, հիացանք և զարմացանք, ապրեցինք պահն ու զգացինք։
Լուսանկարներ ընթացքից՝



















Комментариев нет:
Отправить комментарий