Նախորդ ամիս ուսուցիչների և սովորողների մի խմբով, քառօրյա ճամփորդության ծրագրով, եղանք Արցախում: Չորս օրերից մեկ, հագեցած օրն անցակացրեցինք Արցախի ամենագեղեցիկ գյուղերից մեկում՝ Հաթերքում: Իսկ հաջորդ օրերին հանդիպում ունեցանք նաև Տիգրանակերտում: Այդ օրերի ընթացքում մի շարք հետաքրքր համատեղ նախագծեր ծնվեցին, հետագա համագործակցության շարունակություն մշակեցինք:
Հաջորդ քայլը Հաթերքի դպրոցի ուսուցիչների և սաների այցելությունն էր Երևան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր: Ժամանակահատվածը շատ կարճ էր՝ երկու օր, այդ պատճառով փորձեցինք հնարավորինս ընդգրկուն կազմակերպել: Սովորողները լրիվ նոր միջավայրում էին, որտեղ ամեն ինչ իրենց հետաքրքիր էր: Համատեղ պարապմունքներ կազմակերպվեցին, որոնց արդյունքում հաթերքցիները ծանոթացան իրականացվող կրթական ծրագրին: Համատեղ պարապմունքներից էին տեխնոլոգիան, պարը, մարմնակրթությունը, կավագործությունը, ծանոթացան նաև ընտրությամբ գործունեությանը, կրթահամալիրի բաց, ներառող միջավայրին: Այս շարունակական էր, քանի որ նախորդ ճամփորդության ժամանակ սեբաստացի սովորողները մնացել էին հաթերքցիների տանը և ավելի մտերմացել, ընկերացել էին: Օրվա երկրորդ մասով նաև հայրենագիտական ճամփորդություններ էին նախատեսված՝ Էջմիածին և շրջայց Երևան քաղաքով: Մասնակցեցին նաև նախագծային շաբաթվա ընթացքում կազմակերպված սեմինարներին և կլոր սեղաններին: Որպես հետագա շարունակություն նախատեսում ենք առաջիկայում.
- Հաթերքի խմբի մասնակցություն Մայիսյան հավաքին՝ հստակ նախագծով,
- Սեբաստացի սովորողների խմբի վրանային ճամբար ամռան ընթացքում Հաթերք գյուղում:
Комментариев нет:
Отправить комментарий