Երկաթուղին ոլորվում էր Շիրակի ծաղկած դաշտերում: Վագոնի լուսամատից նայում էի այնքան սիրելի հողի կտորին, ուր խաղաց ու անցավ իմ բախտավար մանկությունը։
Ահա՛ և Օհան-ամու ջաղացը։ Այստեղ էր մի ժամանակ չխկչխկում Օհան-ամու ջաղացը։ Առուն չորացել է հիմա, ջաղացը ավերվել է վաղուց, միայն երեք ուռի և մի բարդի է մնացել այն փոքր ծաոուտից, որ տնկել էր Օհան-ամին ջաղացի շուրջը։
Ինչքա՜ն անգամ ենք նստել այս ծառերի տակ Օհան-ամու հետ և զրույց արել։
Այն օրվանից շատ բան է կուլ գնացել ժամանակի անհունության մեջ՝ անկրկնելի և անվերադարձ.— և Օհան-ամին էլ չկա, վաղուց մեռել է նա և թաղված է այս ծառերի տակ իր սրտի ուզածի համաձայն։
Եվ հիշում եմ քո իմաստուն խոսքը, Օհան-ամի. «Մարդը կէրթա, աշխարքը կմնա» ։
Մեր ջաղացից կես ժամ հեռու, Ախուրյանի զառիթափի վրա էր գտնվում Օհան-ամու փոքրիկ ջաղացը մի աղորիքով, որ դառնում էր Ախուրյանի մեջ թափվող մի կարկաչուն առվակի ջրով։ Իր ձեռքով էր շինել Օհան-ամին ջաղացը և նրան կիպ տնակը, և իր ձեռքով էլ մշակում էր ոչ մեծ բոստանը, որ փռված էր ջաղացի շուրջը մինչև գետի եզերքը։
Երբ մեր ջաղացն էի լինում՝ հաճախ այցի էի գնում Օհան-աման։ Թեյ ու շաքար էի նվեր տանում նրան, որ միասին թեյ խմեինք և լսեի նրա զրույցները։
Շա՜տ վաղուց է այդ։ Շա՜տ տարիներ առաջ, այն պարզասիրտ և միամիտ ժամանակները, երբ Օհան-ամա ծերունի ընկերները, գյուղից գյուղ, ցուպերը շավիղների քարերին ծեծկելով, քթերի տակ մի հին բան թոնթնալով, կորամեջք ու տնկտնկալով գալիս էին ջաղացը հատկապես Օհան-ամա ընտիր թյությունից մի չիբուխ քաշելու և հնությունից մի– երկու խոսք իրար հետ սրտանց խոսելու համար, և նորից տնկտնկալով վերադառնում էին իրենց գյուղերը։
Պատանի երևակայությանս համար երևում էր լուրջ, մենակյաց Օհան-ամին, իբրև նահապետական դարերի մի իմաստուն, որ վաթսուն տարիների գագաթից նայում է աշխարհին, միտք է անում աշխարհի բանը՝ ծխելով իր «համբերանքի չիբուխը» ։
Իմ թարմ զգայության վրա խորհրդավոր տպավորություն էր թողնում նրա անցրած ու ապրած կյանքը և իր ապրումներից գումարած մտքերը։
Մինչև քառասուն տարին Օհան-ամին ապրել էր իրեն պապերի գյուղում, աշխատել էր օր ու գիշեր, ցանել ու հնձել, Կողբ ու արանները քիրա-քյարվանի գնացել, ծնողներին խնամել ու պատվով թաղել, քույրերին ամուսնացրել, ինքն էլ ամուսնացել և որդիներ հասցրել։
Քառասուն տարեկան հասակում գյուղում հողաբաժին եղավ։ Հարուստներն իրենց մեջ բաժանեցին բերրի հողերը և ստերջ հողերը տվին թույլերին, խեղճերին։
Օհանը զայրացավ։ Վառեց ու բորբոքեց հողազուրկների արդար վրեժը։ Գյուղի զրկված մասը ըմբոստացավ։ Հարձակվեցին, ծեծեցին ռեսին ու մի քանի հարուստների։
Գանգատը հասավ քաղաք։ Եկավ կաշառված պրիստավը մի քանի յասավուլներով (ոստիկան), հավաքեց ըմբոստներին, բարկացավ, ոտները գետին զարկեց ու քաշեց նրանց մտրակի տակ։
Արյունը կոխեց Օհանի աչքը. ձեռքը ձգեց պատահած քարին և նետեց պրիստավի կրծքին։ Ծեծվողները թև առան, հարձակվեցին յասավուլների վրա, զինաթափեցի ն նրանց, քարահալած արին պրիստավին ու ոստիկաններին և գյուղից քշեցին։
Երրորդ օրը, երբ կազակները եկան նրանց ձերբակալելու՝ նրանք գյուղից փախել էին արդեն, ելել էին սարերը, «ղաչաղ» էին ընկել։
Կարճ ժամանակի ընթացքում փախստական գյուղացիները մեկ-մեկ իջան գյուղը, ընկան հարուստների ոտները, ներում խնդրեցին և ներվեցին։
Օհանը մնաց չորս ընկերքով փախստական։ Մի ժամանակ հետո, չորս ընկերն էլ եկան, վզները դրին հարուստների շեմին, ներում ստացան։ Բայց Օհանը մնաց մենակ և անսասան։ Նա չզիջեց։ Մերժեց հարուստների պատգամը, որ ուղարկել էին նրանք — հանձնվել, զղջալ և թողություն ստանալ։
Մի օր էլ, մատնությամբ, մի գյուղում բռնվեց նա։ Ձեռները կապեցին հետևը, տարան Գյումրի քաղաքը, դատեցին և չորս տարվա բանտարկություն վճռեցին։
Երբ Օհանը բանտից ազատվեց, գյուղն եկավ, որդիները հասել էին արդեն, ուժովցել և հարստացել, բայց իրեն մենակ զգաց գյուղում, չուզեց տեսնել իր դավաճան, փոքրոգի ընկերների երեսն անգամ։ Չուզեց մնալ գյուղում, որպեսզի ստիպված չլինի պատահելու իր թշնամի հարուստներին։
Արդեն բանտում երազել էր մեկուսանալ — «աշխարհաթող» լինել։ Եվ հիմա, բանտից ելնելով՝ վճռեց և վերջնականապես տեղափոխվեց ջաղացը։ Եվ միայն շատ անհրաժեշտ դեպքերումն էր գյուղ գնում։
Անզոր եղան կնռջ և որդիների թախանձանքները՝ բեկանելու փայփայած նրա իղձը։
«Քանի ողջ եմ, — այսպես ասաց ու այսպես կտակեց իր որդիներին.— էստեղ կաշխատեմ կապրեմ, երբ մեռա, էստեղ թաղեցեք ինձի՝ իմ ծառներիս տակը» ։
Եվ այսպես «աշխարհաթող» եղավ Օհան-ամին։
Այսօրվա պես հիշում եմ իմ այցելած օրերից մեկը։
Ամառ էր։ Ախուրյանում լողանալուց հետո գնացի Օհան–ամու մոտ զրույց անելու։
Օհան-ամին թիկն էր տվել ծառերի տակ։ Մի փոքրիկ արախճին մասնակի ծածկում էր «նրա գլխի նոսր, ճերմակ մազերը։ Ճակատը շա՜տ կնճռոտված էր էրևում։ Ահագին ձյունափայլ մորաքը խառնվել էր բաց կրծքի ալեխառն մազերին։ Ինքնամփոփ ծխում էր չիբուխը։ Ոտների տակ մրափում էր Ասլանը, Օհան-ամա հավատարիմ, հսկա գամփռը։
Բարև տվի և թեյ-շաքարը դրի կողքին։ Խորշոմների մեջ կորած խոհուն աչքերով նայեց ինձ։
— Գալդ բարի, աղախպորս տղա, — այսպես էր նա միշտ կոչում ինձ։
Միջօրեի ճպուռներն արևաբորբոք ճռռում էին, կարծես արևի ձայնն էր այդ, կամ ուղղակի, արևի ճառագայթներն էին ճռռոսմ այսպես բարկ ու բորբոք։
Ջաղացը ծուլորեն չխկչխկում էր։ Ջաղացի դռանը կապած կար մի խղճուկ էշ, որ եռանդով քսում էր մեջքը պատի անկյունին։ Հավերը քջուջ էին անում այս ու այն կողմ։
Ինձ տեսնելով մոտեցավ Օհան-ամու պառավը, որ եկել էր ամուսնուն այցի։
— Ես՝ չէ, թող աղեն ըսե, — դիմեց ինձ, — հայը էսօր քեֆ չունի, կըսե՝ մեջքս կցավի։ Էս չպաւմ հերիք մնա, ինչի՞ համար։ Թող տուն գա, առոք–փառոք ապրի. ջարդվելիք հարսներն ինչի՞ համար են, թող շահեն։ Էս օր-ծերաթյանը դադար չունի, մեկ գլուխ կդատի ու կաշխատի։ Ի՞նչ պիտի տանի աշխարքեն։
— Կնի՛կ, հերիք փնթփնթաս. քանի հազար անգամ ասել եմ քեզի — ես աշխարհաթող եմ եղել. ես էլ գեղն եկողը չեմ։ Խոսքս խոսք է։ Աշխատե՜լ։ Քաւնի ձեռքս բերանս կհասնի, պտի աշխատեմ։ Հո հարստության համար չե՞մ դատում, իմ աչքս կուշտ է։ Տղերքս իրանց համար, ես ինձ համար։ Իմ հացս իմ քրտինքովս պիտի ուտեմ։ Ես քեզնից լավ գիտեմ, որ աշխարքից բան տանող չի եղել, բայց մենակ թե՝ մարդս էս աշխարքն եկել է աշխատանքի համար։ Ձեռքս բան, ոտքս՝ գերեզման։ Պրծա՞նք։
Դե՛հ, էս չայ-շաքարն առ, սեղան բաց, չայդանն էլ դիր, աղախպորս տղի հետ հաց ուտենք, չայ խմենք։ Երբ պաոավը գնաց, ես հարցրի.
— Օհան-ամի, հիվա՞նդ ես։
— Չէ՛, ջանըմ, մեջքիս ցավը հո նոր չէ, հին բան է, բանտից եմ հետս բերել։ Հիմի հո դպա ջահելություն չե՞նք երթա. տվողը ինչ որ տվել է, հիմի քիչ-քիչ ետ կառնի։ Էդպես է աշխարքիս բանը։ Ես էլ կամաց-կամաց ճամփա կիստկեմ դպա հորս քովը։
Ու չիբուխը խրելով գոտկի ծալքը՝ թեթև շարժումով ոտքի ելավ։
— Էրթանք բոստանը, մեկ քիչ սոխ, թարխուն քաղենք: Էսօր կնիկս ինձի համար գառով փլավ է բերել, ուտենք իրար հետ։
Մարգերի նեղ արահետով քայլում էր Օհան-ամին՝ առանց գավազանի, նա տակավին գավազան չէր գործածում: Ասլանը կրկնկակոխ՝ լեզուն դուրս ձգած՝ հետևում էր նրան։
Ես գնում էի նրանց հետևից։
Օհան-ամին կորաքամակ էր արդեն, գլուխը բավական թաղվել էր ուսերի մեջ. հաստ, բայց կարճ ոտները դեռ տոկուն էին ու ամար։
Ասլանը՝ կապտավուն մազերավ աժդահա գաւմփռը, իր տոհմի երրորդն էր, որ ապրում էր այստեղ։ Նրա եղբայրներն ու քույրերն ապրում էին գյուղում, Օհան-ամու տանը:
Այս Ասլանից առաջ երկու Ասլան ապրել էին այստեղ՝ իրար հաջորդելով և նրանց թաղել էր Օհան-ամին բոստանի ծայրում ու վրաները քար ձգել։
Օհան-ամին թարմ կսկիծով մեկ-մեկ հիշատակում էր նախորդ Ասլանների բարեմասնույթյունները, նրանց հետ կապված դեպքերը, նրանց անձնազոհ քաջությունները։
Ասլանը Օհան-ամուց մի վայրկյան չէր բաժանվում, երբ իրար չէին տեսնում՝ անհանգիստ ու ջղայնացած որոնում էին իրար։
Իրար հետ սեղան էին նստում։ Օհան-ամին ուտում էր իր ճաշը, Ասլանը՝ իր լափը։
Ձմռան երեկոները, Օհան-ամին բուխարիկի կողքին նստած՝ լուռ, իր չիբուխն էր ծխում, Ասլանը նրա ոտների տակ, գլախը թաթերի վրա դրած, լուռ, չիբուխի ծուխի պարույկներին էր հետևում։
Երբ մեկը Ասլանի մոտ «Օհան-ամի» արտասաներ, նա աչքերը կբանար լայնորեն, ականջները կսրեր, պոչը կշարժեր։ Օհան-ամու անունը թինդ էր հանում Ասլանի հոգին։
Վա՜յ թե մեկը Օհան-ամու բացակայության ժամանակ ձեռք դիպցներ նրա որևէ իրին՝ Ասլանի զայրույթին չափ չէր լինում, կհաչեր ու կգազազեր մինչև տերը գար. սակայն ինքը սիրում էր խաղալ Օհան-ամու իրերի հետ։ Հաճախ այսպիսի հանաքներ էր անում։ Թաքցնում էր Օհան-ամու թյությունի քսակը կամ թաշկինակը, և սուտ-քուն մտած, ներքին հրճվանքով նայում էր՝ թե ինչպե՞ս իր տերը քրքրում է ամեն մի անկյուն՝ կորցրածը գտնելու, և հետո, ինքը քնած տեղից ելնում էր, որոնում, գտնում իրը և ուրախ-ուրախ բերում հանձնում Օհան-ամուն:
Մի օր, եղբորս երեխաներն Ասլանին բռնել էին դաշտում, ուժով տարել էին մեր տուն, փակել մի սենյակում, առատ միս դրել առաջը, որպեսզի այս կերպով սովորեցնեին մեր տան վրա։ Բայց երկու օր Ասլանը գրեթե ոչինչ չէր կերել, անընդհատ ոռնացել էր՝ մինչև որ մայրս արձակել էր նրան։
Եվ Ասլանն իսկույն, խելակորույս, սլացել էր Օհան-ամու մոտ։
Երբ ես մի օր Օհան-ամուն պատմեցի Ասլանի կրած տանջանքը մեր տանը, նա հանգիստ սրտով ասաց.
— Թագավորի պալատն էլ տանես ու ամեն օր հավ ու լոր տաս, էլի պտի պրծնի, գա։
Եվ ավելացրեց.
— Էս շուն է. հալա մեկ ասա՝ շուո՜ւն։ Էս մարդ արարած չէ։ Էս՝ կնիկարմայտ չէ։ Էս շուն է — հավատարմություն։ Մարդու բնույթն իսկի չի կրնա հասկանա շան բնույթը։ Մարդը սուտ է, հավատարմությունը մարդու համար անհասկանալի բան է։
Նստեցինք ծառերի ստվերում։ Ասլանը սեղանակից էր մեզ՝ մի փոքր հեռու պպզած։ Մենք գառի ոսկորները նետում էինք նրան, նա էլ ճարպկորեն այնպես էր դիրքավորում գլուխը, որ ոսկորներն ուղղակի ընկնում էին երախի մեջ և մի ակնթարթում հզոր ատաւմներով փշրում էր ոսկորները։ Օհաւն-ամին մի բաժակ օղի խմեց, մի բաժակ էլ ինձ մատուցեց.
— Խմե՛, աղախպորս տղա, խմե, որ ուրախանանք։ Էս աշխարքւում գլխավոր բանը ուրախասիրտ ըլնելն է։ Ուրախությունը բախտավորության կեսն է։ Ինչ որ ըլնելու է՝ պտի ըլնի. էս գլխեն ի՞նչ տալացուք ունենք տխուր ըլնելու։ Էս սհաթն է մեր ձեռքը, քանի էս սհաթը մեր ձեռքն է՝ ուրախ ըլնենք, մեկէլ սհաթի տերը մենք չենք, կարելի է կանք, կարելի է չկանք։
Օհան-ամին բաժակը կրկնեց։
— Ես չար բան սիրող չեմ, կռիվ ուզող էլ մարդ չեմ. ու վիճակիցս էլ շա՜տ գոհ եմ։ Էս ջաղացը, էս կտոր հողը շատ է ինձի համար։ Աշխարքը որ բաժնեն, կարելի է էսքանն էլ ինձի չհասնի։ Էնքա՜ն մարդիկ կան–անտուն, անհող, ետնյալ աղքատ...
— Է՜յ գիտի, Միրզա Մեհդի, ականջդ կանչե՝ թե որ ողջ ես. թե էն է՝ պառկել ես հողի տակ, տղերքդ ողջ ըլնեն։ Էսպես մեկ տաղ կերգեր բանտի մեջ, երկու տարի միալար։ Էդ տաղի խոսքերը մտքիս մեջ տպվել են։ Քսան տարի է՝ ամեն օր կըսեմ ինձ ու ինձ։
Կանաչ դաշտի պարզ հոլիկը
Շահի ոսկե քյոշքից լավ է,
Քրտինքովդ կերած հացը
Սուլթանների ճաշից լավ է։
Շահիրների մուղամներից
Քամու ազատ շունչը լավ է։
Հարուստ, հպարտ ախպորիցդ
Սրտամոտ օտարը լավ է։
Շահի ոսկե քյոշքից լավ է,
Քրտինքովդ կերած հացը
Սուլթանների ճաշից լավ է։
Շահիրների մուղամներից
Քամու ազատ շունչը լավ է։
Հարուստ, հպարտ ախպորիցդ
Սրտամոտ օտարը լավ է։
— Լավ խոսքեր են, — ասացի ես, — բայց ո՞վ էր Միրզա Մեհդին։
— Էն աճամ էր։ Իմ տարիքիս մարդ էր։ Կեղծ փող էին գտել քովը, բերել կոխել էին բանտը։ Երկու տարի իրար հետ շա՜տ սիրով ապրանք, կողք-կողքի, մեկ ամանից էինք ուտում։ Իմ ու քու չունեինք։ Չգիտեմ՝ մեղավոր էր, թե փորձանքի մեջ ընկած.— բանտում բռնված մեկը չկա, որ իրան մեղավոր հաշվե, ամեն մարդ իրան արդար, անմեղ է հաշվում.— բայց ազնիվ, պատվական մարդ էր, իմաստուն մարդ էր, խելքի ծով. շա՜տ երևելի խոսքեր ուներ։
Կնստեր թախտի վրա, չիբուխը կքաշեր միալար ու կըսեր.— «քաշենք համբերանքի չիբուխը մինչև ազատության դուռը բացվի» ։ Ես էլ նրանից սովորեցի էդ խոսքը, ես էլ կքաշեմ հիմի համբերանքի չիբուխը՝ մինչև...
— Կնի՛կ, մեկ հատ էլ լից, — ընդհատելով իր խոսքը՝ Օհան–ամին դիմեց կնոջը, և լիքը բաժակը վերցնելով, կարծես, մի վայրկյան մեզնից անջատվելով՝ հայացքը հառեց հեռուն։
— Կենա՛ցդ, Միրզա Մեհդի, ախպեր ջան, — ասաց և բերանը սրբելով դարձավ ինձ.
— Հա՛, էն կուզեի ասել՝ աշխարքը էն գլխից համբերանք է եղել ու կա...
Շա՜տ տեսակի մարդիկ կային բանտը — եփված, աշխարհատես։ Հայ ասես, թուրք ասես, էլ քուրդ, ըռուս։ Վարժապետ կար, վաճառական, գրել-կարդալ գիտցող մարդիկ։ Շա՜տ բան սորվեցի էդ մարդկանցից։ Վաստակածդ փողը քուկը չէ, կրնա ուրիշը գողնա տանի, բայց ինչ որ սորվեցիր՝ էն քուկդ է։
Մեկ լավ ջահել տղա կար՝ անունը Սարգիս։ Հարազատ ախպերը քառասուն տևսակ զրկել էր նրան, վերջն էլ հողը ձեռքից ուզեցել էր խլե։ Սարգիսը կրակ էր բացել վրեն, վիրավոր էր արել, բայց չէր սպանել։ Բանտ էին քցել մեկ տարով։ Բանն աջողի, անուշ տղա էր, գառի պես, պատվով։
Էդ ագահ ախպոր վրա Միրզա Մեհդին ըսավ։
— Ժամանակով աճամի հողը մեկ մարդ կուգա, կիջնի մեկ գեղ ու կխնդրվի՝ իրան դրկից շինեն, հող տան, ապրի։ Գեղի մեծերը կըսեն.— էս հողը քեզի. կըսե՝ քիչ է։ Կըսեն.– էն մեկն էլ քեզի. կըսե. նորեն քիչ է. էն ժամանակ գեղի մեծերը կըսեն.— Է՜յ դու ծակաչք մարդ, ահան մեր հանդը առաջդ է, վազե՛, ինչքան ոտքդ կտրեց՝ էն քեզի։ Էս մարդն էլ էնքա՜ն կվազե, էնքան կվազե, որ վերջը շունչը կկտրի, սիրտը կպատռի, կընկնի, կմեռնի... Հիմի քու ախպերն է. պատիժն առավ, մահը մոտիկուց տեսավ։ Էդքանն էլ բավական է։
— Մեկ հատ էլ խմենք ու ըսենք՝ հերիք է։
Իմ մերժումիս վրա՝ ինքը խմեց։
— Բանտի մեջ մեկ կոտր ընկած վաճառական կար, շատերի փողը կերել էր։ Ծիծաղու բան էր։ Ում փողը որ կերել էր, նրանց շատերից ամեն օր ուտելիք ու խմելիք կստանար։ Էդ բանի վրա ինքը կըսեր թե՝ ես Նոյ նահապետի պարտապանն եմ։ Ըսել է թե՝ ջրհեղեղի ժամա՛նակ, երբ որ տապանը ջրերի վրա էր, մեկ մարդ լող է տալիս դպա տապանն ու գոռում.— Նո՛յ ջան, ճոպանը քցե, տապանդ ելնեմ։ Մի՛տքդ չէ՞, որ դու եղ չունեիր, քեզի մի տիկ եղ տվի։ Նոյ նահապետը չլսելու տվավ ու մտքի մեջ ըսավ.— Ազատեմ, հետև պտի կանգնի, եղը պահանջե։ Թող ջրի տակն անցնի։
Մեկ ուրիշ մարդ մոտեցավ, թե՝ Նո՛յ, ազատի ինձի, դու լավ մարդ ես։ Էն տարին ալյուր չունեի, մեկ ջվալ ալյուր փոխ տվիր... Նոյ նահապետը տղոցը, թե՝ ազատեցեք, խեղճ է: Ու մտքի մեջ ըսավ, — որ խեղդվի, ալուրս պտի կորի. ազատեմ, կելնի, կաշխատի, պարտքը կուտա։
Հիմի էլ էս իմ պարտատերերն են։
Օհան-ամին չիբուխը լցրեց և մի կում ծուխ, առնելով ու արձակելով, շարունակեց.
— Էսպես, բանտ ըսածդ մեկ հավաք աշխարք է։ Մենակ էն զանազանությունը կա, որ աշխարքում չբռնված գողերն ու արունքտերերն են ապրում, իսկ բանտի մեջ՝ բռնված գողերն ու արունքտերերը։
Բանտի մեջ հասկացա բանի ուղն ու ծուծը. էն թե՝ ամեն, ամեն գեշ բաների պատճառն իմ ու քուն է։ Գեղ ու քաղաք իրար գզում են փողի, հարստության համար, ուրիշի աշխատանքը տանելու համար։
Ու քանի որ փողը կա, մարդ չկա, քանի իմ ու քու կա, սեր ու խիղճ չկա։ Էդտեղից էլ հարուստ ու աղքատ, զրկող ու զրկվող, բանտ արունհեղություն։
Թուրքը կըսե.— «Կուիվն ուրտեղի՞ց է։— Մեկը կուտե, մեկէլը կաշե.— կռիվն էդտեղից է» ։ Ես իմ մասիս.— հաշիվս իստկել եմ աշխարքի հետ։ Ուրիշ ի՜նչ կրնայի անել։ Կռվեցի, բա՛նտ դրին, մենակ մնացի։ Մենակ մարդն ի՞նչ կարւող է անել աշխարքի սարքի դեմ։ Զարկես–զարկվես, օգուտն ի՞նչ։ Գեղ պիտի կանգնի, որ գերան կոտրի։ Հիմի՝ իմ ձեռքս առանց ուրիշի բերնից հաց փախցնելու՝ իմ բերնիս հացը կվաստակե, և էլ արդար հացս միշտ կիսել եմ ուրիշի հետ, ծանոթ-աւնծանոթի հետ:
Ուրախ աղմուկով թևերը թափ տալով եկավ խելառ Մխոն։
— Մխո ջան, — ասաց Օհան-ամին, — նստի հաց կեր։
— Մխոն էնքան ուրախասիրտ է, — դարձավ Օհան-ամին ինձ, — գիտես թե ո՛չ պառավանալ կա, ո՛չ մեռնել։ Աշխարքը իրան վրա ծախես, մեկ կոպեկի չի առնի։ Ամենեն հարուստ մարդն է, ինչու որ ամենեն գոհ ու կուշտ մարդն է։ Ամեն բանի հաղթել է։
Մխոն Օհան-ամու քրոջ որդին էր՝ մանուկ հասակից որբացած։ Մեծացել էր քեռու տանը, իբրև նրա որդիներից մեկը։ Մոտ երեսուն տարեկան կլիներ, նեղ ճակատով, մեծ քթով և բարձրահասակ։
«Խելառշունչի մեկն է», գյուղացիները այսպես էին բնորոշել նրան։ Խելառ-խելոք։ Խոսում էր անկապ, տակից-վրայից, սարից-ձորից։ Սակայն մշտական զվարթ տրամադրության մեջ էր այդ մարդը։ Թվում էր, թե՝ երբեք տխրության զգացած չէր կարող լինել նա։ Աշխարհի չար իրերը նրան բարի դեմքով էին երևում։ Ամեն բան ծիծաղի առիթ էր նրա համար — մահն էլ, մահի բոլոր տարրերն էլ — ցավ, հիվանդություն, ծերություն:
Մխոն ապրում էր Օհան-ամու հետ, թեև նրա մի ոտը ջաղացումն էր, մյուս ոտը՝ գյուղում։ Միասին վարում էին իրենց փոքր տնտեսությունը՝ բաղկացած մի-երկու տասնյակ հավերից ու բադերից և մի կթան կովից։ Միասին կռանում էին ջաղացաքարը և սարքի գցում։
Մխոն անչափ նվիրված էր Օհան քեռուն, նրա խոսքին՝ հլու-հնազանդ։ Եվ միայն Օհան-քեռու հարցերին էր լուրջ պատասխանում։
Մխոն գդակ չէր դնում, գարան-ձմեռ։ Մազերը թաղիքի պես կպել էին գլխի մաշկին։ Միայն սաստիկ ցրտերին բաշլուղ էր փաթաթում գլխին։
Երբ գդակ էին տալիս՝ նա մի կողմ էր նետում, ասելով.— «Իմ փափախս գտեք, տվեք՝ դնեմ, ուրիշը չեմ ուզե։ Իմ փափախս վեցը հատ աբասի արժեր» ։
Գյուղի երիտասարդները, յուրաքանչյուր անգամ նրան տեսնելիս՝ հարցնում էին.
— Մխո՛ ջան, փափախդ ո՞ւր է։
Եվ Մխոն ամեն անգամ, օրական հարյուր անգամ իսկ, միևնույն պատասխանն էր տալիս.
— Ի՞նչը։
— Փափախդ ո՞ւր է։
— Ո՞ւմ։
— Քու փափախդ ո՞ւր է։
— Փափա՞խս, հա՛։ Քամին տարավ փափախս։ Չգիտեմ, խոլեռի տարին էր, թե քեռուս ձիու կորած տարին, մեկ սատանի քամի ելավ, աշխարք առավ մեջ, ջաղցի քարի պես պտտցուց, ֆռռացրեց։ Ես մե մենձ քարի տակ մտա, քարը բռնի, տափ եղա։ Մենակ փափախս տարավ, էդ տանելն է, որ տարավ։ Հիմի վո՜վ գիտե, փափախս ո՞ր սարի գլուխն է կորել, ո՞ր ծովերու վրեն կտմբտմբա։
Ի՜նչ փափախ, ի՜նչ փափախ, վեցը հատ աբասի արժեր։
Մխոն սեղանի ափին ծունկի եկած՝ ձեռքին ընկածը խոթում էր բերանը և խնդումերես նայում Օհան-ամուն։
— Մխ՜ո, գե՞ղն էիր, — հարցրեց Օհան-ամին։
— Վո՞վ։
— Դու գե՞ղն էիր։
— Չէ, քեռի ջան, գնացել ճամփու վրեն կայնել էի էկող–էրթացողի հետ մե-քիչ խորաթա էնելու։
— Քեռի ջան, — բարձր ծիծաղով ավելացրեց, — ըսին թե՝ հոռոմցի Բաթո աղեն մեռել է, հա՛, հա՛, հա՛, մեռել է։
Եվ ծիծաղից դողում էր ողջ մարմնով։ Օհան-ամին աչքերը մի պահ գոցեց, ձախ ձեռքով տրորեց ճակատը և ապա աչքերը վրաս հառելով՝ ասաց.
— Գռող-գռփողի մեկն էր, աղքատի շապիկը վրայից հանող։ Տեղովը որ արև-արեգակ ըլներ էդ Բաթո աղեն, էլի մեկ մարդու չէր կրնա տաքացնե։
Ողորմի՜ կողքի մեռելներին...
Եվ մի երկու ումպ թեյից հետո՝ շարունակեց։
— Լավ կճանչնայի, ինչքան որ ագահ էր, էնքան էլ կծծի էր։ Աշխարքը իրան տայիր՝ աչքը էլի մրջյունի տարած մեկ գարի հատիկի վրա կըլներ։ Ագահ մարդու փորը կրնա կուշտ ըլնի, բայց աչքը միշտ անոթի կըլնի։
Էս մարդը բան էլ չէր ուտում, միալար կդիզեր ու կդիզեր։ Տղա զավակ էլ չուներ, դիզածը մնաց փեսաներին։ Էդպես է աշխարքիս բանը՝ կծծի մարդու վիզը ոջիլը կուտե, փողը՝ ուրիշը։
— Մարդը գնացական է, — ամվտփեց իր մտքերը Օհան–ամին, — նրա լավ գործը՝ մնացական, ըսել է՝ ինքն է մնացական։ Ա՛յ, խոսքի օրինակ, էս շաքարը գցեցիր չայի մեջ, հալավ, կորավ, չկա. բայց չայն անուշցավ։ Էնպես էլ լավ մարդը կմեռնի, բայց նրա լավ գործը աշխարքը կանուշցնե։ Թե չէ աոանց լավ մարդու աշխարքը շա՜տ դառն է՝ օձի լեղի...
— Վո՞վ, — հարցրեց Մխոն։
— Բաթո աղի վրա է խոսքս, Մխո ջան։
— Որ մեկ բրդուճ հաց տար ուրիշին, ի՞նչը կծռվեր, — ասաց Մխոն քրքջալով։
— Ղուրբան եմ եղել էդ ճակատիդ, Մխո՛ ջան, — խրախուսեց Օհաւն-քեոին մի մեծ կտոր շաքար Մխոյին տալով, որը ղռթ-ղռթ աղմուկով մանրեց ատամների տակ։
Քայլ առ քայլ երեկոյանում էր։ Լեռները ծփում էին մանուշակի գույների մեջ, արևածաղիկները ոսկե գլուխները կախում էին։ Դաշտերից ու արտերից դանդաղ-դանդաղ տուն էին դառնում շինականները։
Ես վեր կացա գնալու։ Օհան-ամին ուղեկցեց ինձ մինչև բոստանի ծայրը՝ ճանապարհին մի քանի մատղաշ վարունգներ քաղելով ինձ համար։
Բոստանի ծայրին կանգնեցինք։ Օհան-ամին ծանրությամբ նայեց շուրջը — դաշտերին ու գետի փայլփլան ոլորներին, դաշտերի մեջ ձգվող շավիղներին, նայեց հեռավոր լեռներին, որոնց նայել է տասնյակ տարիների ընթացքում, և մայր մտնող արևին նայեց, ու չիբուխը վառելով ներս տարավ մի ումպ ծուխ, և ապա ծուխ ու հոգոց իրար խառնելով, ասաց.
— Է՜ է՜հ, ծերացա՜նք, ըսել է՝ եկանք հասանք ծերին։ Ամեն բանի ծերին, կյանքի ծերին, աշխարքի ծերին... Վնաս չունի։ Մեկ խնդրանք ունիմ - քանի ողջ եմ, ոտ ու ձեռով մնամ, գետնին գերի չըլնիմ, աշխատեմ, ու էստեղ, ջաղացիս դուռը նստած, համբերանքի չիբուխս քաշեմ, ու ամեն օր լսեմ բարի, ուրախ լուրեր աշխարքիս չորս դիերից, ամեն կողմերից։ Էլ ուրիշ բան չեմ ուզի...
Իմ սիրելի՜ Օհան-ամի։
Շա՜տ և շա՜տ տարիներ են անցել այն օրերից, շա՜տ բան է խավարել իմ հիշողության մեջ, սակայն անջնջելի է մնացել քո նահապետական պատկերը իմ հոգում։
Եվ հիշում եմ միշտ քո անմոոաց զրույցները, և քո համբերանքի չիբուխի խաղաղ ծուխը աչքիս առջևն է դեռ, և քո հանգիստ, հնամենի ձայնը ականջումս է տակավին...
Комментариев нет:
Отправить комментарий