среда, 8 апреля 2020 г.

Ընտանեկան նախագծեր. արդյունքներ, ընթացիկ աշխատանքներ

Ընտանեկան նախագծերը միշտ էլ եղել են հեղինակային կրթական ծրագրի հիմքում: Այժմ՝ կարանտինյան այս օրերին, առավել ակնհայտ է, որ դրանք դառնում են ավելի ընդգրկուն, բազմաբնույթ, գրավում ավելի մեծ լսարան... Հաճախ նախաձեռնող դառնում են հենց սովորողները, ընտանիքը՝ առաջարկելով և սկսելով իրենց նախագիծը:
Դասավանդում եմ Միջին դպրոցի 7-8-րդ դասարաններում: Ընտանեկան նախագծերը, որ առաջարկել եմ սովորողներին , հետևյալն են...
Պետք է ասեմ, որ ընտանեկան նախագծերի հաջողություններին զուգահեռ կան նաև դժվարություններ: Փորձեմ թվարկել դրանք և հիմնավորել.
  • Բոլոր դասավանդողների կողմից հանձնարավում են տարաբնույթ նախագծեր, սովորողը հայտնվում է շփոթմունքի առջև, ծանրաբեռնվածությունը շատ է, չի կարողանում անել, չի հասցնում, հատկապես, եթե մեկ  որակով նյութ պատրաստելու համար պետք է երկար ժամանակ: Իսկ մեր դեպքում այդպես չէ՞, մենք ի՞նչքան ժամանակ ենք ծախսում մի տեսանյութ պատրաստելու, մոնտաժելու, ներկայացնելու համար:
  • Գուցե կրտսեր դպրոցում չկա այս խնդիրը, բայց Միջին դպրոցում շատ սովորողներ խուսափում են տեսախցիկից, կոմպլեքսավորվում են իրենց տեսքից, ձայնից, նման դեպքերում չես կարող ստիպել կամ պահանջել. դա սխալ կլինի, քանի որ պետք է հարգել սովորողի որոշումը, թույլ տալ որոշ ժամանակ անց ինքնուրույն անցում կատարել նման նախագծերի: Այսպես նախագծերից մեկի ժամանակ սովորողը ցանկացավ մասնակցել, սակայն ընթերցում էր այնպես, որ տեսախցիկը չնկարի դեմքը
  • Շատ դեպքերում ընտանիքը նույնպես չի ցանկանում մասնակցել՝ գուցե ելնելով վերոնշյալ խնդիրներից... Պատճառներ կարելի է շատ գտնել: 
  • Կան նաև սովորողներ, ովքեր դժվարություններ ունեն մոնտաժային աշխատանքներ կատարելու հետ կապված, արդյունքում նախագծերը կիսատ են: 
  • Շատերն ունեն իրենց հետաքրքրությունները, իրենց ներամփոփ կյանքը, և հաճախ սովորողները դժվարությամբ են այն բացում: Այս առումով իսկապես բացահայտում էին սովորողների ներկայացրած հաշվետվությունները. շատերը երևացին այնպիսի ոլորտներում, հետաքրքրություններով, որ մինչ այդ չէիր էլ կարող մտածել: 
Ընտանեկան նախագծերին շատ սովորողներ անդրադարձել են իրենց պատումներում: Սովորողների հաշվետու պատումներից. 
  • Ցավոք, նախագծերս այնքան շատ չեն, ինչքան ցանկալի կլիներ: Ընտանեկան նախագիծ անգամ չունեմ, դժվարություններ կան: Ասյա Բանդուրյան
  • Այս կարանտինի օրերին առանց ընտանիքի  գնացել եմ ծանոթների մոտ՝ Լուսակերտի ամառանոցներից մեկը. այստեղ ավելի մաքուր օդ է, քան Երևանում, և բակ դուրս գալ էլ է լինում, այդ պատճառով է, որ ընտանիքիս հետ չեմ, չեմ կարող ընտանեկան նախագծեր անել: Դավիթ Հարությունյան
  • Ընտանեկան նախագծերի չեմ մասնակցել, այն պատճառով, որ նույնիսկ կարանտինի ժամանակ իմ ընտանիքի մեծամասնությունը, մեկ է, աշխատում է: Էրիկ Սմբատյան
  •  Ընտանեկան նախագծեր կատարում եմ, սակայն ավարտին չեմ հասցրել և աշխատում եմ դրանց վրա։ Կատարում եմ նաև խոհանոցային նախագիծ ընտանիքիս հետ և աշխատում եմ, որ ավարտին հասցնեմ։ Զառա Բաբայան
Նույն սովորողների հաշվետու պատումների հիման վրա առանձնացնենք մի քանի կետ: Իրականում սովորողներն ընտանիքի հետ տարաբնույթ գործունեություններ են իրականացնում, ուղղակի անհրաժեշտէ դրանք բերել մեդիադաշտ, ձևակերպել որպես նախագիծ, ներկայացնել, տեսագրել, ձայնագրել.
  • ընթերցումներ. ծնողը՝ որպես խորհրդատու 
  • ընտանեկան խոհանոց. միասին պատրաստում են
  • ընտանեկան խաղեր
  • ընտանեկան կինոդիտումներ 
  • ընտանեկան զրույցներ
  • ընտանեկան զբոսանքներ
  • ընտանեկան այլ աշխատանքներ՝ տանը, այգում... 
  • գործունեություններ՝ կապված ծնողների մասնագիտության, նախասիրությունների հետ,
  • Հաճախ անգամ տեսադասերին են ընտանիքով մասնակցում: 
Այսպիսով, ամփոփելով ասվածը, նշեմ, որ այս կետերը տեսանելի են բոլոր սովորողների մոտ, սակայն լիովին  լուսաբանված չեն, այսինքն պետք է սովորողին ուղղորդել՝ ներկայացնելու... : Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ կրթահամալիրում ուսուցումն անհատական է, յուրաքանչյուր սովորողի նախագծային գործունեություն նույնպես անհատական մոտեցում է պահանջում... 

Իմ սովորողների նախագծային նյութերից.

Այլ սովորողների նախագծեր. դասավանդող՝ Հասմիկ Թոփչյան 
Մայրենի լեզվի նախագծերում գերակշռում են տարաբնույթ  ընթերցումները: Ընթերցանության նյութերը կապված են ընթացիկ նախագծերի հետ՝ Չարենց, Աղայան, Բախ, Թումանյան , այլ...:  
Տեսադասերին սովորողները մասնակցում են հաճույքով, անգամ կան սովորողներ, ովքեր առաջ այդպես ազատ և հեշտ չէին արտահայտվում, հիմա անհամբեր սպասում են տեսադասերին: Սակայն, օրվա ընթացքում մի քանի ժամ տեսադասի մասնակցող սովորողը դժվարանում է օրվա երկրորդ կեսից հետո այլ նախագծեր իրականացնել: Գուցե ավելի լավ կլինի, եթե սովորողն անձամբ առաջարկի իր նախագիծը, աշխատի այդ նախագծով՝ չկատարելով դասավանդողների առաջարկածները: Այս փուլում նաև  ծնողին ոգևորելու կարիք կա՝ ընտանեկան-առցանց դպրոցի գործունեություն ավելի տեսանելի դարձնելու համար: Բացի այդ, եթե չկա ընտանիքի որևէ անդամի փաստացի ներկայությունը նախագծում, չի նշանակում, որ նա դրանից անմասն է, ընտանիքի մասնակցում է որպես խորհրդատու, օգնող, նկարահանող, շարադրանքի խմբագրող, մտքերի ուղղորդող և այլն... : Շատ նախագծեր էլ դեռ ընթացքի մեջ են, քանի որ իրականացման համար երկար ժամանակ են պահանջում: 
Հիմնավորելով ամբողջը՝ պետք է նշել, որ առցանց-ընտանեկան դպրոցը գործող իրականություն է, որի փաստացի արդյունքն են բազմաթիվ նախագծային աշխատանքները ինչպես կայքում, այնպես սոցցանցերում՝ հրապարակված ծնողների կամ սովորողների կողմից: 





Комментариев нет:

Отправить комментарий