вторник, 12 мая 2020 г.

Ամբերդ

Հայաստանի տարածքում պահպանված հուշարձաններից գերակշռող թիվ են կազմում հոգևոր շինությունները՝ եկեղեցիները, վանքերը: Սակայն  կան նաև  լավ պահպանված  պաշտպանական կառույցներ՝ ամրոցներ, որոնցից է  Ամբերդը:  Գտնվում է Արագածոտնի մարզումծովի մակերևույթից 2300 մ բարձրության վրա, մայրաքաղաքից հեռու է 54 կմ : Ամբերդի տարածքում հայտնաբերված կիկլոպյան շինությունների մնացորդները փաստում են, որ բնակավայրում ամրոցային շինություն է եղել դեռ հնագույն ժամանակներում: Հետագա դարերում շարունակվել են ամրոցի շինման աշխատանքները, սակայն կառուցվում և ամբողջական տեսք է ստանում 10-13-րդ դարերում:

Շատ հարմար է պաշտպանական դիրքը՝ երկու կողմերում հոսում են Ամբերդ և Արքաշեն գետերը, պարիսպներից բացի ունի նաև բնական անառիկություն: Պետք նշել նաև, որ Ամբերդը համարվել է Անի քաղաքը պաշտպանող տասը բերդերից մեկը:
Ս. Հարությունյանի տեսակետի համաձայն՝ Ամբերդ անունը ծագել է աղավաղման հետևանքով, նախնական անունը եղել է Անբերդ։ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում» Ամբերդ անունը , ըստ ժողովրդական ստուգաբանության, բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ, կից-բերդ, առանց բերդ: Այս բացատրությունը ,ըստ երևույթին, կապված է տեղանքի անմատչելի լինելու, բնական բերդ համարվելու հետ
Ամրոցը բաղկացած է պարսպից, դղյակից, բաղնիքից, եկեղեցուց, դեպի կիրճ տանող գետնուղուց:
Պարսպապատերը կառուցված են մեծ բազալտե քարերով, շաղախի ամրության համար օգտագործվել է կիր։  Պարսպի և աշտարակների բարձրությունը 12-13 մ է եղել: Պարիսպն ունեցել է երկու մուտք՝ հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածներում:
 Եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի ամենաբարձր մասում, ունեցել է 1500 քառ. մ մակերես։ Դղյակի հարկաբաժինները միմյանցից բաժանվել են գերանների վրա գամած տախտակներով։ Առաջին երկու հարկերից յուրաքանչյուրում  միաշար դասավորված 5-ական սենյակներ կանԵրեք կենտրոնական սենյակներից ներքին պատով անջատվում է  նախասրահը: Վերին հարկի սենյակները նախատեսված են եղել ընդունելությունների համար։ Պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները թույլ են տալիս եզրակացնել, որ սենյակներն ունեցել են ճոխ հարդարանքներ՝  զարդաքանդակներճրագներ , բուրվառներ։
Ամբերդն ունեցել է մշտական ջրամատակարարում. ջուրը բերվել է կավե խողովակներով՝ 5 կմ հեռավորությունից: Պահպանվել են ջրամբարներ, ուր հավաքվել են հալչող ձյան և ձորամիջյան աղբյուրների ջրերը: Գաղտնուղին նույնպես ծառայել է պաշարման ժամանակ ջուր վերցնելու համար: Դղյակը ունեցել է նաև ջրամբարներ՝ նախատեսված կենդանիների համար:
Բաղնիքը կառուցվել է  10-11-րդ  դարերում։  Ունեցել է ընդարձակ լողասրահ և հանդերձարաններ: Ջուրը բաղնիք է բերվել կավե, իսկ տաք ջուրը լողասրահ` երկաթե խողովակներով։ Ջեռուցման համար կիրառվել է «հիպոկաուստ» համակարգը. հնոցի ծուխն անցնելով հատակի տակով, դուրս է եկել պատերի ծխնելույզներով` տաքացնելով լողասրահների հատակն ու պատերը։
Եկեղեցին կառուցվել է 1026 թ. հայոց  սպարապետ իշխան Վահրամ Պահլավունու կողմից. այս մասին է վկայում եկեղեցու հյուսիսային մուտքի արձանագրությունը: Ուշադրություն դարձնենք, որ կառույցը եկեղեցի է, ոչ թե վանք, և այս առումով նույնպես առանանձնահատուկ է, քանի որ այդ ժամանակաշրջանից մեզ հասած եկեղեցիները չափազանց քիչ են:  Այն դրսից  ուղղանկյուն, ներսից խաչաձև է, ունի կենտրոնական գմբեթ, կամարակապ մուտքը զարդարված է սյունափնջերով: Այս եկեղեցին Հայաստանում այն առաջին եկեղեցիներից է, որոնց խաչաթևերի 4 անկյուններում կրկնահարկ ավանդատներ են։ Նախագծով շատ նման է Մարմաշենին: Եկեղեցու մոտ տեղադրված է  8-9-րդ դարերով թվագրվող խաչքար, որի  պարզ հորինվածքը` մեծ հիմնախաչը և խաչաթևերի մշակումը թույլ են տալիս ենթադրել, որ այն խաչքարային արվեստի վաղ օրինակներից է և քանդակվել է եկեղեցուց տարիներ առաջ։
 1196 թվականին Զաքարյանները ազատագրում են Ամբերդը և հանձնում Վաչուտյաններին: 1236 թվականին Ամբերդը գրավվել և ավերվել է մոնղոլների կողմից, սակայն   13-րդ դարում Վաչուտյաններն այն նորից վերանորոգում են: Վերջնական ավերվում է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ ՝ 14-րդ դարի վերջին, և այլևս չի վերականգնվում:
Վերջին տարիներին Ամբերդը դարձել է զբոսաշրջային բանուկ ուղղություններից մեկը. այցելում են և՛ Հայաստանի քաղաքացիներ, և՛ արտասահմանցի զբոսաշրջիկներ: Ամբերդից քիչ հեռու՝ Արագածի փեշին է գտնվում Քարե լիճը, որտեղ տարին գրեթե տասներկու ամիս հնարավոր է ձյուն տեսնել, ըստ այդմ՝ ավելի մեծաթիվ են ասիացի զբոսաշրջիկները, ովքեր իրենց երկրներում ձյուն չեն տեսնում: Իսկ Ամբերդի ձորը շատ հարմար է քայլարշավներ կազմակերպելու համար:
Վերջին վերականգնողական աշխատանքները կատարվել են 2005-2007 թվականներին : Այսօր էլ Ամբերդը խիստ կարիք ունի վերանորոգման աշխատանքների, գտնվում է վթարային վիճակում, քարերն առանձնացած են, հնարավոր երկրաշարժի ժամանակ փլուզման վտանգը մեծ է: ՀՀ կառավարության  որոշմամբ, Ամբերդը 2017 թվականից  համարվում է պատմամշակութային արգելոց: Այժմ մուտքը տոմսով է. ՀՀ քաղաքացիների համար տոմսն արժե 700 դրամ, արտասահմանցիների համար՝ 1400 դրամ:    Արգելոցի ֆեյսբուքյան էջը ՝ https://www.facebook.com/pg/amberdamroc/posts/ :
 ՀՀ կառավարության մյուս որոշմամբ, Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցին անժամկետ՝ անհատույց իրավունքով, տրվել է Հայոց Առաքելական եկեղեցուն, որտեղ այժմ անցկացվում են  պատարագներ. այդ օրերին մուտքն ազատ է այցելուների համար:
Ամբերդի ճանապարհին կա մի հետաքրքիր անոմալ հատված: Ճանապարհի այս հատվածը թեքություն ունի, և որևէ իր ասֆալտի վրա տեղադրելիս բարձրանում է վեր՝ իջնելու փոխարեն: Նմանատիպ վայրեր ամբողջ աշխարհում մի քանիսն են, համարվում են անոմալ երևույթներ:
Աղբյուրներ
1.      «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հինգ հատոր, 1986-2001, հեղինակներ՝ Հովհաննես Բարսեղյան, Ստեփան ՄելիքԲախշյան, Թադևոս Հակոբյան
2.      Հ. Եղիազարյան «Ամբերդ ամրոցը», 1955 թ.
4.      Ս. Վ. Հարությունյան «Անբերդը X-XI դարերում»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն վանքեր և եկեղեցիներ հանձնելու մասին

Комментариев нет:

Отправить комментарий