Նիկոլաևյան երկաթգծի կայարանում հանդիպեցին երկու ծանոթ մարդիկ՝ մեկը հաստլիկ, մյուսը նիհար։ Հաստլիկը հենց նոր էր ճաշել կայարանում, և նրա յուղոտ շրթունքները հասած բալի պես փայլում էին։ Նրանից գալիս էր խերեսի ու ֆլյոր֊դ’օրանժի բուրմունք։ Իսկ նիհարը նոր էր դուրս եկել վագոնից ու ծանրաբեռնված էր ճամպրուկներով, կապոցներով ու տուփերով։ Նրանից գալիս էր խոզի ապուխտի ու սուրճի հոտ։ Նրա ետևում կանգնած էին երկար կզակով մի նիհար կին՝ նրա կինը, և աչքի մեկը կկոցած մի բարձրահասակ գիմնազիստ՝ տղան։
— Պորֆիրի՜,— բացականչեց հաստլիկը, նկատելով նիհարին։— Այդ դո՞ւ ես։ Սիրելի՜ս։ Ինչքա՞ն ժամանակ է, որ միմյանց չենք տեսել։
— Աստված իմ,— զարմացավ նիհարը։— Մի՜շա։ Մանկությանս ընկե՜ր։ Որտեղի՞ց հայտնվեցիր։

















