Չորրորդ ուսումնական շրջանը ամփոփեցինք եռօրյա ճամփորդությամբ։ Այս անգամ ուղևորվեցինք դեպի Հայաստանի հյուսիս՝ հեքիաթային Լոռի աշխարհ։ Մեր նպատակն էր ծանոթանալ այս ուղղությանը, ուսումնասիրել հայրենագիտական կանգառները, ճանաչել Լոռի աշխարհը։ Ուսումնական չորրորդ շրջանը՝ իր ճամբարային ազատ գործունեությամբ, հնարավորություն է տալիս նման գործունեությունը խորությամբ իրականացնել։
Առաջին կանգառը Տառերի պուրակում էր, որի կողքով բազմիցս անցել էին, բայց չէին կանգնել և ուսումնասիրել։ Այստեղ վերջին տարիներին ստեղծվել են հարմարություններ զբոսաշրջիկներին գրավելու համար։ Հուշարձանը ստեղծվել է 2005 թվականին Հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ։ Այս կանգառը հնարավորություն տվեց խոսել գրերի գյուտի մասին, լսել սովորողների կարծիքը դրանց դերի մասին, նաև նոր տեղեկություններ հիշել աշխարհում գործող այբուբենների և դրանց արժեքի մասին։
Երթուղու հաջորդ կանգառը Սպիտակ քաղաքն էր, որտեղ այցելեցինք Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցի, այստեղ էլ խոսեցինք Սպիտակի երկրաշարժի և դրա հետևանքների մասին, քննարկեցինք նաև այդ ժամանակաշրջանի քաղաքական-հասարակական իրավիճակը։
Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ևս բաց չթողեցինք, քանի որ այն Հայաստանի ամենատապավորիչ և ավանդազրույցներով հարուստ եկեղեցիներից մեկն է, որի ճարտարապետական յուրահատուկ կառուցվածքը թույլ է տալիս խոսել եկեղեցիների այս առանձնահատկության մասին, ուսումնասիրեցինք նաև որմնանկարները։
Իսկ մեր բնակության վայրը Լոռու մարզում Գարգառ գյուղն է։ Գյուղական այս հյուրատունը հնարավորություն է տալիս երեք օր անցկացնել Լոռվա կանաչ բնության մեջ, շփվել մարդկանց հետ, ծանոթանալ գյուղին և գյուղի կյանքին։ Տեղավորվելուց հետո քայլեցինք դեպի գյուղի եկեղեցի, որը մարդաշատ էր, առանձնացված փոքրիկ բարձունքին՝ շրջապատված գետակով և կանաչ բնությամբ։ Այստեղ այնքան խաղաղ էր, որ երկար ժամանակ նստեցինք, զրուցեցինք և վայելեցինք։
Օրն ավարտեցինք Ստեփանավանի մոտակայքում, նախ քայլեցինք Մայորի ձոր կոչվող հատվածը, որը շքեղ քարանձավ էր Լոռվա ձորում։ Դեպի քարանձավ տանող ճանապարհը տպավորիչ էր և անմոռանալի։ Այն փոքրիկ աստիճանաձև արահետ էր, որը մի քանի հարյուր մետր շրջանաձև իջեցնում էր քարանձավ՝ հնարավորություն տալով ամբողջ ճանապարհին վայելել ջրվեժը և Լոռվա ձորը։ Հասանք քարանձավ մթնշաղին, և տեսարանն ավելի տպավորիչ դարձավ։
Օրվա վերջին կանգառը Ամրակիցի Սուրբ Նիկողայոս եկեղեցին էր, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ Հայաստանում ռուս կազակների գործունեությանը և ուղղափառ եկեղեցու առանձնահատկություններին։ Եկեղեցին տվյալ պահին վերանորոգման մեջ և կորցրել էր իր յուրահատուկ տեսքը։
Ճափորդական երկրորդ օրը սկսեցինք քայլարշավով՝ Կուրթանից քայլեցինք դեպի Հնեվանք, այնուհետև՝ Արևածագի ձոր։ Հնեվանքը հիացնում էր իր վեհությամբ։ Մի փոքր կանգառ ունեցանք և խոսեցինք վանական համալիրի կառուցման մասին՝ անդրադառնով այդ ժամանակաշրջանին, Զաքարյան իշխանատոհմին և եկեղեցու վրացական լինելու տեսակետին։ Այս ուղղությամբ քայլողներին խորհուրդ կտամ երեկոյան կողմ քայլել, քանի որ սարսափելի շոգ էր, և չկարողացանք ճանապարհը լիարժեք վայելել։
Վարդաբլուր գյուղով անցնելիս կանգնեցինք Վարդաբլուրի լճերում, որը մի քանի մասից բաղկացած միջանկյալ քայլուղիներ ունեցող ջրային տարածք էր, հաճելի սառն և առատ բուսականությամբ։ Որպես զբոսայգի հրաշալի վայր էր։
Օրն ավարտեցինք մարզական խաղերով և երեկոյան խարույկով։
Առավոտյան նախավրժանքից և հավաքվելուց հետո այցելեցինք Լոռե բերդ, որը յուրահատուկ վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել բերդերի կառուցվածքը և գործառույթները։ Հատուկ ուշադրության էին արժանի մեծ և փոքր բաղնիքները, որոնց ջրատար կավե խողովակները բաց երևում էին պատերի մեջ։
Այսպիսին էր մեր եռօրյա ճամփորդությունը՝ հագեցած հայրենագիտությամբ, քայլքով, մարզական խաղերով և բացահայտումներով։










Комментариев нет:
Отправить комментарий