Կրթահամալիրն արդեն 16 տարի է իրականացնում է ,,Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ,, նախագիծը։ Տարիների ընթացքում ստեղծվել է լայն և ջերմ գործընկերություն։ Կրթահամալիրն իր հեղինակային, այլընտրանքային կրթական ծրագրով միշտ եղել է հետաքրքիր և գրավիչ վրաց գործընկերների համար։
Հերթական հրավերը ստացանք․ Թբիլիսիում անցկացվում է ամենամյա Ուսուցչական երրորդ համաժողովը, որի կազմակերպիչը թիվ 30 դպրոցն էր։ Ռինա Շագինյանի և կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի, մանկավարժության լաբորատորիայի հետ նախապատրաստվեցինք հանդիպմանը՝ պատրաստելով սահիկաշար համաժողովի բովանդակային ուղղություններով։ Սահիկաշարը պատրաստեցինք երկու լեզվով՝
- Ուսուցիչների մասնագիտական զարգացում,
- Առողջ ապրելակերպը դպրոցում,
- Հանդուրժողական մշակույթ։
Համաժողովը տեղի ունեցավ հունիսի 20-ին՝ Թբիլիսի թիվ 30 դպրոցում։ 10:00-ին սկսվեց հյուրերի, գործընկերների, կրթության փորձագետների ընդունման գործընթացը։ Պետք է ասեմ, որ շատ լավ կազմակերպված էր, բոլոր մասնակիցների անունները ճշտված էին, յուրաքանչյուրս մուտքի ստորագրությունից հետո ստացավ համաժողովի կողմից փաթեթ, որը ներառում էր համաժողովի անվանական բեյջ, նոթատետր, գրիչ՝ նշումների համար, նաև համաժողովի մանրամասն ծրագիրը, որը սակայն միայն վրացերեն լեզվով էր։ Ծրագիրը նախատեսում էր 12 հանդիպում-ելույթ տարբեր դպրոցների ներկայացուցիչների, գործընկերների հետ։
Հանդիպմանը ներկա էին մասնակից դպրոցների տնօրենները, ուսուցիչները, կրթության անկախ փորձագետներ, Թբիլիսի Չոուրեթի շրջանի Արհմիության նախագահը, այլ հյուրեր։
Մինչև սկսելը կարողացանք հանդիպել և՛ մեզ հրավիրող կողմի՝ Լարիսա Մելաձեի /թիվ 37 դպրոցի տնօրեն/ հետ, և՛ տեսնել տարբեր նախագծերով կրթահամալիրում եղած գործընկերներին, և՛ ծանոթանալ մյուս մասնակիցներին։
Համաժողովի բացումը սկսվեց կազմակերպիչների ողջույնի խոսքով, որից հետո թիվ 37 դպրոցի դասավանդողները հանդես եկան երաժշտական ողջույնով։
Հնչեց ազգագրական երգ, որը կոչվում էր ,,Երեք հազար տարի առաջ,, ։
Երկրորդ երգը, որը կատարեցին թիվ 37 դպրոցի դասավանդողները, գիտեին և երգում էին բոլորը, կոչվում էր ,,Ցիցինատելա/ լուսատտիկ,,։
Այնուհետև սկսվեց ներկայացումների առաջին մասը, որտեղ դասավանդողները ներկայացնում էին իրենց ստացված և հաջողված նախագծերը։
- Վիկտորյա Սոնաձեն ներկայացրեց իր իրականացրած երաժշտական-թատերական ոչ ֆորմալ կրթության նախագիծը։ Նույն նախագիծն իրականացվել է 1-12-րդ դասարանի սովորողների համար նույն ժամանակահատվածում և տևել մեկ շաբաթ։ Յուրաքանչյուր տարիքի սովորող կատարել է իր տարիքին և հմտություններին համապատասխան մասը։ Վիկտորյան նշեց, որ ուսուցման միջավայրը մեծ նշանակություն ունի, կարևոր է , որ ուսուցման գործընթացում ներգրավված լինի իրական կյանքը, սովորողի առօրյան։ Դասարանական պատերը երբեմն ավելի ճնշող են, և կրթությունը հեռացնում են իրական կյանքից։ Մասնակիցները նշեցին, որ նախագծի ծավալները հաշվի առնելով՝ մեկ շաբաթում ահռելի աշխատանք է կատարվել։
- Սոֆիկո Չխիտաձեն, ով նույնպես աշխատում է թիվ 37 դպրոցում, ներկայացրեց խմբային աշխատանքների դերը, խնդիրները և խնդիրների միասնական լուծումը։ Նախագծի շրջանակներում դասավանդողն առանձացրել էր հինգ թեմա, որի շուրջ սովորողներն ուսումասիրություն էին արել և վերցրել հարցազրույցներ։ Սոֆիկոն նշեց, որ խմբային աշխատանքներից հետո նկատելի փոխվել է երեխաների վերաբերմունքը միմյանց հանդեպ։
- Թիվ 30 դպրոցի ուսուցիչ Թամարա Չիքովանին ներկայացրեց էֆեկտիվ կոմունիկացիան դպրոցի միջավայրում։ Նա ստեղծել էր բնապահպանական ակումբ, որը կոչվում էր ,,Կյանքի էվոլուցիա,, ։ Ուսուցիչը որպես արդյունք փաստեց, որ որ ակումբային գործունեությունը ցույց տվեց, որ ուսումնական տարվա ընթացքում ոչինչ չարած և մոտիվացիա չունեցող սովորողը գործունեությունների ակտիվ մասնակիցն է դարձել։ Նաև ասաց, որ դասարանական պատերի ներսում դժվար է ճանաչել սովորողին, բայց ակումբի ոչ ֆորմալ միջավայրում նա առաջին անգամ ճանաչեց իր իրական սովորողներին։ Ակումբը իր և սովորողների համար բաց տարածք է, որտեղ կարող են արտահայտվել՝ առանց քննադատվելու և չհասկացվելու վախի։
- Նինկա Լվանիձեն ներկայացրեց իր ուսումնասիրությունը, նա հետազոտություն էր արել, որի նպատակը կրթության որակի բարձրացումն էր ։
- Այնուհետև հանդես եկավ Լելա Ստրուուան, ով անկախ հոգեբան է, ում հրավիրել էին դպրոց, որպեսզի աշխատի սովորողների հետ, փորձարկի արդյոք այլ միջավայրում, այլ մարդկանց ներկայությումբ ինչպիսի հուզական վարք կդրսևորեն սովորողները։ Խոսեց նաև հուզական ինտելեկտի մասին։
- Ներկայացվեցին նաև օտար լեզվի նախագծեր, համակեցությունը սպորտում, սպորտային խաղերում, մեդիագրքերի ներկայացման նախագծեր, հետազոտական աշխատանքներ։
Մենք ներկայացանք առաջին ընդմիջումից առաջ։ Ռինա Շագինյանը ներկայացրեց ,,Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ,, նախագիծը, գործընկերների հետ համատեղ աշխատանքը, վրացերենի ընտրությամբ գործունեությունը։
Նաև խոսեցինք՝
- ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի հեղինակային, այլընտրանքային կրթական ծրագրի մասին,
- Ուսուցիչների մասնագիտական զարգացման ուղղված ծրագրերից՝ Մանկավարժական ճամբարներ, Մանկավարժական շուրջտարյա բաց դպրոց, Ստեղծագործական ակումբներ, խմբեր։
- Ներկայացրեցի ,,Դպիր,, ամսագիրը, որի վրացերեն էջի առկայութունը ոգևորեց և հետաքրքրեց մասնակիցներին։
- Արշավախմբային ճամբարները՝ Արատեսի, Արտանիշի, գյուղական։
- Հանդուրժողական մշակույթին, համակեցությանն ուղղված նախագծերը, գործունեությունները՝ համընդհանուր ներառում, սովորող-սովորեցնող նախագծեր, անհատական ուսումնական պլան, անհատական ուսումնական փաթեթ, համակեցությունը կրթական փոխանակումների, ճամփորդությունների միջոցով։
Ռինա Շագինյանը թարգմանել է ներկայացրածը և անհրաժեշտության դեպքում տվել լրացուցիչ մեկնաբանություններ։
Ներկայացման ամբողջ ընթացքում սրահում նկատելի էր աշխուժություն, հնչեցին բազմաթիվ հարցեր, արդեն իսկ կրթահամալիրում եղած գործընկերները փոխանցեցին իրենց ողջունի խոսքը, խոսեցին տպավորություններից։
Նշեցինք, որ բաց ենք համատեղ գործունեությունների, նախագծերի համար, պատրաստ ենք ինչպես խորացնել և զարգացնել արդեն իսկ եղած համագործակցությունները, այնպես էլ սկսել նոր համագործակցություններ, նոր նախագծեր։
Տրված հարցերը հիմնականում ուղղված էին հնարավոր համագործակցություններին, հետաքրքրվեցին նաև արշավախմբային ճամբարների կազմակերպան հարցերով։
Մեր ելույթը ընդմիջումից առաջ էր, որի արդյունքում ընդմիջման ընթացքում ևս հնարավություն ունեցանք ոչ ֆորմալ միջավայրում պատասխանել ներկաների հարցերին, փոխանակվել տվյալներով, մտքերով, ճանաչել միմյանց։
Համաժողովի ավարտին կրթության փորձագետները, այլ ուսուցիչներ իրենց կարծիքն արտահայտեցին ներկայացված նախագծերի, ելույթների և համաժողովի կազմակերպման վերաբերյալ։ Մենք ևս շնորհակալություն հայտնեցինք հրավերի համար։
Համաժողովի կազմակերպիչները մասնակցության անվանական վկայական նվիրեցին ներկայացված նախագծերի համար։ Առանձնահատուկ նշեցին և շնորհակալություն հայտնեցին կրթահամալիրին՝ մասնակցության համար։
Թիֆլիսի Չոուրեթի շրջանի Արհեստակցական կազմակերպության նախագահը ևս կարևորեց տարիների համագործակցությունը և վրացական ակումբին նվիրեց Շեքսպիրի սոնետների վրացերեն օրիգինալ թարգմանությունը, իսկ Ռինա Շագինյանի արհմիության կողմից հանձնեց շնորհակալության վկայական՝ հաջողված մանկավարժական շարունակական գործունեության համար։
Ուսուցչական երրորդ համաժողովին մեր մասնակցությունն արդյունավետ էր, քանի որ՝
- հնարավորություն ունեցանք ծանոթանալ հարևան երկրի կրթական ծրագրերին և նախագծերին,
- ներկայացրինք մեր կրթահամալիրը՝ արշավախմբային ճամբարներով, համակեցության մշակույթին ուղղված նախագծերով,
- հանդիպեցինք ,,Հայ-վրացական կրթական կամուրջներ,, նախագծով կրթահամալիրում եղած և գործունեություն ծավալած գործընկերներին՝ վերահաստատելով մեր գործընկերությունը,
- ծանոթացանք վրացական այլ դպրոցների ուսուցիչների հետ, ովքեր հանդես եկան համագործակցության նոր առաջարկներով։
Комментариев нет:
Отправить комментарий