воскресенье, 4 августа 2013 г.

Իգոր: 7 տարեկան

Համազգեստով մարդը ոստիկան էր: Նա գեղեցիկ էր, մեծ և ուժեղ: Նրանից մաքրության հոտ էր գալիս: Նա  ինձ  իր ձեռքերի վրա վերցրեց:
Իմ վրայից թափ տվեց ձյունը և տարավ մանկատուն: Վերջապես հեռու վտանգներից, մայրիկից: Ես այստեղ արդեն երկու տարի եմ:
Մանկատանն ապրում են նաև այլ երեխաներ, որոնց թողել են ծնողները: Մենք հասարակության թափթփուկներն ենք, չսիրված, չսպասված, երեխաներ,  որոնք  չպետք է ծնվեին: Թքած, ես ողջ եմ:
Այստեղ ամեն ինչ նման է անտուն շների կացարանի, միայն թե անասնաբույժը ուշ-ուշ է մտնում, իսկ ուտելիքն ահավոր է: Մյուս երեխաները նյարդային են: Բարեբախտաբար, ես ուժեղ եմ: Երբ խնդիր կա, ես չեմ մտածում, այլ միանգամից խփում եմ: Ավելի լավ  է խփել փորին: Ինձ գազան են համարում: Ծայրահեղ դեպքում ավելի լավ է այդպես, ինձնից վախենում են: Սկզբում քեզնից վախենում են, հետո քեզ հետ ընկերություն են անում: Ես արագ հասկացա, թե ինչ են մարդիկ մտածում: Եթե դու լավն ես, ուրեմն թույլ ես: Ես լավը չեմ, ես թույլ չեմ:

Սենյակում չորսով ենք: Այստեղ ինձ հետ երեք <<ա>> կա:
Վանյան փոքրիկ ուկրաինացի է, ում հարբեցող հայրը նրան չափազանց շատ  էր <<խփում >> պատին:
Մեր ավազակախմբում Վոլոլոդյան չաղլիկն է: Չեմ հասկանում, թե ինչու է նա այստեղի ուտելիքից գիրանում:
Վասյան լռակյացն է: Երբ նա խոսում է, ապա պատմում է հետաքրքիր բաներ, բայց նա հաճախ է լռում: Նա մեզ պոկեր խաղալ սովորեցրեց:
Պոկերը լավ է: Մի գիշերում կարելի է հասնել երջանկության կամ դժբախտության գագաթնակետին, ամեն ինչ շատ արագ է: Երբ Վասյան խաղում է , նրա դեմքը քարանում է: Նա ասում է. <<Կարևորը լավ և վատ քարերը չեն, կարևորը վատ քարերով խաղալ իմանալն է>>: Նաև ասում է .<<Կարևորը այն չէ, թե իրականում ինչ քարեր ունես, այլ այն, թե ինչպիսինն են նրանք հակառակորդի կարծիքով>>: Վասյան անընդհատ չոփ է ծամում:
  Նա մեզ սովորեցնում է ուրախության և հիասթափության կեղծ նշաններ ցույց տալ, որպեսզի ուրիշներին շփոթեցնենք: Նրա շնորհիվ ես պոկերի դպրոցում եմ, և այն ինձ շատ բան է սովորեցնում, ինձ մոտ հետևելու տաղանդ է զարգանում: Ինձ դա դուր է գալիս: Աշխարհը լի է փոքր մանրուքներով, որոնք մեզ տալիս են ամբողջ անհրաժեշտ տեղեկությունը:
Վասյան ասում է.
-Մի քանի պրոֆեսիոնալ խաղացողները նույնիսկ քարերին չեն էլ նայում: Այդպես նրանք համոզված են, որ դեմքը իրենց չի դավաճանի:
-Իսկ ինչպես են նրանք իմանում, թե ով է հաղթել:
Վերջին պահին, երբ խաղադրույքներն արվել են, նրանք բացում են քարերը և իմանում  հաջողակ էր նրանց ձեռքը, թե ոչ:
Վասյային ծնողները չէին թողել: Նրան չէին ծեծել, նա ինքն էր փախել տնից, երբ վեց տարեկան էր: Ոստիկանությունը նրան բռնել էր, բայց նա ոչ ոքի չէր խոստովանել ՝ ով է ինքը և որտեղից: Այդ ժամանակ նրան ուղարկել էին մանկատուն: Ոստիկանները հո ժամանակ չունեն գտնելու ինչ-որ անօթևանի ծնողների:
Վասյան երբեք չէր պատմում իր անցյալի մասին: Գուցե նրա ծնողները հարուստ էին, բայց նա նրանց այլևս չի ուզում տեսնել: Նա նրանցից հեռացել էր ուղղակի, գլխին ինչ-որ բան էր փչել, արկածների համար:
Երբեմն մանկատան երեխաները գնում են, նրանց որդեգրում են այն մարդիկ, ովքեր ուզում են երեխաներ ունենալ: Սկզբում ես այդ մասին երազում էի, հանկարծ հայտնվում են ծնողներ, ովքեր ուզում են մեզ փրկել… Բայց ես արագ հասկացա, որ դա վաճառք է: Տարբեր բաներ էին պատմում: Ասում էին, որ հաճախ որդեգրվածներին օգտագործում են մանկական մարմնավաճառության համար կամ էլ ստիպում են ընդհատակյա գործարաններում ֆուտբոլի գնդակներ կարել կամ Արևմուտքում երեխաների համար խաղալիքներ հավաքել:
Ատում եմ արևմուտքի երեխաներին: Նրանց համար ամբողջ աշխարհն է աշխատում: Մանկատան նկուղում կա արհեստանոց, որտեղ մեզ ստիպում են խաղալիքներ հավաքել: Մեզ շահագործում են անվճար: Այո՛:
Երբ ինչ-որ մեկը՝  ում որդեգրել են,  հավաքում է իրերը , նրա վրա ծիծաղում են  և մեջքից գոռում են.<<Դե ինչ, մարմնավաճառություն, թե ընդհատակյա արհեստանոց>>:
Իրականում մենք խանդում ենք, որովհետև նրանք, գուցե, գտել են ծնողներ, իսկ մենք՝ ոչ:
Երեկ Վանյային բռնել էին Պյոտրի ավազակախմբի տղաները: Նա եկավ արցունքները աչքերին: Պյոտրը ստիպել էր նրան իրենց ցույց տալ մեր թաքստոցը, և նա վերցրել էր մեր բոլոր ծխախոտները: Մենք դա այդպես չենք թողնի:
Մենք գնում ենք Պյոտրի սենյակը: Դուռը փակ չէ, բայց ներսում ոչ ոք չկա: Տարօրինակ լռություն: Այստեղ ինչ-որ տեղ ծուղակ կա, դա հաստատ:
Սարդը, որ բարձրանում է սարդոստայնով դեպի առաստաղ, ինձ ծանոթ է թվում: Վատ նշան է: Սարդը ծուղակ է նշանակում:
Ուշ է: Պյոտրը և իր ընկերները թաքնվել էին մահճակալի տակ: Նրանք հանկարծակի դուրս են թռչում և մեզ սպառնում են սուր ծար ունեցող դանակով:  Սարդը ճիշտ էր:
Դանակի դեմ իմ բռունցքերը անզոր են: Մենք կանգնում ենք ձեռքներս ցած իջացրած, իսկ Պյոտրը հրամայում է իր ընկերներին մեզ մերկացնել և վառել մեր շորերը: Նա ասում է, որ այսուհետև մենք մեր գողացած ծխախոտների կեսը պետք է նրան տանք, այլապե մեր վզակոթին կտա:
Խաղաղություն եք ուզում, ուրեմն կիսվել:
Հետո նա շրջվում է իմ կողմը և, խաղալով դանակի սուր ծայրի հետ, ասում է.
-Իսկ ես շուտով քո նկարը կփակենմ:
Ես ոչինչ չեմ կարող անել նրա դանակի դեմ: Մենք ուրիշ երեխաների առջևով անցնում ենք մերկ: Այդ մասին արդեն գիտի ամբողջ մանկատունը, և մենք հասկանում ենք, որ սխալվել ենք:

Փողոցում ձույն է գալիս, մոտենում են տոները, բայց այստեղ ոչ ոք չի հավատում Ձմեռ պապին: Եթե նա լիներ, ապա մեզ ծնողներ կտար, ովքեր կկարողանային մեզ պաշտպանել: Ճիշտ է, ամանորին յուրաքանչյուրը նարնջի և չոր ոչխարի մսի իրավունք ունի: Ես մաքրում եմ նարինջը և երազանք եմ պահում: Եթե Ձմեռ պապը ինձ լսում է.<<Թող Պյոտրը դանակով փորին ստանա>>:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий