понедельник, 12 августа 2013 г.

Վեներա: 7 տարեկան

Ամեն ինչ շատ արագ կատարվեց:
Ես մայրիկի հետ էի Բեվերլի Հիլզում գտնվող  մանկական թանկ խանութում և զգեստ էի փորձում, երբ մեզ մոտեցավ ինչ-որ տղամարդ և շոյեց գլուխս: Մայրիկը միշտ ասում է.<<Թույլ մի՛ տուր, որ քեզ դիպչեն, անծանոթ մարդկանցից կոնֆետներ մի՛ վերցրու, երբեք չգնաս անծանոթ մարդկանց հետ>>: Բայց այս անգամ նա ինձ հետ էր, և նա այդ պարոնին չհեռացրեց:
-Ես ուզում եմ նրան լուսանկարել: Ես լուսանկարներ եմ անում մանկական հագուստի հայտնի ամսագրի համար,-ասաց նա:
Մայրիկը պատասխանեց, որ ինքն էլ է մոդել, որ նա գիտի այդ աշխատանքը և չի ուզում, որ իր աղջիկն ընկնի այդ դժոխքի մեջ:
Հետո, չգիտեմ ինչու, նրանք սկսեցին թվեր ասել: Ամեն անգամ, երբ այդ մարդը  թիվ էր ասում, մայրիկն ասում էր ավելի բարձր թիվ: Դա կարծես խաղ լիներ:  Վերջին խոսքը մայրիկինն էր, և մենք վերադարձանք տուն:

Մի շաբաթ հետո մայրիկն ինձ տարավ մի վայր, որը շատ լուսավոր էր: Բոլորը սկսեցին պտտվել իմ շուրջը: Ինձ շպարեցին, սանրեցին և հագցրին: Բոլորն ասում էին, որ ես գեղեցիկ եմ: Բայց ես առանց այդ էլ դա վաղուց գիտեմ: Մի կին ասաց, որ ես  <<ավելին եմ, քան գեղեցիկ լինելը>>: Հիանալի է:
Ինչ որ է, եթե նրանք չնկատեցին իմ ամենաթույլ տեղը, իմ չափազանց երկար քիթը, ես այդ մասին նրանց չեմ ասի: Սկզբում ինձ նստեցրին աթոռի վրա և նկարեցին տարբեր անկյուններից: Պաշտում եմ նկարելու ձայնը: Դա նման է  թռիչքից առաջ արձակված գազանի մռնչյունին, հետո լուսարձակում, և ամեն ինչ սկսվում է սկզբից:
Հետո ես ձև արեցի իբր խաղում եմ տիկնիկով ամպերի մեջ: Մայրիկն ինձ էր նայում հպարտությամբ: Պարոնն այնտեղ էր, և նրանք նորից խաղում էին թվերով, և մայրիկը նորից հաղթեց: Մայրիկն ասաց, որ ես ինչ-որ հիանալի բան եմ արել և որպես մրցանակ կարող եմ ինչ-որ ցանկություն պահել:
Ես ասեցի, որ ուզում եմ լինել շատ գեղեցիկ:
-Դու առանց այդ էլ շատ գեղեցիկ ես,-ասաց մայրիկը:
Ես բռնկվեցի.
-Ո՛չ: Իմ քիթը չափազանց երկար է: Ինձ պլաստիկ վիրահատություն է պետք:
-Դու կատակում ես,-ծիծաղեց մայրիկը:
Ես սկսեցի պնդել:
-Դու էլ վիրահատություն արեցիր: Քո կնճիռները…
Լռություն: Ի վերջո մայրիկն ասաց.
-Շատ լավ, դու պատմության մեջ կմտնես որպես ամենափոքր աղջիկը, ով պլաստիկ վիրահատություն է կատարել:  Արի՛:
Ես հայտնվեցի բժիշկ Ամբրոսիո դի Ռինալդիի հիվանդանոցում, ով  վիրաբույժ դարձած նախկին քանդակագործ էր: Նրան անվանում էին <<նշտարի Միքելանջելո>> :  Երևում է, դերասանուհիների մեծամասնությունը ճանաչում են ստացել հենց նրա շնորհիվ, ոչ թե իրենց մամլո խոսնակների կամ գործակալների: Վիրաբույժները  իրական տաղանդներ  բացահայտողներն են: Բայց սըսը, դա գաղտնիք է, հասարակությունն այդ մասին չգիտի: Ամբրոսիոն այքան տաղանդավոր է, որ կարող  վիրահատություն կատարել հաշվի առնելով իմ ապագա աճը:
Ինձ քնեցրին սեղանի վրա, իսկ երբ արթնացա, ամբողջ դեմքս վիրակապերի մեջ էր: Ես չէի համբերում տեսնել իմ նոր քիթը, բայց պետք էր սպասել մի քանի օր , մինչև կարերը լավանային:
Մինչ ես սպասում էի, թե երբ կանհետանան վիրահատությունից մնացած հետքերը, նստել էի իմ  սենյակում:  Ես նայում էի իմ սիրելի Ֆիլմը ՝ <<Կլեոպատրան>>Լիզ Թեյլորի մասնակցությամբ: Լիզ Թեյլորը աշխարհի ամենագեղեցիկ կինն է: Երբ ես մեծանամ, Լիզ Թեյլորը կդառնամ: Իրական Կլեոպատրան էլ է կարծես թե  երկար քիթ ունեցել: Միգուցե դա ամենագեղեցիկ մարդանց անեծքն է: Բայց ես նրա նկատմամբ առավելություն ունեմ: Կլեոպատրայի ժամանակ  դեռ չէին հայտնագործել պլաստիկ վիրահատությունը, չնայած վիրակապել գիտեին:
Քթի վիրահատություն, դա դեռ առաջին քայլն է դեպի աստղային հասարակություն:

Հիմա ես ուզում եմ աստղ դառնալ:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий