понедельник, 1 января 2024 г.

Վահան Տերյան․ առաջադրանքների փաթեթ

6-րդ դասարան 

1. Մթնշաղ


Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,

Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: 
    Մթնշաղ, խոհուն, անձավ, նինջ, խորհրդավոր, անսահման:
  • Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, , նոր վերնագիր հորինի՛ր:
  • Ինչի՞ մասին է, ի՞նչ է ներկայացված: 
  • Գրի՛ր շարադրություն բանաստեղծության տողերից մեկով․
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ
Կապույտ մութի աշխարհում
Որպես երազ մոռացումի անձավում
Թվում է, թե անեզր է ամեն ինչ 
Կյանքը՝ մի անսահման քաղցր նինջ: 


3. ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ


Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…
1. Ի՞նչ է նշանակում հայտնություն։ Ինչպե՞ս է այդ բառը կապվում բանաստեղծության բովանդակության հետ։ 
2. Բացատրի՛ր բառերը՝ փառք, շուք, խոցել, արևավառ, տկար։ 
3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ 


5. Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն, 
Բոլորն առաջվանն է կրկին, 
Նորից դու հին տեղը նստում, 
Շարժում ես իլիկը մեր հին: 

Մանում ու հեքիաթ ես ասում, 
Մանում ես անվերջ ու արագ, 
Սիրում եմ պարզկա քո լեզուն, 
Ձեռներըդ մաշված ու բարակ։ 

Նայում եմ, մինչև որ անզոր 
Գլուխըս ծնկիդ է թեքվում, 
Նորից ես մանուկ եմ այսօր, 
Դրախտ է նորից իմ Հոգում։ 

Արևը հանգչում է հեռվում, 
Գետից բարձրանում է մշուշ, 
Հեքիաթըդ անվերջ օրորում, 
Իլիկըդ խոսում է անուշ...

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝
    մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:
  • Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:
  • Դո՛ւրս գրիր բնության պատկերները:
  • Համացանցից գտնել տեղեկություններ Տերյանի կյանքի մասին, ուսումնասիրել, դուրս բերել հինգ հետաքրքիր փաստ, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը։ 



7-րդ դասարան
1. Գարնան քաղաքում

 Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ…
Դեռ չչորացած բուլվարի վրա
Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա
Եվ հայացքները նետ են իրար դեմ…
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հնամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունդ անուշ է հիմա…
Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում.
Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…
Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:
Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…
  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բանաստեղծության մեջ ինչպես է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրու:

3. ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
  • Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝ անծայր, ցնորք, լուսեղեն:
  • Դուրս գրել և բացատրել փոխաբերաբար օգտագործված նախադասությունները:
  • Ինչպես կբացատրես այս միտքը՝ Խաղաղ դաշտերը մութն է համբուրում;
  • Ինչպիսին էին Շիրակի դաշտերը, նկարագրի՛ր ըստ բանաստեղծության:
  • Առանձնացրու բնության նկարագրությունը և հոգեվիճակ արտահայտող տողերը:


8-րդ դասարան

Տերյանի ,,Մթնշաղի անուրջներ,,  ժողովածու

1. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...
  • Բացատրի՛ր բառերը՝ համրաքայլ, համր։ 
  • Ներկայացրո՛ւ , թե ինչ տրամադրություն և հոգեվիճակ է արտահայտում բանաստեղծությունն։ 
  • Առանձնացրո՛ւ ամենատպավորիչ կամ գեղեցիկ նկարագրությունը։ 
2. 

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...

  • Բացատրի՛ր բառերը՝ հեզ, գունատվող, սրտակտուր, անտրտում, կսկիծ,
  • Ի՞նչ է զգում ստեղծագործություն քննարկան հերոսը,
  • Մեկ բառով գրի՛ր, թե ինչ է ներկայացնում բանաստեղծությունը։ 
3. 

 ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր...

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան...

  • Բացատրի՛ր բառերը՝ խորունկ, տրտում, թովչանք, հանգրվան,
  • Ինչպիսինն էր բանաստեղծության մեջ ներկայացված աղջիկը,
  • Փորձի՛ր նկարագրել աղջկան։ 
Երեք բանաստեղծությունները կարդալուց հետո պատասխանի՛ր հարցերին։
  • Ի՞նչ ընդհանրություններ ունեին բանստեղծությունները, 
  • Կ՞ար հոգեվիճակի նմանություն բանաստեղծություններում, 
  • Ո՞ր բանաստեղծությունը քեզ ավելի դուր եկավ, ինչո՞ւ, 
  • Կարդա՛ այլ բանաստեղծություններ ,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից։ 

Դիտել Տերյանի մասին պատմող ֆիլմը ` ,,Վիհի եզերքին,, , բլոգում նշումներ անել, ներկայացնել տպավորիչ հատվածները կամ հետաքրքիր տեղեկությունները։ 

Կարդա՛ Տերյանի ,,Ոսկե հեքիաթ,, շարքի բանաստեղծությունները,

Ներկայացրո՛ւ՝ ինչ առանձնահատկություններ ունեն բանաստեղծությունները, ի՞նչ թեմայով են գրված, ինչ տրամադրություն են արտահայտում։ 

Առանձնացրո՛ւ սիրելի բանաստեղծություններ։ 

Մեկ բանաստեղծություն ընտրել, ձայնագրել կամ տեսագրել, տեղադրել բլոգում, ուղարկել հղումը։ 

Վերհիշել սովորած անգիր բանաստեղծությունը կամ նորը սվորել։ 

Комментариев нет:

Отправить комментарий