вторник, 30 января 2024 г.

Տերյանական ընթերցումներ

Օրը՝ Փետրվարի 1, 10:10-11:30
Վայրը՝ Տիգրան Հայրապետյան գրադարան
Մասնակիցներ՝ 6-1 դասարանի սովորողներ

Նպատակը՝ 
  • ծանոթանալ Տերյանի ստեղծագործություններին, վերլուծել, 
  • զարգացնել բառապաշարը՝ ուսումնասիրել և բառարանի օգնությամբ բացատրելով բանաստեղծությունների բառերը, 
  • զարգացնել վերլուծական հմտությունները՝ բանաստեղծությունների վերլուծությամբ։ 
Ընթացքը՝ 
  • բանաստեղծությունների ընթերցում, բանավոր ներկայացում, 
  • բանաստեղծություններում առկա բարդ բառերի բացատրություն, 
  • բանաստեղծություններում արտահայտված մտքերի, գաղափարների, նկարագրությունների գրավոր ներկայացում, վերլուծություն, 
  • ուշադրություն դարձնել և նշել Տերյանի գրելաոճի առանձնահատկությունները։ 
Ընթերցանության նյութեր՝

Գարուն
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...

Աշնան երգ
Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին...
Ճաճանչները թոշնան...
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլոր՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր...
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն..

Մթնշաղ
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում...
Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ.

Գարնան քաղաքում 

Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժըպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ...
Դեռ չըչորացած բուլ՛վարի վրա
Ճչում են զվարթ մանուկներն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա,
Եվ հայացքները նետ են իրար դեմ...
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հընամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունդ անուշ Է հիմա...
Ժըպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով է լի...
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում,
Մի քաղցր հուզում, արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված հոգսըդ չես հիշում...

Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ և երա՛զ և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյանք անուշ և ա՛նհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր,
Եվ երկունք և մահ — փա՜ռք և օրհնություն...


Ֆատում 
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։

Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար...

ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ


Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։

Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։

Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի...


ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ

Ձմռան գիշերն Է մեղմորեն ընկնում
Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.—
Ես դուրս եմ գալիս, փողոց եմ գնում
Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում։
Բարձր տների պատուհաններում
Պայծառ լույսերը հանգչում են մեկ-մեկ.
Ես արդեն ոչինչ չեմ մտաբերում,
Ւնձ համար չկա այսօր ու երեկ։
Կես գիշերն անցավ... Ես տուն չեմ գնում.
Երկար, անդադար մայթերն եմ մաշում.
Շրջում եմ անվերջ, երբեք չեմ հոգնում,
Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում...
Լապտերը միգում մաղում է պաղ բոց,
Ես աննպատակ շրջում եմ անվերջ.
Ես լուռ անցնում եմ փողոցից փողոց
Ու մեղմ լալիս եմ ցուրտ մշուշի մեջ։

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ


Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն, 
Բոլորն առաջվանն է կրկին, 
Նորից դու հին տեղը նստում, 
Շարժում ես իլիկը մեր հին: 

Մանում ու հեքիաթ ես ասում, 
Մանում ես անվերջ ու արագ, 
Սիրում եմ պարզկա քո լեզուն, 
Ձեռներըդ մաշված ու բարակ։ 

Նայում եմ, մինչև որ անզոր 
Գլուխըս ծնկիդ է թեքվում, 
Նորից ես մանուկ եմ այսօր, 
Դրախտ է նորից իմ Հոգում։ 

Արևը հանգչում է հեռվում, 
Գետից բարձրանում է մշուշ, 
Հեքիաթըդ անվերջ օրորում, 
Իլիկըդ խոսում է անուշ...

Комментариев нет:

Отправить комментарий