четверг, 16 января 2025 г.

Իրանական գրականություն

Ինչ տխուր հայացք ունի դուռը,
որ գալու փոխարեն
գնալու համար է բաց մնացել:

Ռեզա Քազեմի


Վաղը եկել,
կանգնել է դիմացս՝
հարցնելով —
Ի՞նչ էիր ուզում:
Ձեռնափայտովս նրան մի կողմ եմ հրում՝
հեռուներին մեխված,
հայացքս սպասող…

Շահաբ Մողառաբին

Այս տան հայելիները
առանց քեզ
ինձնից
մեն-մի մասնիկ են արտացոլում:

Ռուզբեհ Սոհանի

Դեգերում եմ,
ու քաղաքը
ոտքիս տակ ավարտվում է.
ոչ մի տեղ չկաս:


Ռեզա Քազեմի

Երբեմն
մարդն առավել մենակ է,
քան իր լռությունն է պատմում:
Անցյալ գիշեր
մենությունս ձգվել,
գրչածայրիդ էր հասել:
Եթե գրեիր ինձ…
Թե գրեիր…
Երբեմն
մենությունը առավել մենակ է,
երևալու համար…

Մոհամմադալի Բահմանի


 

Ծով

Պիտի ավելի շատ մտածեմ
երկինքների ու ջրի մասին:
Երազանքներումս
մի կապույտ ալիք մոտենում է
ու վերադառնում հեռուներ…
Այս ծովը պիտի լցվի,
ու ես խաղաղվեմ…
Պիտի ավելի շատ մտածեմ կապույտի մասին:

Ռասուլ Յունան


Комментариев нет:

Отправить комментарий