Հունվարի 23-25-ին եռօրյա այցով եղանք Գյումրի քաղաքում։ Գյումրին այն քաղաքն է, որտեղ ամեն քայլի մշակութային բացահայտումներ են, քաղաք, որն ապրում է, շնչում և զարգանում։ Տարիներ ի վեր ամեն հունվար՝ ճամբարի ընթացքում, սովորողների հետ այցելում ենք Գյումրի, և յուրաքանչյուր տարի Գյումրին բացահայտում ենք նորովի և այլ տեսանկյունից, ամեն անգամ նկատում ենք բաներ, որ նոր են ստեղծվել, բայց հետաքրքիր մարկետինգային մտքեր են։ Այս ամենի շնորհիվ Գյումրիում միշտ տեսնելու և գտնելու բան կա։
Խոսեմ երթուղու մասին, քանի որ մեկնել և վերադարձել ենք բոլորովին տարբեր ճանապարհներով։ Մեր առջև նպատակ էինք դրել նաև նոր հայրենագիտական կանգառների ներառումը։
Մեկնում՝ Երևան- Արուճ- Թալին-Մաստարա։
Արուճ։ Հայաստանի յուրօրինակ բնակավայրերից մեկն է։ Երևանից շատ չես հեռանում, բայց և վայելում ես տարբերվող բնությունն ու մշակութային կոթողները։ Արուճում է գտնվում միջնադարյան քարավանատունը և Սուրբ Գրիգոր եկեղեցին, որն ապշեցնում և հիացնում է իր չափերով։ Այստեղ խոսեցինք քարավանատների և նրանց դերի մասին, անդրադարձանք եկեղեցու ճարտարապետական առանձնահատկություններին և որմնանկարներին։
Թալին։ Թեև Թալինում շատ են պատմամշակութային կոթողները, ընտրեցինք Կաթողիկե եկեղեցին։ Ի զարմանս մեզ, ինչը նաև շատ հաճելի էր, եկեղեցին ամբողջովին վերականգնողական աշխատանքների մեջ էր, տարվում էին ամրաշինական աշխատանքներ։ Ներս մտնել չեղավ, բայց կարողացանք ուսումնասիրել այն, դիտարկել արտաքին պատերի հարթաքանդակները և խոսել հիմնադրման պատմությունից։
Մաստարա։ Օրվա վերջին կանգառն էր։ Մաստարայի եկեղեցին իսկապես յուրօրինակ կառույց է, որից էլ առաջացել են մաստարայատիպ շինվածքով եկեղեցիները։ Արտաքինից դիտարկեցինք շինվածքի առանձնահատկությունները, իսկ ներսում երգեցինք ,,Առավոտ լուսո,, շարականը։
Օրն ավարտեցինք Գյումրու մարզադպրոցի հետ միասնական բասկետբոլային խաղով, որը կրում էր ընկերական բնույթ։ Թեև հաղթեցին գյումրեցիները, բայց մեր սովորողները պակաս գեղեցիկ խաղ ցույց չտվեցին։ Հիացած ենք մեր մարզական ակումբով և նրա ունեցած կապերով։
Խաղից հատվածներ դիտեք ստորև՝
Երկրորդ օրն ամբողջությամբ տրամադրեցինք Գյումրու փողոցներում զբոսնելուն։ Նախ այցելեցինք Ձիթողցոնց թանգարան, որտեղ ծանոթացանք Գյումրու պատմությանը և մշակույթին։ Այս տարի առաջին անգամ այցելեցինք նաև Մերկուրովի թանգարան։ Մերկուրովը քանդակագործ է, ով հետմահու պատրաստել է հայտնի մարդկանց գիպսե դիմապատկերները։
Այնուհետև քայլեցինք Վարդանենց կամ ,,Մայիսյան ապստամբության,, հրապարակով, եղանք Յոթ Վերք և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներում, քայլեցինք կենտրոնական փողոցներով՝ Աբովյան, Վարպետաց և այլն։ Յուրքանչյուր քայլի մշակութային յուրօրինակ կոլորիտային շենքեր են։ Իսկ Գյումրու անեկդոտների պատի մոտ երկար կանգնեցինք․ ի վերջո Գյումրին նաև հումորի քաղաք է։
Վերադարձ՝ Գյումրի-Ջրափի- Երերույք-Երևան։
Վերադարձի ճանապարհն այլ ուղղությամբ էր, որպեսզի սովորողները լինեն այլ հայրենագիտական կանգառներում և նոր ճանապարհը ևս ուսումնասիրեն։
Ջրափիում ինքս առաջին անգամ էի։ Վերադարձի այս երթուղին շատ հարմար էր։ Ջրափիի եկեղեցին և քարավանատունը գտնվում էին հենց ճանապարհի վրա։ Մոտ հարյուր մետր ճանապարհը կարելի է հաղթահարել փոքրիկ քայլքով։ Դեռ ճանապարհից տեսանելի էր տպավորիչ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը վերանորոգված էր, մաքուր և գործող։ Արդեն եկեղեցուն հասնելուց հետո կողքին նկատում ես միջնադարյան քարավանատունը, որը շատ լավ պահպանված էր։
Երերույք։ Ճամփորդության երկրորդ հսակայական և տպավորիչ եկեղեցին Երերույքի տաճարն էր, որն ունի յուրօրինակ ճարտարապետական ձև։ Հսակայական չափերից բացի տարբերվող են չորս կողմից հավաքված աստիճանները, որոնք էլ հենց հեռվից եկեղեցուն տալիս են երերացող տեսք։
Այսպիսով եռօրյա մշակութային-հայրենագիտական ճամփորդությունն ավարտեցինք բարեհաջող։
Սովորողների պատումները՝
- Մերի Խաչատրյան
- Եվա Միքայելյան
- Հայկ Մանուկյան
- Մանանա Ղազարյան
- Լիլի Սիմոնյան
- Մարի Բեգլարյան
- Ռոբերտ Խաչատրյան
- Էդվին Բալանյան
- Անգելինա Գևորգյան
- Մարիամ Դալլաքյան
- Աստղիկ Գաբոյան
- Ալեքս Ստեփանյան
- Մհեր Կարապետյան
- Էդգար Ալեքսանյան
- Լինա Բաբայան
- Հասմիկ Մելքոնյան
Комментариев нет:
Отправить комментарий