Որպես մայրենիի ուսուցիչ՝ իմ խնդիրը սովորողի խոսքի մշակման և ինքաարտահայտման համար համապատասխան պայմաններ ստեղծելն է: Խոսքի մշակումը և ինքնաարտահայտումը փոխկապակցված են: Սովորողը պետք է կարողանա արտահայտվել, ասել իր մտածածը, բանավիճել, քննարկել, խոսել, պատմել տարբեր երևույթների մասին և այլն: Բոլոր սովորողները չէ, որ կարողանում են այս ամենն անել, բայց սա ամենևին չի նշանակում, որ նրանք չեն կարող կամ ընդունակ չեն: Պետք է սովորողին ինքնաարտահայտվելու և ինքնադրսևորվելու հնարավորություն տալ: Ահա նման մի հնարավորություն է ուսումնական ռադիոն:
2014-2015 ուսումնական տարվա ընթացքում համակարգել և ղեկավարել եմ «Հիմնական» ռադիոն:Բնականաբար, ռադիոթողարկումներն ինձ համար նոր չէին, բայց սովորողներն էին ուրիշ: Իսկ նոր աշխատանք սկսելիս կարևոր է ճանաչել սովորողներին, հասկանալ նրանց հետաքրքրությունները, որպեսզի համագործակցությունն ավելի հեշտ ստացվի: Այս պարագայում ինձ իսկապես օգնության եկավ ռադիոն և դարձավ մեր հետաքրքրությունների գլխավոր առարկան:








