Նախորդ շաբաթ արդեն հանդիպում էինք ունեցել հնագետ Տիգրան Զաքյանի հետ, ով ներկայացրել էր հնագույն խեցեղենի վրա պատկերված զարդանախշերը և դրանց մեկնաբանությունները: Հանդիպման ընթացքում սովորողները ներկայացված նկարների հիման վրա էսքիզներ էին արել, որոնք մեզ հետ տարանք ընկեր Ալիսի արվեստանոց: Որոշեցինք պատրաստել կախազարդեր և կրծքազարդեր՝ յուրաքանչյուրը տարբերվող առանձնահատուկ նախշերով:
Կավը լրիվ այլ գրավչություն ունի, արվեստանոցում այլ աշխարհ է, այլ մթնոլորտ: Մեկ ժամվա ընթացքում փոքրիկ կավե կտորները ծածկվեցին մեկը մեկից գեղեցիկ նախշազարդերով:
Մինչ այս իմ ճամբարային խմբի հետ մայրենիի բազմաթիվ դասեր ենք ունեցել, քննարկել, ստեղծագործել, վերլուծել, միասին ճամփորդել, բայց պետք է ասեմ, որ այս դասի ընթացքում բոլորովին այլ տեսանկյունից բացահայտեցի սովորողներին, ավելի լավ ճանաչեցի, մի լավ զարմացա և հիացա, որովհետև կավը ոմանց հմուտ ձեռքերի տակ փափկեց, կակղեց ու վերածվեց յուրօրինակ գլուխգործոցի: Հետաքրքիր է....
Թրծելուց և ներկելուց հետո մեր կախազարդերն ու կրծքազարդերը պատրաստ կլինեն.
Ընթացքը ներկայացնող տեսանյութը՝ Ալիս Գևորգյանի:
Комментариев нет:
Отправить комментарий