Ձորի պռնկին, քարայրի մթին խորշի
մոտ անվճռական կանգնեցի ու, հայացքս հետ ուղղելով, շրջվեցի։
Արևը շողում էր այդ կանաչ, գողտրիկ աշխարհում, մարգագետինների
վրա օրորվելով՝ ցոլում էին գորշավուն ծաղկագլխիկները։ Այնտեղ լավ էր, այնտեղ էր ջերմությունն
ու սիրելի հանգստությունը, այնտեղ էր հոգին խորն ու հագեցած մի երգ մրմնջում կիսաձայն,
ինչպես մազմզոտ բզեզը լիառատ օդի ու լույսի մեջ։ Եվ հավանաբար ես խելագար էի, որ ամեն
ինչ թողել ու ցանկանում էի լեռները բարձրանալ։
Առաջնորդը կամաց դիպավ թևիս։ Ես հայացքս պոկեցի սիրելի
բնապատկերից այնքան դժվարությամբ, ինչպես հարկադրաբար տաքուկ լոգարանից դուրս գալիս։
Այժմ ես տեսա անարև խավարում ընկած կիրճը, ժայռի ճաքից դուրս պրծած մի փոքրիկ, թխաթույր
առու, նրա ափեզրերին փոքրիկ փնջերով բուսնած գունատ խոտեր, իսկ հատակին՝ ցած նետված
բազմերանգ քարեր՝ անկենդան ու դժգույն, ինչպես երբեմնի կենդանի արարածների ոսկորներ։
– Հանգստանանք,- ասացի առաջնորդին։
Նա համբերատար ժպտաց, ու մենք գետնին նստեցինք։ Ցուրտ
էր, ժայռախորշից սաստիկ սառը օդի թույլ հոսանք էր գալիս։
Զզվելի, զզվելի էր այդ ճամփան անցնելը։ Զզվելի էր ինքդ
քեզ այդ անհյուրընկալ
ժայռախորշում տանջելը, քայլելը այդ սառնորակ առվի վրայով, մթության
մեջ վեր