воскресенье, 21 октября 2018 г.

Արատեսյան...Նոր աշխարհ հայտնաբերելու պես...

Բարձրաբերձ, իր ուսերի հենված լեռներ, մի փոքր անապատային կլիմա, խանձող արև և մինչև ոսկորներ թափանցող ամեն բլրակից հոսող սառը աղբյուրներ... Դուք Արատեսում եք, վայր, որ ունի չքնաղ բնություն, լեռների մեջ ծվարած է, վայր, որտեղ յուրաքանչյուրն իր համար գայթակղիչ մի բան է գտնում, որ կանչում է ետ, նորից ու նորից հիշեցնում: Առավոտյան կանուխ, մի քիչ էլ քնաթաթախ վեր կենաս, վերցնես թեյդ, քեզ համար մի հարմար տեղ գտնես մոտակա թփերի մոտ՝ ծառերի տակ, հարմար էլ տեղավորվես ու նայես հեռուն՝ իրար գրկած, իրար մեջ կորած լեռներին, ժեռ բարձունքներին, ու պատկերացնես ոնց ես հերթով նվաճում դրանք՝ մեկիկ-մեկիկ, ճանաչում մեկիկ-մեկիկ, ոտատակ տալիս՝ փոշու ու վայելումի համը զգալով: Իսկ մոտակայքով սահող սառնորակ աղբյուրը իր քչքչոցը կհասցնի ականջիդ՝ հիշեցնելով, որ առավոտը թարմ է ու անուշ:

Եվ երբ կքայլես ընկույզի ծառերի տակով, կկռանաս , մի բուռ կահավաքես, ծառից քո ձեռքով քաղած ալոճը կփորձես, թեյի համար հասած մասուր կքաղես, խնձորենիներից մի քանի կարմիր ու հասած խնձոր կպոկես, բոբիկ ոտքերով դիմացդ դուրս եկած առվակը կմտնես ու կզգաս մինչև ոսկորներդ թափանցող սառնությունը, ոտքերդ ջրից չհանած մի քարի կնստես ու անուշ կանես հավաքածդ խնձորն ու մի բուռ ընկույզը, կզգաս, որ այստեղ ժամանակը կանգ է առել, որ դու և բնությունը ներդաշնակ եք ու կսկսես խորհել այն մասին, ինչը մինչ այդ մտքովդ չէր անցնում:
Եվ երբ նոր աշխարհ հայտնաբերածի պես կիջնես Խաչոց ձորը, հետաքրքիր աչքերով կզննես ամեն քար, գետակի քարերի վրա կթռչկոտես, կխցկվես յուրաքանչյուր քարայր, կզմայլվես ժայռի մեջ սերտաճած ծառով, քեզնից բարձր թվացող ոստերով, կկանգնես խաչերով պատի տակ ու կպատկերացնես, թե ինչպես է ջերմեռանդ ճգնավորը եկեղեցուց իջել ձորը և ճգնել այստեղ ՝ այս պատերի ներքո...
Իսկ հետո կզմայլվես Արատեսի եկեղեցով, կնայես զարդաքանդակներին, կմտածես այստեղ ուխտագնացության եկող հազարավորների մասին և ինքդ էլ քեզ համար քո ,,Հայր մերը,, կմրմնջաս...







Комментариев нет:

Отправить комментарий