Հոկտեմբերի 30-ին մեկօրյա վերապատրաստման ծրագրով հյուրընկալվեցինք Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցում: Մեր խումբը կազմված էր ուսուցիչներից և սովորողներից:
Հիանալով աշնանային Շիրակի գեղեցկությամբ հասանք Կառնուտ, ուր մեզ սպասում էր տնօրեն Հայկուհին և ուսուցչական կազմը՝ հաճելի և հետաքրքիր մարդկանց խումբ: Նախորդ տարիներին Միջին դպրոցի սովորողներն այցելել և համատեղ բարձունքի հաղթահարման նախագիծ էին իրականացրել: Ըստ այդմ՝ կրթահամալիրին արդեն ծանոթ էին:
Շրջեցինք դպրոցում, ծանոթացանք միջավայրին, ամեն անկյունում նկատելի էր խնամքով իրականացրած աշխատանք, քիչ նյութական միջոցներ ունենալով հանդերձ՝ պահպանել և կարգի էին բերել այն, ինչ ունեին: Դպրոցը հիմնական էր, ուներ նաև հինգ տարեկանների նախապատրաստական խումբ, դասարանները՝ 7-16 հոգիանոց: Տնօրենի ուղեկցությամբ եղանք նաև ընդարձակ բակում , որտեղ մեզ ներկայացրին սովորողների հետ բակի բարեկարգման, մաքրման աշխատանքների արդյունքը: Խոսեցինք մարզական պարապմունքների բացօթյա կազմակերպումից, երկրագործական աշխատանքները որպես ուսումնական նախագծեր իրականացնելուց:
Քանի որ Կառնուտում առաջին անգամ էինք, մեզ նաև հետաքրքրում էր գյուղի պատմությունը, անվան ծագումը և շրջապատող սարերը: Մեր հարցերը ստացան սպառիչ պատասխան:
Քանի որ Կառնուտում առաջին անգամ էինք, մեզ նաև հետաքրքրում էր գյուղի պատմությունը, անվան ծագումը և շրջապատող սարերը: Մեր հարցերը ստացան սպառիչ պատասխան:
Այնուհետև նախապես պատրաստած նյութերով սկսեցինք մեր վերապատրաստումը, որին մասնակցում էին դպրոցի դասավանդողները:
Ներկայացրինք կայքը և վերապատրաստումների օրացույցը՝ հրավիրելով մասնակցել և տեղում տեսնել հեղինակային կրթական ծրագրի իրականացումը: Խոսեցինք և ներկայացրինք նախագծային, բլոգային ուսուցումը: Սովորողները ներկայացրին իրենց բլոգները և պատասխանեցին մասնակիցների հարցերին, որոնց հետաքրքրում էր, թե ինչպես և ինչ նպատակով է օգատգործվում բլոգը և արդյոք արյունավետ է: Պարոն Տիգրանյանի ,,Բռնադատվածներ,, նախագիծը ընդունվեց մեծ ոգևորությամբ և շարունակություն ունեցավ, որը կարծում եմ, դեռ կիրականացվի Կառնուտում:
Վերապատրաստումն ավարտեցինք պարերգերի ուսուցման և միասնական պարով: Առաջիկայի համար պայմանավորվեցինք փոխանցել էլեկտրոնային ուսումնական նյութերի, հոդվածների փաթեթներ, մինչ կայցելեն և կմասնակցեն կրթահամալիրում իրականացվող վերապատրաստումների ծրագրերին:
Եղանք նաև գյուղի խոնարհված եկեղեցում, որի տարօրինակ շարվածքը հետաքրքրեց բոլորին: Հանգստանալուց, եկեղեցու խաղաղությունը վայելելուց հետո, բռնեցինք վերադարձի ճամփան:
Արդեն տուն վերադառնալիս, երբ ամփոփում էինք օրվա իրականացրածը, բոլոր մասնակիցներն էլ ստացված և արդյունավետ համարեցին վերապատրաստումը, ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները, միասին անցկացրած օրը:
Ընդունելության, հյուրընկալության, հյուրասիրության և ջերմ վերաբերմունքի համար շնորհակալ ենք դպրոցի տնօրենին, ուսուցչական կազմին:
Комментариев нет:
Отправить комментарий