среда, 15 мая 2019 г.

Սահյանի մասին

«Մի տեղ իշխան ու տեր, մի տեղ համեստ հովիվ» Հայրս հասարակ մարդ էր, համեստ, ինչ-որ տեղ նաեւ՝ ամաչկոտ: Իր մեջ էդ եսը, էգոն չկար: Ինչպես բոլորն էին, այնպես էլ ինքն էր: Բայց, միեւնույն ժամանակ, նրա ամեն ինչն էր տպավորիչ: Նրա ամեն խոսքը գնում, հասնում էր մինչեւ հոգուդ հատակը: Խորհուրդ չէր տալիս, ուրիշ տեսակ մարդ էր… Նրա ակնհայտ սովորություններից մեկը շատ ծխելն էր: Միշտ էր ծխում. օրը մի քանի տուփ: Մաման ինձ ու եղբորս սովորեցրել էր, որ եթե պապան աշխատում էր, մենք պետք է լուռ մնայինք, բայց հայրս պահանջկոտ չի եղել երբեք եւ ոչ մի հարցում: Իր ներկայությունն արդեն իսկ հերիք էր, որ մենք խելոք մնայինք: 

«Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ» Հայրս գործի մեջ պարփակված մարդ էր: Երբ դեռ փոքր էինք, այդ ժամանակվանից մեզ համար Թումանյան ու Բակունց էր կարդում, կաթիլ-կաթիլ լցնում մեր մեջ: Իսկ, առհասարակ, նա համարում էր, որ ինչի արժանի ես, դրան էլ կհասնես: Միշտ ասում էր, որ երեխային չի կարելի զոռով տանել ինչ-որ ուղղությամբ. ուր գնալու է, կգնա: Երեւի իր կյանքի փորձից էր ասում: Նա 13 տարեկանից մենակ է եղել ու հասել նրան, ինչին պետք է հասներ: 

«Հիշում եմ լքված մի թոնիր, բերանին մամռոտած մի խուփ» Հայրս հասարակ գյուղացի էր: Նա միշտ ասում էր. «Ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ» ու միշտ պարծենում էր դրանով: Նա մեծ կուլտուրայի տեր մարդ էր: Երբեք ոչ ոքի սպասեցնել չէր տալիս. միշտ առաջինը ինքն էր գնում հանդիպման: 

«Աշխարհում միշտ բաց են եղել դռներս կրնկի վրա…» Մենք ապրում էինք մի շենքում, որտեղ մի շարք ուրիշ գրողներ էին ապրում: Բոլորն իրար հարեւան էին: Նրանց մասնակցությամբ հավաքներ մեր տանը շատ է եղել: Գալիս էին Պարույր Սեւակը, Վահագն Դավթյանը, Նշան Մուրադյանը: Մեզնից մի հարկ վերեւում ապրում էր արձակագիր Քրիստափոր Թափալցյանը, ներքեւի հարկում` Սարմենը: Մեզ հարեւան էր նաեւ բանաստեղծ Արշալույս Սարոյանը: Մեր դռները միշտ բաց էին իրար առաջ: Մի ուրիշ եղանակ էր այդ շենքում, բոհեմական հրաշք էր, որ չգիտեմ` երբեւէ կկրկնվի, թե ոչ:

«Միջոցներս… չէ, այս անտեր փողից բան չեմ հասկանում» Մենք երբեք ապահով, առավել եւս` հարուստ կյանքով չենք ապրել: «Գրքից գիրք» էինք ապրում, իսկ հորս գրքերը տպվում էին 4-5 տարին մեկ անգամ: Այդ շենքում, որտեղ ապրում էինք, բոլորն իրարից պարտքով փող էին վերցնում, բայց դրանից չէին ամաչում. Էդպես էին ապրում, հասկանո՞ւմ եք:
 «Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ» Հայրս միշտ ասում էր, որ իր բոլոր ստեղծագործություններն իր զավակներն են, եւ ինքը պատասխանատու է դրանց բոլորի համար: Ես իմ աչքով տեսել եմ, թե ինչպես էր մի բան գրելուց 10-15 րոպե հետո կարդում այն, բարկանում, պատռում էր ու գցում մի կողմ: Էդպես շատ է պատռել: 

«Կյանք իմ, դու ձրի ներկայացում, բայց ինչքան թանկ ես նստում վրաս» Հիշում եմ, որ երբ մեծերով հավաքվում էին մեր տանը, խոսում էին գրականությունից, արվեստից, ընդհանրապես, մարդուց: Թե ուր է նա ձգտում, ուր է գնում, ժամանակը նրան ուր է տանում, ինչ է պետք մարդ մնալու համար: Նրանք տեսնում էին, որ քաղաքակրթությունը մարդու մեջ սպանում է լավագույն հատկանիշները: Նրանք վախենում, սարսափում էին հագած-կապած, բայց դատարկ ու կաղապարված մարդկանցից: 
Աղբյուրը 

Комментариев нет:

Отправить комментарий