Միդիաս թագավորը շատ շվայտ մարդ էր: Ամեն երեկո նա իր թագավորությունում խնջույքներ ու պարահանդեսներ էր կազմակերպում, մինչև որ մնաց առանց գրոշի: Այդ ժամանակ նա գնաց կախարդ Ապոլոնի մոտ , պատմեց նրան իր դժբախտության մասին, և Ապոլոնը կախարդեց նրան.
-Ինչի դիպչես, թող ոսկի դառնա:
Թագավորը սկսեց ուրախությունից թռչկոտել և վազեց իր մեքենայի մոտ, բայց չէր էլ հասցրել մեքենայի դռան բռնակին ձեռք տալ, երբ ողջ մեքենան ոսկի դարձավ՝ ոսկե անիվներով, ոսկե ապակիներով
և ոսկե շարժիչով: Ոսկի էր դարձել նույնիսկ մեքենայի բենզինը, այնպես որ մեքենան չէր կարող տեղից շարժվել, և այն տեղափոխելու համար քարշակ էր հարկավոր:
Թագավոր Միդիասը սկսեց շրջել պալատի սենյակներում՝ ձեռք տալով այն ամենին, ինչին կարող էր՝ սեղաններին, բազկաթոռներին, աթոռներին, և դրանք բոլորն էլ ոսկի էին դառնում: Վերջապես նա ծարավ զգաց և հրամայեց մի բաժակ ջուր բերել: Բաժակը նույն պահին ոսկի դարձավ, ջուրը՝ նույնպես: Ծառաները ստիպված եղան ջուրը գդալով խմեցնել նրան:
Եկավ ճաշի ժամը: Թագավորը վերցրեց պատառաքաղը, և այն միանգամից վերածվեց ոսկու: Բոլոր հրավիրվածները ծափահարեցին և իրար հերթ չտալով սկսեցին խնդրել:
-Ձերդ գերազանցությու, ձեռք տվեք իմ բաճկոնի կոճակներին:
Ձեռք տվեք այս անձրևանոցին:
Թագավորը երջանկություն պարգևեց բոլորին, բայց երբ վերցրեց հացը, որ ուտի այն նույնպես ոսկի դարձավ: Եվ թագուհին ստիպված եղավ նրան գդալով կերակրել: Հյուրերը թաքնվեցին սեղանի տակ և սկսեցին ծիծաղել: Թագավորը զայրացավ, բռնեց նրանցից մեկի քիթն ու քաշեց. Այն ոսկի դարձավ, և նա այլևս չկարողացավ
շնչել:
Եկավ քնելու ժամանակը: Միդիաս թագավորն ակամա դիպավ բարձին, սավաններին, ներքնակին, և անկողնու փոխարեն արդեն կուռ ոսկի էր՝ այնքան կոշտ, որ վրան հնարավոր չէր քնել: Թագավորը ստիպված եղավ բազկաթոռին նստած քնել՝ ձեռքերը վեր, որ ոչ մի բանի չդիպչի: Առավոտյան նա արթնացավ մահու չափ հոգնած և շտապեց կախարդ Ապոլոնի մոտ, որպեսզի վերջինս կախարդանքը հանի: Եվ Ապոլոնը համաձայնվեց:
-Շատ լավ,-ասաց նա,-բայց ուշադիր եղիր: Կախարդանքը կանցնի ուղիղ յոթ ժամ յոթ րոպեից, և այդ ընթացքում դու ոչնչի չպետք է ձեռք տաս, այլապես այն ամենը, ինչին դու դիպչես գոմաղբ կդառնա:
Միդիաս թագավորը հանգիստ գնաց և սկսեց հետևել ժամացույցին, որ ոչնչի ձեռք չտա, մինչև յոթ ժամ յոթ րոպեն անցնի:
Դժբախտաբար, նրա ժամացույցը մի քիչ շտապում էր և ժամը մեկ մի րոպեով առաջ էր ընկնում: Երբ յոթ ժամ յոթ րոպեն լրացավ, Միդիաս թագավորը բացեց մեքենայի դուռը և նստեց: Նստեց և տեսավ, որ հայտնվել է գոմաղբի մի մեծ կույտի մեջտեղում, որովհետև կախարդանքն
անցնելուն յոթ րոպե դեռ կար:
Հեղինակ՝ Ջ. Ռոդարի
Առաջադրանքներ
- Բացատրի՛ր մգեցրած բառերը։
- Բնութագրի՛ր Միդիաս թագավորին։
- Ի՞նչ խորհուրդ կտաս Միդիաս թագավորին։
Комментариев нет:
Отправить комментарий