вторник, 13 августа 2019 г.

Իզմիրի տիեզերագիտական ճամբար. հաշվետվություն

Այս տարի նույնպես կրթահամալիրի սովորողները մասնակցում էին Իզմիրի ամենամյա միջազգային տիեզերագիտական ճամբարին: Ճամբարի կրթաթոշակը 12 սովորողի համար տրամադրում է ճամբարի ղեկավարությունը:
Իզմիրի տիեզերագիտական ճամբար  2019-ը ղեկավարել ենք ես և Վարդուհի Հայրյանը: Հրավերը ստանալուց անմիջապես հետո սկսել ենք խումբը ձևավորելու աշխատանքը: Նախորդ տարիների աշխատանքը, մասնակցությունը, մասնակից սովորողների արձագանքներն արդեն ստեղծել են որոշակի հեղինակություն, ինչն էլ հեշտացնում է խմբի ձևավորման աշխատանքները: Շատերի համար սա նաև անգլերեն խոսակացական լեզուն զարգացնելու լավ հնարավորություն է:

Ճամբարին հայտարարությունը տեղադրվել է կայքում, ենթակայքում, ուղարկվել սովորողների էլ. փոստերին: Կարգի համաձայն մասնակցել ցանկացող սովորողները ներկայացրել են անգլերեն լեզվով մոտիվացիոն շարադրություն, թե ինչու են ցանկանում մասնակցել ճամբարին: Չնայած նրան, որ նախապես դիմածները շատ էին, խումբը վերջին ամիսներին կրեց փոփոխություն, քանի որ որոշ դիմածներ փաստաթղթերի և այլ խնդիրների պատճառով չկարողացան մասնակցել: Ճամբարի ղեկավարությունը թույլ է տալիս մասնակցել նաև վճարման սկզբունքով: Այս տարի կրթահամալիրից մասնակցեց 13 սովորողի, մեկ սովորող վճարեց ճամբարի ուղեգրի համար, քանի որ ճամբարի կարգը թույլ չէր տալիս նույն ընտանիքից երկու երեխայի մասնակցություն նույն ուսումնական տարում: Մասնակիցների մոտիվացիոն շարադրությունները հրապարակվել են այստեղ:

Խմբի հետ պարապմունքները, պատրաստությունը սկսել ենք դեռ հունվար ամսվա նախագծային ճամբարի ընթացքում. սովորողները այցելել են աստղացուցարան, դիտել ուսումնական ֆիլմեր համաստեղությունների, մոլորակների մասին, ուսումնասիրել, գտել տեղեկություններ Իզմիր քաղաքի մասին:
Նախապատրաստական աշխատանքները շարունակվեցին հաջորդ ամիսների ընթացքում, հունիս-հուլիս ամիսներին գրեթե ամեն օր ենք աշխատել:




Նախապատրաստական աշխատանքները ներառում էին նաև մի շարք աշխատանքներ փաստաթղթերի հետ կապված, տոմսերի գնում, սովորողների անձնական փաստաթղթերի ստուգում, ճշտումներ, վիզայի և ապահովագրության հարցեր: Դե իսկ ճամբարի ղեկավարությունը  փաստաթղթերի ամբողջականության, սովորողների տվյալների(ներառյալ արյան կարգ, ծնողների թույլտվություններ մի շարք հարցերում) տեղեկատվության հարցում շատ խստապահանջ էր:
Մեկնելուց առաջ ունեցանք հանդիպում սովորողների և ծնողների հետ, որի ժամանակ ևս մեկ անգամ մանրամասն ներկայացվեց ճամբարի նախագիծը, մեկնելու և վերադառնալու ծրագիրը: Լուսինե Բուշը պատասխանեց ներկաներին հուզող բոլոր հարցերին:
Կրթական փոխանակումների նախագիծ, այցելություն Ստամբուլ: Գնալով ամրապնդվում են կրթահամալիրի և Պոլսի հայկական դպրոցների կապերը: Այս տարի ծանոթացանք և նախագծային մի շարք հանդիպումներ ունեցանք Պոլսի Բոմոնթի Մխիթարյան վարժարանի հետ: Նրանց՝ կրթահամալիր այցելության ժամանակ, պայմանավորվեցինք Իզմիր մեկնելուց առաջ հանդիպել Ստամբուլում: Վարժարանի տնօրեն պարոն Գարեգինը մեծ սիրով համաձայնվեց: Իրենց հետ հանդիպում ունեցանք երկու օր՝ Ստամբուլից Իզմիր մեկնելիս և Երևան վերադառնալիս: Այս հանդիպումներն օգնեցինք, որ ճանաչենք Պոլիս քաղաքը, պոլսահայերին , իրենց սովորությունները, ծանոթանանք մյուս ուսուցիչների հետ, հանդիպենք արդեն ծանոթ ուսուցիչներին և սովորողներին: Կրթական փոխանակումների ծրագիրը տե՛ս այստեղ, իսկ Ստամբուլում անցկացրած օրերի մասին՝ սովորողների և դասավանդողների պատումներում:

Իզմիրում մեզ սպասում էին ճամբարի պատասխանատուները: Ճամբարային հինգ օրերը հագեցած էին, հետաքրքիր, բազմազբաղ ու ծանոթություններով լի: Մի քանի դիտարկումների ճամբարի վերաբերյալ.

  • Ճամբարը հրաշալի է կազմակերպված, յուրաքանչյուր մանրուք հաշվի է առնված, սակայն սովորողներն այդ հինգ օրերի ընթացքում լինում են միայն ճամբարի տարածքում, Իզմիր քաղաքին ծանոթանալու, շրջելու, տեսնելու հնարավորություն չունեն: 
  • Իրականում ճամբարի առօրյան այնքան հետաքրքիր է, որ սովորողներից շատերը դուրս գալու ցանկություն չեն էլ ունենում: 
  • Ճամբարը լավ հնարավորություն է խոսակցական անգլերենը զարգացնելու, ընկերներ ձեռք բերելու համար. գրեթե բոլոր ծնողները սա դիտում են որպես առավելություն: 
  • Սովորողների համար հետաքրքիր էր տարբեր մշակույթի կրող այլազգի սովորողների հետ շփվելը, ծանոթանալը, ընկերանալը. այսպիսով հաղթահարվեցին հաղորդակցման մի շարք բարդույթներ: Պետք է նշել, որ միայն պարապմունքների ընթացքում չէին շփվում, այլ նաև կիսում էին առօրյան՝ ուտելը, քնելը, խաղալը և այլն: 
  • Ճամբարն ունի հստակ ուղղվածություն, որից եզրակացվում է, որ կմասնակցեն միայն տիեզերագիտությամբ հետաքրքրվող սովորողները, սակայն իրականում հակառակն էր, շատերն ուղղակի ցանկություն են հայտնում մասնակցել արտերկրյա ճամբարի, սակայն ճամբարից հետո սկսեցին հետաքրքրվել տիեզերագիտությամբ:
  • Սովորողներն Իզմիրում չշրջեցին, սակայն Ստամբուլում՝ Բոսֆորով նավարկելու ընթացքում, անընդհատ ցանկանում էին լողալ: Պոլսի վարժարանները, այդ թվում Մխիթարյան վարժարանը, ամառվա ընթացքում կազմակերպում են սովորողների համար ճամբար-հանգիստ Քնալե կղզում, որին պարոն Գարեգինի հավաստիացմամբ, կարող են մասնակցել նաև մեր սովորողները: Հաջորդ անգամ ճամբարը կարող է կազմակերպվել մի քանի օր ավել, և սովորողները հնարավորություն կունենան լինել նաև Քնալե կղզում: 

Ճամբարը ամեն օր լուսաբանվել է.


Մասնակից սովորողները ներկայացնում են իրեն տպավորությունները ճամբարից, պատմում են նաև Ստամբուլ քաղաքի, այցելած թանգարանների մասին: Հաշվետու պատումները ստորև.


  1. Արփինե Խաչատրյան
  2. Շուշան Պետրոսյան 
  3. Մարինե Ղանդիլյան
  4. Պարույր Հակոբյան
  5. Իսպիրյան Դավիթ
  6. Իսպիրյան Շահեն
  7. Մարիամ Ժամկոչյան
  8. Սուքիասյան Սարգիս
  9. Վիգեն Հովակիմյան
  10. Արթուր Թադևոսյան
  11. Ասատրյան Նանե
  12. Արեգ Նշանյան
  13. Հայկ Պետրոսյան

Комментариев нет:

Отправить комментарий