понедельник, 19 мая 2014 г.

Հեքիաթ

Լինում է, չի լինում, մի շահ է լինում: Մի անգամ այս շահը իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է ՝ մի ծերունի ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն  ու զարմացած հարցնում.
-Ով ալևոր, այդ ինչով ես զբաղված այս շոգ կեսօրին:  Հանգստանալուդ ժամանակը վաղուց հասել է, իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե՞ս մինչև այս  ծառը պտուղ տա: 
-Ո՜վ ամենակարող տեր, չէ՞ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: բայց էլի ապրելու հույս ունեմ մնիչև այն օրը, որ ծառն սկսի պտուղ տալ: 
Շահին դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով լի քսակ է տալիս:
-Ա՛յ, տեսնում ես՝ ծառն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:

среда, 14 мая 2014 г.

Իմ ստեղծագործությունը. շարունակական աշխատանք

Երևի նորություն չի լինի, եթե ասեմ, որ ուսուցման մեջ կարևորը սովորողին ստեղծագործ միտք տալն է, ստեղծագործելուն մղելն է: Ստեղծագործել պետք է սկսել առաջին քայլերից: Պետք է հաշվի առնել սովորողների առանձնահատկությունները, որոշ սովորողները արագ են մտածում, ոմանք դանդաղ, որոշները սիրում եմ տրված երևույթի մասին մանրամասն պատմել, ոմանք բավականում են մի քանի նախադասությամբ: Պետք է այս ամենը հաշվի առնել և զինվել համբերությամբ: Միգուցե սովորողի ասածը, հորինածը անիմաստություն թվա, բայց  ուսուցիչը պետք է մեղմ վարվի, պետք է ոգևորի և խթանի սովորողի ստեղծագործական վերլուծական մտածողությունը:

среда, 7 мая 2014 г.

Այդ ոչինչը ես եմ

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:
Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.
-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:
-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, - անվրդով պատասխանում է դերվիշը:
Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.
-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:
-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:
-Այո՛:

вторник, 29 апреля 2014 г.

Ընթերցանություն . ուսումնական նախագիծ

Երկնագույն նետի ճանապարհորդությունը
Հեղինակ Ջաննի Ռոդարի
Հարցեր և առաջադրանքներ /6-րդ դասարան/
Գլուխ առաջին
1. Բնոթագրիր Ֆեյային:
2. Ինչ էր ասում իր մասին Ֆեյան,  համառոտ պատմիր:
3. Բացատրիր էշին շաքար ուտեցնել դարձվածքը:
4.Ինչ կարծիք ուներ աղախնի մասին Ֆեյան:
5. Ինչով էր զբաղվում Ֆեյան:

понедельник, 21 апреля 2014 г.

Երեք բառ, երեք հարց

Ժամանակով մի աղաքտ մարդ ու կին են լինում: Ավելի աղքատ չի էլ լինում: Խրճիթը, որտեղ ապրում էին,  համարյա փլվել էր, իսկ տանիքը փուլ էր գալիս նրանց գլխին:
-Էլ ուժ չկա այսպես ապրելու,-ասաց գյուղացին իր կնոջը,-գնամ ուրիշ գյուղ՝ աշխատանք գտնելու:
Մի գետի ափին նա հանդիպեց ձկնորսի:
-Վերցրու՛ ինձ քեզ մոտ աշխատանքի, բարի՛ մարդ, կծառայեմ քեզ հավատարիմ և ազնիվ,-խնդրեց աղքատը:
-Կվերցնեմ,-համաձայնվեց ձկնորսը,- տարվա վերջին կվարձատրեմ քեզ, կտամ մի կով, որը բոլորովին սովորական չէ. օրը հինգ անգամ կաթ է տալիս, իսկ երկու շաբաթը մեկ՝ հորթ:
Ծառայում է աղքատը հավատարիմ ու ազնիվ, ձկնորսի հետ կարթ է գցում, խոզերին արածացնում, խաղողի որթը մշակում, բանջարանոցն է ջրում: Այսպես անցավ մեկ տարի:

воскресенье, 20 апреля 2014 г.

Խիզախը կամ Աներկյուղը /վերլուծություն/

Պատմությունը մի մարդու մասին է, որը ոչ մի բանից չէր վախենում:  Նա որոշում է փնտրել և գտնել վախ, ուզում է զգալ վախը:
Ինձ դուր եկավ այն հատվածը, որտեղ աներկյուղ տղան հալվա է պատրաստում գերեզմանոցում, իսկ ավազակների գլխավորը իրեն ուրվականի տեղ դրած հալվա է խնդրում: 
Իմ կարծիքով աներկյուղ մարդ չի լինում, որովհետև ամեն մարդ ինչ-որ բանից վախենում է, նույնիսկ ես:
Գևորգ Հովհաննիսյան

Բոլորն էլ վախենում են: Հարուստները վախենում են կորցնել իրենց ունեցվածքը, իսկ աղքատը ոչնչից չի վախենում, քանի որ ոչինչ չունի կորցնելու:  Մարդուն պետք է իր արած գործերի համար գնահատեն, ոչ թե փուչ խոսքերի: Պետք չէ մարդկանց թերագնահատել, վիրավորել այն բանի համար , որ նման չէ մյուսներին, պետք է նրան ընդունել այնպիսին, ինչպիսին կա:
 Էդմոնդ Պապիկյան

,,Խիզախը կամ Աներկյուղը,, հեքիաթի տղային համարում էին գիժ կամ հիմար, բայց նա իրականում շատ խելացի տղա էր, բայց հիմար բաներ էր խոսում: Տղան ոչնչից չէր վախենում ու ասում էր այդ մասին, բայց մարդիկ չէին հասկանում նրա, չէին ընդունում նրան ինչպիսին կա:
Ալեքս Մանուկյան

Այս հեքիաթը ինձ դուր չեկավ, քանի որ անիմաստ էր: Թեկուզ քիչ էր, բայց մի կերպ կարդացի: Ես վախենում եմ մենակությունից և սագերի ու համոզված եմ, որ այս աշխարհում աներկյուղ մարդ չկա: Ճիշտ է, մարդ պետք  է լինի խիզախ, բայց միայն խիզախ մարդ չի լինում, բոլորն էլ ինչ-որ բանից վախենում են: Իմ կարծիքով վախը մի բան է, որ քեզ կհետևի ամբողջ կյանքում, բայց եթե շատ ցանկանաս, կարող ես նրանից ազատվել:  Օրինակ՝ ես վախենում էի մթությունից, բայց կարողացա հաղթահարել, հիմա ես սկսել եմ շատ սիրել մթությունը:
Այս հեքիաթի մեջ կային իմաստուն խոսքեր, կային նաև անհետաքրքիր ու անիմաստ մասեր: Կարծում եմ, որ պետք չէ գլուխ գովալ:
Մեզանից այն մարդիկն են վախենում, որոնք մի բան ունեն և գիտեն, որ այն բանը մենք պիտի խլենք նրանցից ու զրկենք նրանց՝ իրանց ունեցածից, իրանց սիրած բանից։ Իսկ դու, որովհետև ոչինչ չունես և զուրկ ես նույնիսկ Աստուծո տված խելքից, իհարկե որ չես վախենալ։​ 

Ես համամիտ եմ այս տողերի հետ, եթե կորցնելու ոչինչ չունենայի, ոչնչից էլ չէի վախենա: Բայց նույնիսկ ոչինչ չունեցող մարդը կարող է վախենալ, քանի որ եթե խլել ոչինչ չեն կարող, ապա կարող են ծեծել:

«Շատ էլ որ ասեմ, թե՝ ես իմաստուն եմ, ո՞վ կհավատա»,― մտածում էր Աներկյուղը. «Լավն այն է, որ գործով ցույց տամ, թե՝ ես հիմար չեմ, իսկ քանի որ գործ չկա, խոսքը նշանակություն ունենալ չի կարող»։
  Այս տողերից գալիս եմ այն եզրակացության, որ մարդ պետք է իր կարծիքը արտահայտի, եթե դու քո կարծիքը չասես ուրիշները քեզ խելագար կհամարեն:

Այսպես են լինում առհասարակ բոլոր կարգե դուրս մարդիկը։ Նրանք որովհետև նման չեն լինում բոլոր մյուսներին, այդ պատճառով գիժ են համարվում։ Բայց հետո, երբ այդ գիժ համարվածները դառնում են նշանավոր և երևելի մարդիկ, ամբոխը զարմանում է, թե ինչպե՛ս նրա պես գիժ տղան խելոք մարդ դառավ։  Այս տողերի հետ միանգամայն համաձայն եմ, քանի որ ինքս ճանաչում եմ նման մարդկանց:

Մարիա Պախուցկայա

Բոլորն էլ վախենում են , բայց Խիզախը երկյուղ չուներ: Իմ կարծիքով ամենամեծ վախը մոտիկներին կորցնելն է:
Պետք է նախ գործ անել, հետո խոսել: Քանի ոչինչ չես արել, պետք չէ մեծ-մեծ խոսել:
Հարություն Չրաղյան


Եղբոր օգնությունը

Գյուղում երկու եղբայր էին ապրում: Ավագ եղբայրն ամուսնացավ և գնաց ծնողների հետ ապրելու, իսկ փոքրը սկսեց ապրել գյուղի ծայրում: Երկուսի կյանքն էլ հեշտ չէր, ամբողջ օրը աշխատում էին, բայց հարուստ չէին:
Պարզվեց, որ տարին հեշտ չի լինելու: Փոքր եղբայրը մտածեց.<<Իմ եղբոր համար շատ դժվար է, կին, երեխաներ, ծնողները, բոլորը նրա հույսին են: Լավ կլինի իմ պահեստից խրձեր տանեմ նրա համար>>: Ասաց ու գնաց:  Մութ ճանապարհին հանդիպեց մարդու, ով նույնպես խրձեր էր բերում: Մտածածն իրագործելուց հետո վերադարձավ տուն և զարմացավ. իր քսան խրձերը տեղում էին:

понедельник, 14 апреля 2014 г.

Սահյան /բանաստեղծություններ/

Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
1.Նկարագրիր մայրամուտը:
2.Օրվա որ պահն ես սիրում, ինչո՞ւ:

воскресенье, 6 апреля 2014 г.

Թագավորը և նրա ծառան

Մի ժամանակ ապրում էր մի թագավոր: Ապրում էր նա անհոգ, չէր ծանրաբեռնում իրեն գործերով, ամեն օր խնջույք էր անում և ուրախանում: Թագավորն ուներ խելացի ծառա: Զարմանում էր նա թագավորի անհոգության վրա:
            Չհամբերեց և մի անգամ նախատեց արքային.
- Քո ձեռքերում է ժողովրդի կյանքը, թագավո՛ր, բայց դու չես մտածում պետության գործերի մասին,  չես  հոգում հպատակներիդ կարիքները: Միայն խնջույք ես անում և զվարճանում:
Թագավորը բարկացավ և ցանկացավ մահապատժի ենթարկել հանդուգն ծառային, բայց մտափոխվեց:
            - Եթե դու այնքան խելացի ես, որ փորձում ես ինձ խրատել, պատասխանի՛ր երեք հարցի: Կպատասխանես, կներեմ քո հանդգնությունը, իսկ եթե ոչ` կթռնի քո խելացի գլուխը: Ասա՛, կարելի է արդյոք խմել ծովը, ինչքա՞ն ժամանակում պետք է գնալ արևելքից արևմուտք, և ինչքա՞ն ես կարժենամ:

Անտեսանելի Տոնինոյի արկածները /առցանց քննարկում/

Սիրելի՛ սովորողներ, քննարկում ենք Ջաննի Ռոդարիի «Անտեսանելի Տոնինոյի արկածները» հեքիաթ-վիպակը: Կարծիքների բաժնում գրեք ձեր կարծիքը հեքիաթի մասին, բնութագրեք և նկարագրեք հերոսներին: Հեքիաթը կարող եք կարդալ այստեղ:   Պատասխանեք նաև այս հարցերին:
Ա. Ստեղծագործության ո՞ր հատվածն է ամենահետաքրքիրը /համառոտ պատմի՛ր և հիմնավորիր քո ընտրությունը/:
Բ. Բնութագրի՛ր և նկարագրի՛ր Պաոլային:

Անարդար դատավորը

Դատավորի մոտ եկան երկուսը և խնդրեցին դատավճիռ կայացնել: Հայցվորը դատավորի համար մի մեծ կճուճ յուղ էր բերել, իսկ պատասխանողը` վարազ, որին կապել էր բակում:  Դատավորը լսեց երկու կողմերին էլ և արադրացրեց պատասխանողին: 
Պատասխանողը բարկացավ, նույն օրը հայտնվեց դատավորի տանը և ասաց.
-Ինչ անխիղճն ես, մի՞թե կճուճով յուղը  հակառակորդիս արդարացնելու համար էի բերել: 
-Ի՜նչ արած,- հոգոց հանեց դատավորը,- նրա վարազը կոտրեց քո կճուճը:

Ռուսերենից թարգմանեց Տաթև Ղազարյանը
Ղեկավար՝ Տաթև Աբրահամյան

Քո փողերը չեն կորել

Աղքատը հարուստ հարևանից պարտք վերցրեց, իսկ վերադարձնել պարտքը ոչ մի կերպ չէր կարողանում: Հարուստ հարևանը գնում է աղքատի մոտ, պահանջում է իր փողերը: Դա ձանձրացրեց աղքատի կնոջը, և նա ասաց ամուսնուն.
-Դու թաքնվիր, ես ինքս կդիմավորեմ հարևանին:
 Հարուստ նորից գալիս է  իր փողերի հետևից:
-Տանտերը տանը չէ, քեզ ի՞նչ է հարկավոր, բարի՛ մարդ,-ասում է կինը:
-Ո՞ւր է նա: Ե՞րբ կվերադարձնի իմ պարտքը:
-Նա հենց դրա համար էլ գնացել է: Կգնի սերմեր, կբերի, կցանի մամուխ, կաճեն փշոտ թփեր, կողքից կանցնի բամբակով բարձված քարավան, փշերին կկպչեն բամբակի կտորներ, իմ ամուսինը կհավաքի բամբակը, կվաճառի ու կվերադարձնի քո պարտքը:
Հարուստը ծիծաղեց, իսկ կինը վիրավորվեց և ասաց.
-Քեզ համար լավ է, քո փողերը չեն կորել:

Ռուսերենից թարգմանեց Ալեքս Մանուկյանը
Ղեկավար՝ Տաթև Աբրահամյան

воскресенье, 30 марта 2014 г.

Իմաստունի կարծիքը

Մի երկրում հայտնվեց իմաստուն մի մարդ և սկսեց բոլորին խելք սովորեցնել: Շատերը սկսեցին փնփնթալ.
-Հայտնվեց չհրավիրված հյուրի պես, բոլորին խելք է սովորեցնում, իսկ մենք ինքներս էլ հիմար չենք:
Եվ պայմանավորվեցին ազատվել իմաստունից: Քաղաքի մարդկանցից մեկը վերցրեց մի գառնուկ և տարավ շուկա, որ վաճառի:  Ինչպես  պայմանավորվել էին, երկրորդը մոտենում է որպես գնորդ  և ասում.
-Ի՞նչ ոչխար, սա սովորական շուն է:
Վեճ է առաջանում, և նրանք դիմում են իմաստունին:

Աղայանական օրեր /նախագիծ/

Ղազարոս Աղայան                                                                                                                                                             նախագիծ
Նախագծի տևողությունը՝   ապրիլի 1-14:
Նախագիծը նախատեսված է 4- 5-6-րդ դասարանների համար:
Նախագծի նպատակն է ուսումնասիրել Աղայանի   կյանքը և ստեղծագործությունը, կազմել մեդիափաթեթ:
Սովորողի մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:
Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:   
Ֆիլմերի և մեդիափաթեթների պատրաստում:

вторник, 25 марта 2014 г.

Մեն-մենակ թափառող կատուն

Լսի՛ր, հետևի՛ր, ականջ արա, իմ Սիրելի՛ Փոքրիկ, քանի որ սա եղել, կատարվել, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ձեռնասուն կենդանիները դեռևս անընտել էին: Վայրի էր և՛ Շունը, վայրի էր և՛ Ձին, վայրի էր և՛ Կովը, վայրի էր և՛ Ոչխարը, իսկ Խոզը վայրի էր որքան կարող էր, և նրանք մեն-մենակ, վայրի-վայրի թափառում էին Խոնավ, Վայրի անտառներում: Բայց բոլոր կենդանիներից ամենավայրին  Կատուն էր: Նա թափառում էր մեն-մենակ, և նրան շրջապատող բնությունն էլ իր նման վայրի էր:

суббота, 22 марта 2014 г.

Մայրենի լեզվի ծրագիր /4-րդ դասարան/

Մայրենի լեզվի ծրագիր /4-րդ դասարան/
Ժամաքանակը՝  շաբաթական  6 ժամ, տարեկան 216 ժամ:
Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական նախագծերով:
Սովորողները դպրոց են գալիս անձնական նոթբուք-նեթբուքով:


4-րդ դասարանում մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են
  1. Սովորողի գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  2.  Ինքնարտահայտման կարողության պահպանում և զարգացում
  3. Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  4. Իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտության զարգացում:
  5. Գրագիտության ուսուցում, անսխալ ու վարժ գրելու, կարդալու կարողությունների պահպանում, զարգացում:
  6. Բառապաշարի հասրտացում:
  7. Բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու  հմտության ձևավորում, զարգացում:
  8. Բառապաշարի հարստացում:


суббота, 8 марта 2014 г.

Բանաստեղծություններ /Եղիշե Չարենց/


Ոսկեփրփուր, ոսկեպուրպուր,
Փռեմ չորս դին, թափեմ բուռ-բուռ,
Երգերը իմ հրահրան.
Երգով խնդամ թող բոլորին,
Որ մեռնելիս զգամ, որ իմ
Օրերն անցան ու չկորան։


Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …