Առաջին մաս
«Երեխե՛ք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք ինչպես մեկնվել է, և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ՝ շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, Աստուծո ողորմությունը չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»։
Այս խոսքն ասողը Գյուլնազ տատն էր, որի անունը դուք, իմ փոքրիկ ընթերցողներ, պետք է որ լսած լինիք։ Լուսահոգին ամեն բան գիտցող մի պառավ էր և շատ երեխայասեր։ Օրը ցերեկով բոլոր երեխեքս հավաքվել էինք մոտը, հոգնած լինելով շատ խաղալուց, որ տատիկը մի բան պատմի մեզ, որ մենք հա՛մ լսենք, հա՛մ հանգստանանք։
Դուրսը, կանաչ խոտի վրա, մի տանձենու շվաքում էինք նստոտել։ Եղանակը գարնանային էր։
– Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից Աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա Աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած՝ սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը, ամեն մի քարփիչը ուրիշ-ուրիշ աշխարհք է գցել…
– Ո՜ւհ, ինչքա՜ն բարձր է եղել այդ աշտարակը, որ ծայրը մինչև երկինք է հասել,– բացականչեց երեխաներից մեկը։