Ուսումնական չորրորդ շրջանի առանձնահատկությունը հունիսյան ճամբարն է՝ սովորողների ամենասիրելի շրջանը։ Արդեն մի քանի տարի ճաբարային խմբերը բաժանվում են ըստ սովորողների ընտրության, որը հնարավորություն է տալիս սովորողին ընտրել այն նախագիծը, որը ավելի մոտ է կամ համապատասխանում է իր հետաքրքրություններին։
Իմ ճամբարային նախագծերը միշտ երկու ուղղվածություն ունեն՝ ճամբարային ընդհանուր գործունեություններ և սովորողների հետ քննարկած-լրացրած նախագծեր։
Ազգագրական նախագիծ՝ հունիսյան ազգային հարսանիք։ Քանի որ պատրաստվում էինք հունիսի 17-ին կայանալիք իսկական ազգագրական հարսանիքին, որոշեցինք ուսումնասիրել հարսանեկան ավանդույթներ, տեսնել, թե ինչքանով են պահպանվել ավանդույթները , և ծեսը տարիների ընթացքում ինչ փոփոխություններ է կրել։ Համցանցում բավական նյութ կա, իհարկե, չդասակարգված, լավ փնտրելու, հետազոտելու համար բավական է։ Որոշ ավանդույթներ ժամանակակից սովորողին շատ տարօրինակ և ծիծաղելի թվաց, սակայն հետաքրքիր տեսանյութ կարողացանք նկարել ։ Տեսանյութը՝
այստեղ։
Ճամբարային քվեստ։ Սովորողների համար ճամբարային շրջանը նաև հետաքրքիր խաղեր խաղալու շրջանն է։ Իհարկե, խաղերը, որոնք ընտրում ենք, զարգացնում են տրամաբանությունը, մտածելու, վերլուծելու կարողությունները, հավես են , հետաքրքիր պահեր են ստեղծում։ Այսպես այս անգամ սովորողների հետ կազմակերպեցինք քվեստ։ Ժամանակակից աշխարհում քվեստները նորաձև են և գնալով ընդգրկում են նորանոր ոլորոտներ, թույլ են տալիս ընտրել նաև կոնկրետ թեմա և ստեղծել ինտրիգային միջավայր։ Ընտրված թեման ,,Հարի Փոթեր,, վիպաշարն էր, սակայն հարցերը և հանելուկները բազմաբնույթ էին և ընդգրկում էին տարբեր ոլորոտներ։ Յուրաքանչյուր օրվա համար տեղադրվում էր մեկ հանելուկ, իսկ ամփոփեցինք լեզվական և ընթերցողական ինտելեկտուալ խաղով։
Մարզական ընդմիջումներ։ Յուրաքանչյուր օր մարզական ընդմիջումներ ենք ունեցել, որոնք օգնում էին ճամբարի ընթացքում հավեսը չկորցնել, ավելի շատ լինել դրսում, պահպանել լավ տրամադրությունը , դե իսկ կրթահամալիրի բաց մարզադաշտերը միշտ բաց են մարզասերների համար։ Այս ընթացքում հասցրեցինք վերհիշել նաև բակային խաղերը։
Հեծանվավարություն։ Ի զարմանս ինձ՝ ճամբարային իմ ջոկատը շատ լավ տիրապետում էր հեծանվային հմտություններին։ Բազմազբաղ ճամբարային առօրյայում հասցրեցինք նաև հեծանվավարությամբ զբաղվել։
Ճամփորդում ենք։ Հերթական անգամ ,,Քայլենք մեր գյուղերում,, նախագծով բացահայտեցինք Հայաստանի գողտրիկ անկյուններից ևս մեկը՝ Ալափարս գյուղը։
Ճամփորդական տպավորություններն ավելի մանրամասն՝ այստեղ։
Ճամբարային խոհանոց։ Այս անգամ փորձեցինք նոր բաղադրատոմսեր ուսումնասիրել և նոր ճաշատեսակով հանդես գալ։ Խոհանոցային գործունեությունը հնարավորություն է տալիս ճամբարականին ներառվել կենցաղայաին հետաքրքիր աշխատանքում, որը վստահաբար կյանքի փորձ է ձևավորում՝ ստեղծելով օգտակար գիտելիքներ։ Աշխատանքն առավել հաճելի է, երբ ծնողը հանդես է գալիս, որ ուսումնական գործի կազմակերպիչ՝ կիսելով իր փորձը։ Լինայի մայրիկ Անուշի հետ պատրաստեցինք երկգույն թխվածքաբլիթ, իսկ սովորողների նախաձեռնությամբ հավի մսով ռուլետ։ Երկուսն էլ շատ համեղ ստացվեցին, ավելացնեմ, որ ամբողջ ընթացքը՝ նայել բաղադրատոմսը, համապատասխան գնումներ կատարել, նայել գնածի որակը, ժամկետը, պատրաստել՝ ըստ բաղադրատոմսի և հավելումներ անելով, պատրաստելուց հետո հավաքել -մաքրել տարածքը, հյուրասիրել , իրականացվել է միայն սովորողների նախաձեռնությամբ։
Ճամբարային լող։ Ճամբարի ամենահավեսը լողն է, էլ ի՜նչ ճամբար առանց լող։ Ինչպես հայտնի է, Միջին դպրոցի չունի իր լողավազանը, ի տարբերություն կրտսեր դպրոցների, սակայն շատ արագ ագարակում տեղադրվեց բացօթյա լողավազան, իսկ մեր ջոկատը եղավ առաջին լողացողներից մեկը։ Ագարակի բաց և տրամադրող կանաչ միջավայրն ամբողջացավ բաց լողավազանով և լցվեց հրճվանքով լողող ճամբարականների ճիչով։
Երկշաբաթյա ճամբարն ամփոփեցինք եռօրյա հայրենագիտական ճամփորդությամբ դեպի Ջերմուկ։ Սովորողներից շատերն առաջին անգամ էին Ջերմուկում, և սա հնարավորություն էր ճանաչելու հայրենիքի չքնաղ անկյուններից մեկը։ Հաշվետվությունը՝ այստեղ։
Սովորողների հաշվետվություններից․