Պատերազմը մեզ
էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։
Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր
զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ
վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։ Միսս Գամման ասաց, որ
մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ
էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն
Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի
լացը։ Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում
քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։
Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվել էր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։ Լուսիթանիան մի նավ էր, որի մասին
երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի: Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները
հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ
Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ
ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։
Նա Գերմանիան էր։ Չարլին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն
է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն
էր։