пятница, 1 августа 2025 г.

Լողափնյա վրանային ճամբար Արտանիշում


Ամառային արձակուրդի ընթացքում ամենահրաշալի գործունեությունը շարունակական ճամբարներն են, որոնք հնարավորություն են տալիս և՛ լավ ժամանակ անցկացնել , և՛ ուսումնական աշխատանք կատարել։ 
Այս հուլիս սովորողների մի խմբով մասնակցեցինք Արտանիշի վրանային ճամբարին, որի գործունեությունը ներառում է՝
  • հայրենագիտություն, 
  • ամենօրյա լող, 
  • ինքնակազմակերպում՝ սնունդ, առօրյա, 
  • քայլք, բարձունքի հաղթահարում, 
  • մարզական և ինտելեկտուալ խաղեր։ 
Մեր 20 հոգանոց խումբը ճանապարհ ընկավ առավոտյան 08:00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Ինչպես նախատեսել էինք, կանգառ ունեցանք Հրազդան գետի ակունքում՝ Սևանա լճի մոտ, մասնակից սովորողները տեսան, թե Սևանի որ հատվածից է սկիզբ առնում Հրազդան գետը, խոսեցինք Հրազդան գետի մասին, նշեցինք տեղեկություններ, առանձնահատկություններ, անդրադարձանք ,,Գետը համայնքում,, նախագծին։ 
Երկրորդ կանգառը Սևանավանքում էր, որը գտնվում է բարձունքի վրա, իսկ բարձունքից նայելիս բացվում է մեծ ու գեղեցիկ համայնապատկեր, տեսանելի է Սևանն իր ամբողջ գեղեցկությամբ։ Այս կանգառում խոսեցինք եկեղեցի և վանական համալիր երևույթների տարբերությունների ու առանձնահատկությունների մասին, Սևանավանքի կառուցման մասին, դիտեցինք և ուսումնասիրեցինք վանքում առկա ,,Ամենափրկիչ,, խաչքարը՝ Քրիստոսի դիմապատկերով։ 
Օրվա վերջին կանգառը Ժայռաբեկորի մոտ էր, որից ևս գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սևանա լիճ։ Այս կետը շատ հարմար է վայելելու, դիտելու, լուսանկարվելու համար։ Բաց հատվածը թույլ է տալիս  կանգնել, ընդմիջել, հանգստանալ։
Արդեն Արտանիշի վրանատեղիում ենք, մեզ սպասում էր Արևմտյան դպրոցի խումբը, որոնցից էլ ընդունեցինք հերթափոխը։  Մեր գործունեությունը սկսելուց առաջ ճամբարականներին ծանոթացրինք անվտանգության և տարածից օգտվելու կանոններին, ճամբարի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները փոխանցեցինք ևս մեկ անգամ։ 
Լող ։ Ամենօրյա գործունեության գլխավոր մասը եղել է լող, օրը երկու, նույնիսկ երեք անգամ։ Սա հնարավորություն տվեց սովորողներին զարգացնել լողալու հմտությունները, վերհիշել, լավ ժամանակ անցկացնել և մարզվել։ Պարապմունքներն ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպեցինք լողի մարզումներ, մրցույթներ, ջրային և լողափնյա խաղեր։ 
Ինքնակազմակերպում։ Ճամբարային գործունեությունը նախատեսում է առօրյա -կենցաղային աշխատանքներում մասնակցություն, ինքնասպասարկում։ Ճամբարականների միջոցով կազմակերպել ենք վրանատեղիի և ափի մաքրումը, սննդի պատրաստումը, խարույկի համար փայտերի հավաքում և այլ առօրյա աշխատանքներ։ Ինքնասպասարկման այս ձևը հնարավորություն է տալիս փորձ և հմտություններ ձեռք բերել կենցաղային հարցերում։ 
Բարձունքի հաղթահարում։ Ճամբարային ծրագրի համաձայն հաղթահարեցինք Արտանիշի բարձունքը։  Առավոտյան 06:30 խումբը ճանապարհ ընկավ դեպի բարձունք՝ բլուր առ բլուր հաղթահարելով։ Նմանատիպ նախագծերը օգնում են բարելավել սովորողների մարզական վիճակը, ձևավորում են սերը հայրենիքի նկատմամբ, ճանաչումը։ 
Արտանիշի վրանային ճամբարը համարում են ստացված և շատ կարևոր, քանի որ հնարավորություն տվեց սովորողներին ձեռք բերել վերոնշյալ հմտությունները, իրականացնել ուսումնական-հայրենագիտական-մարզական գործունեություն։ 
Մեր եռօրյա ճամբարն ամփոփեցինք Վարդավառի ծեսով, կապուտակ Սևանի ափին մի լավ ջրոցի խաղացինք՝ իրագործելով ծեսի խորհուրդը։ 
Լուսանկարաներ՝

















Комментариев нет:

Отправить комментарий